Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

Գյումրին՝ աշխարհի զբոսաշրջային քարտեզի վրա․ Եվրամիության նոր ծրագիրը

Հոկտեմբեր 26,2022 22:45

ՀՀ-ում Եվրամիության դեսպան Անդրեա Վիկտորինն այսօր Գյումրիում քաղաքային իշխանության ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ ազդարարեց Եվրամիության կողմից ֆինանսավորվող մի նոր ծրագրի մասին։

Այն, ըստ էության, նպաստելու է քաղաքի տնտեսական զարգացմանը, քաղաքի պատմական միջավայրի արդիականացմանը, զբոսաշրջային ենթակառուցվածքների զարգացմանն ու մշակութային կառույցների վերազինմանը։

Ծրագիրը կոչվում է «Համայնքի ղեկավարները հանուն տնտեսական զարգացման», հայտարարվել էր մրցույթ, որին մասնակցել էին 16 համայնքներ։ Հաղթող էին ճանաչվել Գյումրին և Կապանը։ Ծրագիրն իրականացվում է ՄԶԾ-ի՝ ՄԱԿ-ի զարգացման ծրագրի կողմից։

Դեսպանը նախ նշեց, որ Գյումրին իր սիրած քաղաքներից է։  Լրագրողների հետ զրույցում  ասաց, որ ծրագրի բյուջեի մասին դեռ վաղ է խոսելը, քանի որ այն քննարկում են։

Դեսպանը թվարկեց Գյումրու առավելությունները, որոնց շնորհիվ այս ծրագիրը իրականություն կդառնա։  Ըստ դեսպանի, Գյումրին պատմամշակութային ուրույն կենտրոն ունի, մշակութային քաղաք է, գեղանկարիչները շատ են։

Ծրագիրը իրականացվելու է նոր մեթոդոլոգիայով։

Ըստ Անդրեա Վիկտորինի, Գյումրին մեծ ներուժ ունի զբոսաշրջության զարգացման համար։ Այստեղ, ըստ նրա, պիտի զարգացել կայուն զբոսաշրջությունը, այլ ոչ թե քաղաքը լինի որոշակի փոքր խմբերի այցելության վայր։

«Այս քաղաքը  պիտի ունենա իր ուրույն տեղն աշխարհի զբոսաշրջային քարտեզի վրա, որտեղ միջոցառումներ կկազմակերպվեն, որտեղ այցելուները հստակ մշակված ծրագրով կկարողանան ներկայանալ և  Գյումրին կպահպանի և կայուն ձևով կշարունակի լինել ՀՀ մշակութային մայրաքաղաքը։

Եվ որպես անհրաժեշտ նախապայման՝ պիտի ընդգծել նոր աշխատատեղերի ստեղծումը, փոքր և միջին ձեռնարկությունների զարգացումն ու աջակցումը, ես դա կտեսնեմ որպես ծրագրի վերջնարդյունք»,-ասաց Եվրամիության դեսպանը։

Վերջինս նաև ասաց, որ այս ծրագրի շրջանակում նախաձեռնել են գործողություններ «Շիրակ» օդանավակայանի հնարավորությունները ընդլայնելու ուղղությամբ, որպեսզի ապահովեն ավելի շատ թռիչքներ դեպի Գյումրի, ու  այն կծառայի որպես  զբոսաշրջային կենտրոն։

Եվրամիության դեսպանն առաջարկեց նաև մշակութային ռազմավարություն ունենալ Գյումրիի համար։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31