Արցախից բռնի տեղահանված անձանց առջև առաջացած իրավական խնդիրները չեն սահմանափակվում միայն բնակության վայրի, աշխատանքի կամ սոցիալական աջակցության հարցերով։ Առանձնահատուկ խնդիր է նաև սեփականության իրավունքի պաշտպանությունը, հատկապես այն դեպքերում, երբ անձինք Արցախում թողել են իրենց տները, հողամասերը, կենցաղային գույքը կամ չեն կարողացել ավարտին հասցնել ժառանգական իրավունքների ձևակերպման գործընթացը։
Տեղահանման հետևանքով խաթարվել են ոչ միայն մարդկանց բնականոն կենսապայմանները, այլև գույքային և ժառանգական իրավահարաբերությունների իրականացման սովորական մեխանիզմները։ Մի իրավիճակում, երբ անձը չի կարողանում այցելել իր բնակության նախկին վայր, տնօրինել այնտեղ գտնվող գույքը կամ անհրաժեշտ փաստաթղթերը ձեռք բերել, առաջանում է հարց՝ ինչպե՞ս պետք է պաշտպանվեն նրա սեփականության և ժառանգական իրավունքները։ Այս խնդիրը հատկապես տեսանելի է դառնում ժառանգական իրավահարաբերություններում։
Ժառանգության ընդունումը՝ որպես իրավունքի իրացման նախապայման
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի համաձայն՝ ժառանգություն ձեռք բերելու համար ժառանգը պետք է ընդունի այն։ Օրենսդրությամբ նախատեսված է ժառանգության ընդունման երկու հիմնական եղանակ՝ ժառանգության բացման վայրի նոտարին համապատասխան դիմում ներկայացնելը կամ ժառանգական գույքի փաստացի տիրապետմանն ու կառավարմանը ձեռնամուխ լինելը։
Կարդացեք նաև
Օրենսդրական կարգավորման կարևոր առանձնահատկությունն այն է, որ ժառանգի կողմից ժառանգության թեկուզ մեկ մասի ընդունումը նշանակում է իրեն հասանելիք ամբողջ ժառանգության ընդունում՝ անկախ ժառանգական գույքի բնույթից և գտնվելու վայրից։
Այս դրույթն ունի էական նշանակություն հատկապես այն իրավիճակներում, երբ ժառանգական գույքի մի մասը գտնվում է Հայաստանի Հանրապետությունում, իսկ մյուս մասը՝ Արցախում, կամ երբ ժառանգը փաստացի հնարավորություն չունի տիրապետելու կամ կառավարելու իր թողած գույքը։
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1225-րդ հոդվածի 3-րդ մասը հենց այս սկզբունքն է ամրագրում։ Դրա նպատակը ժառանգության՝ որպես միասնական գույքային ամբողջության իրավական բնույթը պահպանելն է։
Երբ նոտարական ընթացակարգը բավարար չէ․ դատական պաշտպանության նշանակությունը
Գործնականում կարող են առաջանալ դեպքեր, երբ ժառանգը ցանկանում է ձևակերպել իր ժառանգական իրավունքները, սակայն նոտարական ընթացակարգով դա հնարավոր չի լինում՝ կապված ժառանգության բացման վայրի, գույքի գտնվելու վայրի կամ փաստացի տիրապետման հանգամանքների ապացուցման հետ։
Այդպիսի իրավիճակներում դատական պաշտպանությունը կարող է դառնալ իրավունքի իրացման կարևոր միջոց։
Այս համատեքստում հատկանշական է ժառանգական իրավունքի վերաբերյալ դատական գործերից մեկը, որի շրջանակում մահացած ամուսնու ժառանգությունը ընդունելու ցանկություն ունեցող կինը բախվել էր նոտարական ընթացակարգի հետ կապված խնդրի։
Կինը ցանկանում էր ընդունել ամուսնու ժառանգությունը, սակայն ժառանգական գույքի գտնվելու վայրով պայմանավորված հանգամանքների պատճառով նոտարական կարգով չէր կարողացել իրականացնել իր իրավունքը։ Հարցը տեղափոխվել էր դատարան։
Դատական գործընթացում առանցքային նշանակություն ունեցավ ժառանգական զանգվածի մաս կազմող ոսկեղենի առկայությունը և դրա նկատմամբ ժառանգի փաստացի տիրապետման հանգամանքը։ Հայցի հիմքում դրվեց այն իրավական դիրքորոշումը, որ ժառանգության մի մասի փաստացի ընդունումը, օրենքի ուժով, նշանակում է ժառանգին հասանելիք ամբողջ ժառանգության ընդունում՝ անկախ դրա կազմից և գտնվելու վայրից։
Դատարանը հաշվի առնելով ներկայացված փաստարկները բավարարել էր հայցը։
Դատական պաշտպանությունը՝ ոչ միայն իրավունքի ճանաչում, այլև դրա վերականգնման հնարավորություն
Արցախից տեղահանված անձանց սեփականության և ժառանգական իրավունքների պաշտպանությունը պահանջում է ինչպես ներպետական, այնպես էլ միջազգային իրավական մեխանիզմների արդյունավետ կիրառում։
Միաժամանակ կարևոր է գիտակցել, որ դատական վճռի առկայությունը և գույքի նկատմամբ իրավունքի փաստացի իրականացումը միշտ չէ, որ համընկնում են։ Հատկապես այն գույքի պարագայում, որը գտնվում է անձի փաստացի վերահսկողությունից դուրս, իրավունքի ճանաչումը կարող է լինել պաշտպանության առաջին, բայց ոչ վերջնական փուլը։
Այս տեսանկյունից ժառանգական գործերով ձևավորվող դատական պրակտիկան կարևոր է ոչ միայն առանձին քաղաքացիների իրավունքների պաշտպանության, այլև տեղահանված անձանց գույքային իրավունքների իրավական գնահատման համար։
Ի վերջո, մարդու սեփականության իրավունքը չի դադարում գոյություն ունենալ միայն այն պատճառով, որ նա հարկադրաբար լքել է իր տունը։ Իսկ ժառանգական իրավունքի իրացման անհնարինությունը չպետք է ինքնաբերաբար վերածվի ժառանգության կորստի։
Արցախցիների սեփականության իրավունքի պաշտպանությունը պետք է դիտարկել ոչ միայն որպես անցյալում թողած գույքի հարց, այլև որպես իրավական շարունակականության, արդարության և մարդու հիմնարար իրավունքների պաշտպանության խնդիր։



















































