Քաղաքացիական հասարակության ավելի քան տասնամյա ջատագովությունից հետո Հայաստանը կարևոր քայլ է կատարել խտրականության դեմ համապարփակ օրենսդրության ընդունման ուղղությամբ։ 2026 թվականի հոկտեմբերի 15-ին Կառավարությունը հավանություն է տվել «Իրավահավասարության ապահովման և խտրականությունից պաշտպանության մասին» օրենքի նախագծին և հարակից օրենքների նախագծերի փաթեթին՝ Ազգային ժողով ներկայացնելու համար։ Նախագիծն ի սկզբանե ներկայացվել էր հանրային քննարկման 2024 թվականին, և ՔՀԿ-ները հանդես էին եկել մի շարք առաջարկություններով, որոնց նպատակն էր ապահովել խտրականությունից առավել համապարփակ և արդյունավետ պաշտպանություն։ Կառավարության հավանությանն արժանացած տարբերակում ՔՀԿ-ների առաջարկությունների մի մասը հաշվի է առնվել, և նախատեսվել են պաշտպանության կարևոր իրավական երաշխիքներ, սակայն մի շարք խնդիրներ դեռևս մնում են չլուծված։

Բարեփոխմանը նախորդել են քաղաքացիական հասարակության տարիների ջատագովությունը և միջազգային կառույցների առաջարկությունները

Խտրականության դեմ համապարփակ օրենսդրության ընդունումը վաղուց ի վեր եղել է Հայաստանի իրավապաշտպան կազմակերպությունների առաջնահերթություններից։ Թեև ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված է խտրականության արգելքը, Հայաստանում բացակայել է միասնական օրենսդրական կարգավորում, որով համապարփակ կերպով կսահմանվեին խտրականության տարբեր ձևերը և կնախատեսվեին խտրականությունից իրավական պաշտպանության արդյունավետ կառուցակարգեր։

Վերջին տասնամյակում ՔՀԿ-ները հետևողականորեն բարձրաձայնել են նման օրենսդրության ընդունման անհրաժեշտությունը՝ մատնանշելով գործող իրավական կարգավորումների բացերը և այն դժվարությունները, որոնց բախվում են խտրականությունից պաշտպանություն հայցող անձինք։ Բարեփոխման անհրաժեշտությունն ընդգծել են նաև մարդու իրավունքների միջազգային մարմիններն ու կազմակերպությունները, այդ թվում՝ Եվրոպայի խորհուրդը և ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակը (ԺՀՄԻԳ)։

Արդարադատության նախարարությունը 2024 թվականի հունիսին օրենսդրական փաթեթը ներկայացրել էր հանրային քննարկման, ինչին անդրադարձ էր կատարել նաև «ՔՀԿ չափիչը»։ ՔՀԿ-ները ներկայացրել էին մի շարք դիտարկումներ, իսկ այնուհետև՝ համատեղ կարծիք, որում, ողջունելով նախաձեռնությունը, առաջարկում էին ընդլայնել պաշտպանված հատկանիշների շրջանակը, դատական պաշտպանության մատչելիությունը և Մարդու իրավունքների պաշտպանի լիազորությունները, նախատեսել խտրականության հետևանքով պատճառված վնասի հատուցման արդյունավետ կառուցակարգեր, ապահովել քաղաքացիական հասարակության մասնակցությունը և ամրապնդել խտրականության կանխարգելման մեխանիզմները։

Հանրային քննարկումից հետո նախագիծը լրամշակվել է։ Սակայն, չնայած լրամշակմանը, ՔՀԿ-ների մի շարք առաջարկություններ հաշվի չեն առնվել, և խտրականությունից պաշտպանության վերաբերյալ առաջարկվող իրավական կառուցակարգերում մնացել են որոշ էական բացեր։ Լրամշակված նախագծի տեքստի շուրջ ՔՀԿ-ների հետ լրացուցիչ խորհրդակցություններ չեն անցկացվել։ 2026 թվականի հոկտեմբերի 15-ին Կառավարությունը հավանություն է տվել օրենսդրական փաթեթին, և բարեփոխումն անցել է օրենսդրական գործընթացի հաջորդ փուլ։

Նախագիծն ընդլայնում է խտրականությունից պաշտպանության շրջանակը և նախատեսում իրավական պաշտպանության նոր միջոցներ

