Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

«Որ վաղը Պուտինը հարցնի՝ Նիկոլ Վովաեւիչ, ինչո՞ւ եք Բրյուսովի համալսարանը փակել, ի՞նչ եք պատասխանելու»․ դասախոս

Հոկտեմբեր 19,2022 22:59

«Նախարարի պնդումները հիմարություն են, տգիտություն, հակահայկականություն։ Որեւէ մեկը չի ասում, թե Բրյուսովի համալսարանն ինչպիսի կազմակերպությունների հետ կապ ունի։ Քառասուն քաղաքների համալսարանների եւ կրթական հիմնարկների հետ հարաբերություններ ունենք։ 16 երկրի մասին է խոսքը»,-Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի գիտխորհրդի նիստում այսօր հայտարարեց ԲՊՀ ռուսաց լեզվի և մշակույթի կենտրոնի ղեկավար Միքայել Ամիրխանյանը։

Հիշեցնենք, որ Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանում այսօր կայացած գիտական խորհրդի ընդլայնված նիստում գնահատական  տրվեց հոկտեմբերի 14-ին ԲՊՀ-ին տրամադրված՝ Վ․ Բրյուսովի անվան պետական համալսարանը եւ Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պետական համալսարանը  Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական համալսարանին միացման ձեւով վերակազմակերպելու եւ Խաչատուր Աբովյանի անվան կրթական գիտությունների ինստիտուտ հիմնելու մասին ՀՀ կառավարության որոշման նախագծին։

Միքայել Ամիրխանյանը հարցադրում արեց․ «Ի՞նչ պատասխանենք մեր ռուս գործընկերներին, երբ իմանան, որ մեր համալսարանը լիկվիդացնում են։ Նախարարը չի մտածո՞ւմ, որ մենք այլ երկրների հետ հարգանքի հարաբերություններում ենք ապրում։ Եթե չի մտածում, ուրեմն իր առաջարկը հիմարություն է։ Թող ազատվի դրանից։ Ես, օրինակ, անձամբ եմ կազմակերպել 19 միջազգային կոնֆերանս։ Դրանց շնորհիվ 19 հատոր ռուսական գրականություն է ուսումնասիրվել ՀՀ-ում, եւ նման բան երբեւէ չի եղել։ Եթե մեր համալսարանը չլիներ, ինչպե՞ս էր դա արվելու։ Ինչպե՞ս կարելի է ծաղկած ծառը չորացնել։

Осел останется ослом,

Хотя осыпь его звездами;

Где должно действовать умом,
Он только хлопает ушами

…իմ խոսքերը չեն, Դերժավինի խոսքերն են։ Մեզանից ո՞վ է կարծիք հարցրել, ո՞վ է թույլ տվել։ Սա մեր համալսարանն է, առանց մեզ են հարց լուծո՞ւմ։ Որ վաղը Պուտինը Փաշինյանին հարցնի՝ Նիկոլ Վովաեւիչ, ինչո՞ւ եք Բրյուսովի համալսարանը փակել, ո՞վ է այդ․․․ի՞նչ պետք է պատասխանեն։ Ինձ տեղեկացրին, որ երբ նախարարը հեռուստատեսությամբ տեսել է իմ անդուր դեմքը, հարցրել է, թե սա ո՞վ է»։

Ապա Ամիրխանյանը ցույց տվեց մի աշխատություն, որն ինքն է հեղինակել․ «Սա ռուսական պոեզիայի աղոթարանն է։ Ռուս գործընկերներին ի՞նչ ենք պատասխանելու, ինչո՞ւ ենք փակում Բրյուսովը։ Ինձ հանդիպեցրեք նախարարի հետ, ուրիշ բան չեմ ուզում»։

ԲՊՀ ռեկտոր Կարինե Հարությունյանն էլ թարմացրեց Ամիրխանյանի հայտնած թվերը՝ ասելով, որ համալսարանը համագործակցում է 30 երկրի 120-ից ավելի համալսարանների հետ, այդ թվում՝ Սորբոնի համալսարանի, Մոսկվայի լեզուների համալսարանի,  Պեկինի լեզուների համալսարանի․ «Մեր ուսանողներն այդ համալսարանների հետ մասնակցում են ծրագրերի, դասախոսները փոխանակվում են»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31