Լրահոս
Օրվա լրահոսը

Մետաքսե Հակոբյան․ «Հայաստանի եւ Արցախի իրական դաշնակիցը ՌԴ-ն է,  որն առաջարկում է հակամարտության կարգավորման իր տարբերակը»

Հոկտեմբեր 30,2022 20:32

«Հասել ենք սահմանագծին, որից անդին մեր քաջորդիների արյամբ գծված հայրենիքի կորուստն է»,- այս մասին այսօր  Արցախի Ազգային ժողովի արտահերթ նիստին հայտարարեց «Արդարություն» կուսակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը։

Նրա խոսքով՝  Արցախի Հանրապետությունն այսօր առավել քան երբեւէ կանգնած է գոյություն ունենալ-չունենալու խնդրի առաջ․ «Աշխարհաքաղաքական և տարածաշրջանային վերջին զարգացումները նոր մարտահրավերներ են առաջ բերում Արցախի համար։ Ստեղծված իրավիճակում Ադրբեջանը շարունակում է ուժի սպառնալիքի կիրառումը, ագրեսիվ  ու հակահայկական հայտարարությունները՝ միաժամանակ դնելով, որ Արցախի հարց պարզապես չկա, ինչը  բացարձակ անընդունելի մոտեցում է, այն Արցախի Հանրապետության ուղիղ ոչնչացումն է, հայի նոր ցեղասպանությունն է։ Բաքվի նման քաղաքականությունն արդյունք է մի կողմից Հայաստանից ակնկալվող հստակ հակազդեցության բացակայության, մյուս կողմից միջազգային հանրության լռության՝ բացառության  որոշ դեպքերի։ Սրան գումարվում է այն անպատժելիության մթնոլորտը, որ ձեւավորել է 2020 թ. Արցախի նկատմամբ պատերազմ սանձազերծելու, ահաբեկիչներ ներգրավելու, պատերազմական հանցագործությունների համար միջազգային պատշաճ արձագանք չստանալու արդյունքում։ Այսօր առավել քան մտահոգիչ է Արցախի ապագայի, արցախյան հիմնահարցի վերաբերյալ միջազգային հանրության, առաջին հերթին այսպես կոչված  հավաքական արեւմուտքի դիրքորոշումը»

Նրա դիտարկմամբ՝ վերջին զարգացումների, հանդիպումների եւ հայտարարությունների արդյունքում այլեւս միանշանակ է՝ Արցախն Ադրբեջանի կազմում տեսնելու արեւմուտքի մոտեցումը։

Ըստ պատգամավորի, արեւմուտքը հավատարիմ է այն դիրքորոշմանը, որ Արցախը պետք է լինի Ադրբեջանի կազմում․ «Նույն հավաքական արեւմուտքն արդեն այսպես կոչված խաղաղության պայմանագիր է պատրաստել, որտեղ առ ոչինչ է միջազգային բոլոր նորմերին համապատասխան Արցախի ինքնորոշման  իրավունքը։ Այդ տարբերակն Արցախի Հանրապետության ոչնչացումն է»։

Հակոբյանը նշեց՝ մյուս կողմում Ռուսաստանի դաշնությունն է, որի գործուն քայլերի արդյունքում կանգնեցվեց պատերազմը․ «Արդեն երկու տարի է՝ 120 հազար արցախցի ապրում է Արցախի փոքրիկ պատառիկի վրա եւ շարունակում պայքարել իր պատմական հայրենիքում խաղաղ եւ արժանապատիվ ապրելու իրավունքը վերահաստատելու համար»։

Նա ասաց, որ ռուս խաղաղապահների առաքելությունն անգնահատելի է, եւ սա տեսնում է յուրաքանչյուրը։ Հակոբյանը նշեց՝ միայն կոչեր հնչեցնելով, սաստելով  հնարավոր չէ թշնամուն կանգնեցնել․«Հետեւաբար, Հայաստանի եւ Արցախի իրական դաշնակիցը Ռուսաստանի Դաշնությունն է, որն առաջարկում է հակամարտության կարգավորման իր տարբերակը, որն այս իրավիճակում կարող է հնարավորություններ ստեղծել Արցախի հիմնահարցի հետագա հայանպաստ  լուծումներ ունենալու համար։ Մենք իրավունք չունենք սխալվելու,  արկածախնդրությունը կկործանի  թե՛ Արցախը, թե՛ Հայաստանը եւ թե՛ մեր բոլորի երազանք հայրենիքը։ Մենք պետք է պարզ ու հստակ ուղղենք մեր վեկտորը, իսկ այն միայն մեկ ուղղություն ունի։  Ուստի, բանակցողներից, որոշում կայացնողներից պահանջում ենք մերժել եւ հրաժարվել վավերացնել ցանկացած փաստաթուղթ, որտեղ կստորադասվի  Արցախի ինքնորոշման իրավունքը եւ փորձ կարվի  Արցախը բռնակցել Ադրբեջանին։ Եթե ​​բանակցել, ապա միայն այն հիմքով, որ Արցախը եղել է, կա ու լինելու հայկական, եւ ոչ մի պայմանով  չի կարող լինել Ադրբեջանի կազմում»:

Նա կոչ արեց ՀՀ-ում ու Սփյուռքում ապրող հայրենակիցներին համախմբվել հանուն Արցախի՝ հստակ գիտակցումով, որ  այսօր վտանգված է Արցախի  լինելիությունը։ Ով հավատում, մտածում կամ բարձրաձայնում է, որ Արցախը Ադրբեջանի կազմում ապագա ունի, նա պետական հանցագործ է»։

Հիշեցնենք, որ այսօր  Արցախի Հանրապետության Ազգային ժողովի բոլոր խմբակցությունների նախաձեռնությամբ հրավիրված արտահերթ նիստում հայտարարություն է ընդունվել, որում ասվում է․ «Արցախը երբեք չի եղել և չի լինելու անկախ Ադրբեջանի կազմում։ Հենց այս գաղափարը պետք է լինի ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման հիմքում։ Ցանկացած փորձ՝ Արցախը բռնակցելու Ադրբեջանին, կհանդիսանա միջազգային իրավունքի կոպտագույն խախտում և հայ ժողովրդի նոր ցեղասպանության իրագործման պաշտոնական արտոնագիր, հետևաբար նման բովանդակությամբ փաստաթղթերը Արցախի Հանրապետության համար անընդունելի են»։
 

Նշենք, որ այսօր Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում հրավիրվել է մեծ հանրահավաք, որին մասնակցում են Արցախի նախագահը, նախկին նախագահներ  Բակո Սահակյանը եւ Արկադի Ղուկասյանը, Ռուբեն Վարդանյանը, որը նոյեմբերի 1-ից զբաղեցնելու է Արցախի պետնախարարի պաշտոնը։

 

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31