Առաջարկվող նախագծերով ձևավորվում է խտրականության կանխարգելման և դրա դեմ պայքարի համապարփակ իրավական շրջանակ։ Նախագիծը սահմանում է խտրականության տարբեր ձևեր, այդ թվում՝ ուղղակի և անուղղակի խտրականությունը, ոտնձգությունը, խտրականության հրահրումը, սեգրեգացիան, վիկտիմիզացիան, ինչպես նաև զուգորդված (ասոցացված) և ընկալման վրա հիմնված խտրականությունը։ Նախագծով կարգավորվում են նաև հատվող խտրականությունը և հաշմանդամություն ունեցող անձանց համար խելամիտ հարմարեցումների ապահովման մերժումը։

Նախագծով սահմանվում է պաշտպանված հատկանիշների ընդարձակ ցանկ, որում ներառված են, մասնավորապես, սեռը, ռասան, էթնիկական և սոցիալական ծագումը, կրոնը, քաղաքական կամ այլ հայացքները, հաշմանդամությունը, տարիքը, սեռական կողմնորոշումը և առողջական վիճակը։ Սակայն ՔՀԿ-ների առաջարկած որոշ հատկանիշներ, օրինակ՝ գենդերային ինքնությունը և ընտանեկան դրությունը, պաշտպանված հատկանիշների ցանկում ուղղակիորեն ամրագրված չեն, թեև նախագիծը պարունակում է ոչ սպառիչ ձևակերպում՝ նախատեսելով նաև անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքներ։

Կարևոր առաջընթաց է խտրականությամբ պատճառված ոչ նյութական վնասի հատուցման նախատեսումը, այդ թվում՝ մասնավոր անձանց միջև հարաբերություններում։ Դրանով լրացվում է բարեփոխման նախորդ փուլերում արձանագրված էական բացը, և ընդլայնվում են խտրականության ենթարկված անձանց հասանելի իրավական պաշտպանության միջոցները։

Օրենսդրական փաթեթով Մարդու իրավունքների պաշտպանը սահմանվում է որպես իրավահավասարության ապահովման և խտրականությունից պաշտպանության մարմին, որի գործառույթներից են խտրականության դեմ օրենսդրության պահպանման մշտադիտարկումը, բողոքների քննարկումը, հավասար վերաբերմունքի խթանումը և առաջարկությունների ներկայացումը։ Սահմանված պայմանների առկայության դեպքում Պաշտպանը կկարողանա նաև խտրականության ենթարկված անձի գրավոր համաձայնությամբ դիմել դատարան։ Օրենսդրական փաթեթին կից հիմնավորման համաձայն՝ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում խտրականության հարցերով զբաղվող ստորաբաժանման համար նախատեսվում են լրացուցիչ հաստիքներ և ֆինանսավորում։ Նախատեսվում է նաև ստեղծել Խտրականության հարցերով խորհուրդ՝ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների և անկախ փորձագետների ներգրավմամբ, որը կաջակցի Պաշտպանի աշխատանքներին՝ նպաստելով իրավահավասարության խթանմանը։

Այս կարգավորումները կարող են էապես ամրապնդել Հայաստանում խտրականությունից պաշտպանության իրավական և ինստիտուցիոնալ համակարգը և նպաստել խտրականությունից պաշտպանության ոլորտում գործող ՔՀԿ-ների գործունեության համար առավել բարենպաստ միջավայրի ձևավորմանը։ Այնուամենայնիվ, դրանց արդյունավետությունը կախված կլինի նրանից, թե որքանով առաջարկվող մեխանիզմները կապահովեն մատչելի և գործնականում արդյունավետ պաշտպանության միջոցներ։

Խտրականությունից արդյունավետ պաշտպանության հարցում էական մտահոգությունները դեռ պահպանվում են

Չնայած օրենսդրական փաթեթով նախատեսվող դրական փոփոխություններին՝ մի շարք կարևոր խնդիրներ դեռևս մնում են չլուծված։

Հիմնական մտահոգությունները հետևյալն են՝

  • Արդարադատության մատչելիություն և իրավական պաշտպանության արդյունավետ միջոցներ։ Նախագիծը մտահոգություն է առաջացնում արդյունավետ դատական պաշտպանության տեսանկյունից, քանի որ դատարանի վճռից հետո խտրականության դրսևորում պարունակող վարչական ակտերը պետք է դեռևս վերանայվեն համապատասխան վարչական մարմնի կողմից, այլ ոչ թե անմիջականորեն անվավեր ճանաչվեն դատարանի կողմից։ Նախագծում բացակայում են ՔՀԿ-ների՝ խտրականության ենթարկված անձանց իրավունքների կամ կոլեկտիվ շահերի պաշտպանության նպատակով դատարան դիմելու իրավունքը նախատեսող դրույթներ, ինչը, անվճար իրավաբանական օգնության հասանելիության ոչ բավարար երաշխիքների հետ մեկտեղ, կարող է սահմանափակել իրավական պաշտպանության արդյունավետ միջոցների մատչելիությունը։
  • Ապացուցման բեռը։ Նախագիծը չի սահմանում ընդհանուր կանոն, որով խտրականության առերևույթ հատկանիշների առկայության դեպքում դրա բացակայությունն ապացուցելու պարտականությունը դրվում է պատասխանողի վրա։ Նման պարտականություն ուղղակիորեն նախատեսված է միայն այն դեպքում, երբ Մարդու իրավունքների պաշտպանը կայացրել է խտրականության չենթարկվելու իրավունքի խախտում արձանագրող որոշում։
  • Պատասխանատվությունը և պատժի միջոցները։ Ի տարբերություն 2024 թվականի նախագծի՝ լրամշակված փաթեթն այլևս չի նախատեսում խտրականության, ոտնձգության և վիկտիմիզացիայի համար վարչական պատասխանատվություն սահմանող առանձին դրույթներ։
  • Պաշտպանության շրջանակը և ինստիտուցիոնալ երաշխիքները։ Թեև սեռական կողմնորոշման և առողջական վիճակի ներառումն ուղղակիորեն պաշտպանված հատկանիշների ցանկում դրական փոփոխություն է նախագծի նախնական տեքստի համեմատ, այլ հատկանիշներ, այդ թվում՝ գենդերային ինքնությունը և ընտանեկան դրությունը, ուղղակիորեն ամրագրված չեն որպես պաշտպանված հատկանիշներ, մինչդեռ դրանց հստակ նախատեսումն օրենքում ավելի մեծ իրավական որոշակիություն կապահովեր խտրականության ռիսկին առավել ենթակա խմբերի համար։ Մասնավոր անձանց կողմից դրսևորվող խտրականության դեպքերով Մարդու իրավունքների պաշտպանի լիազորությունները մնում են սահմանափակ, իսկ պարտադիր կատարման ենթակա որոշումներ կայացնելու լիազորության բացակայությունը կարող է նվազեցնել Պաշտպանի՝ որպես իրավահավասարության ապահովման և խտրականությունից պաշտպանության մարմնի արդյունավետությունը։
  • Խտրականության կանխարգելումը։ Նախագծով բավականաչափ համապարփակ մեխանիզմներ չեն նախատեսվում համակարգային խտրականության բացահայտման և կանխարգելման համար, այդ թվում՝ պետական մարմինների՝ խտրական գործելակերպը բացահայտելուն և կանխելուն ուղղված նախաձեռնողական բնույթի պարտավորությունների, ինչպես նաև նորմատիվ իրավական ակտերի և հանրային քաղաքականությունների՝ իրավահավասարության վրա հնարավոր ազդեցության գնահատման կառուցակարգերի առումով։

Հաջորդ քայլերը

Ազգային ժողովում օրենսդրական փաթեթի քննարկման ընթացքում հատկապես կարևորվում է քաղաքացիական հասարակության բովանդակային մասնակցությունը: Կառավարության հավանությունից հետո ՔՀԿ-ները դիմել են Ազգային ժողովի համապատասխան հանձնաժողովին և մի շարք պատգամավորների՝ հանդիպում կազմակերպելու և նախագծի վերաբերյալ պահպանվող խնդիրները և մտահոգությունները քննարկելու խնդրանքով։ Խորհրդարանական գործընթացը կարևոր հնարավորություն է՝ վերստին քննարկելու ՔՀԿ-ների նախկինում ներկայացրած առաջարկությունները և վերանայելու առաջարկվող կարգավորումները՝ իրավական ու ինստիտուցիոնալ երաշխիքներն ամրապնդելու և մարդու իրավունքների միջազգային չափանիշներին համապատասխան՝ խտրականությունից արդյունավետ պաշտպանություն ապահովելու նպատակով։

Սկզբնաղբյուրը՝ ՔՀԿ չափիչ ծրագրի կայք