Լրահոս
Օրվա լրահոսը

«Հին աստվածներ» բալետը վերջապես հասնում է եզրագծին

Նոյեմբեր 11,2022 13:00

Հարցազրույց կոմպոզիտոր Վաչե Շարաֆյանի հետ

– Հարգարժան Վաչե, Ազգային օպերային թատրոնը ձեռնամուխ է եղել, ըստ Լեւոն Շանթի՝ ձեր «Հին աստվածներ» բալետի իրականացման աշխատանքներին։ Գիտենք, որ տարիներ առաջ էլ թատրոնում սկսել էին ձեր այս գործի բեմադրական աշխատանքները, բայց ավարտին այդպես էլ չհասցվեց։ Թեեւ ասվում է, որ դուք ամենաշատ կատարվող հայ կոմպոզիտորն եք դրսում, ինչին համամիտ ենք, այդուհանդերձ, գուցե ոչ հաճախ, բայց ձեր ստեղծագործություններով ներկայանում եք նաեւ մեր հանդիսատեսին։ Ինչ վերաբերում է «Հին աստվածներին», նշենք, որ այն մոտ 20 տարի (մինչև 2017թ.) եղել է Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի խաղացանկում։ Կարելի է ենթադրել, որ մեր հանդիսատեսը մեծ հետաքրքրությամբ կվերաբերվի այդ ստեղծագործության երաժշտական ընթերցմանն ու բեմադրությանը։ Մյուս կողմից էլ՝ դուք առաջին անգամ եք ներկայանալու բալետի ժանրում։

– Ես երեք բալետի հեղինակ եմ, առաջինը՝ «Երկրորդ լուսինը», որը հայազգի մտավորական, միստիկ, հոգեւոր ուսուցիչ, կոմպոզիտոր, պարուսույց եւ փիլիսոփա Գյուրջիեւի մասին է, ում կերպարը ազդեցություն է թողել Հիտլերի ու Ստալինի վրա։ Երկրորդը «Հին աստվածներ»-ն է, որը հանդիսատեսին կներկայացնենք «Ձգողականություն» վերնագրով եւ երրորդը՝ «Անապատի հարսը»՝ ըստ Սոնա Վանի կենսագրականի։ «Ձգողականությունը» ստեղծել եմ ամերիկահայ բարերարներ Կատյա եւ Վարդուհի Քուշերեանների առաջարկով եւ աջակցությամբ։ Սա երկու գործողությամբ բալետ է, որի ստեղծումը իսկապես երկար պատմություն ունի…

Այո, ժամանակին մի շարք փորձեր եղան այս բալետը բեմադրելու նպատակով։ Կուզեի առանձնացնել խորեոգրաֆներ Վիլեն Գալստյանի եւ Ռուբեն Մուրադյանի հետ համագործակցությունը, որը մի քանի ամիս տեւեց։ Այն ընդհատվեց Վիլեն Գալստյանի հիվանդության պատճառով։ Հետո՝ համավարակ, պատերազմ… Կարճ ասած՝ հիմա ընթանում են բեմադրական աշխատանքները։ Գուցե առաջ եմ ընկնում, բայց նշեմ, որ իսկապես հետաքրքիր, արդիական բեմադրություն է ստացվում ռեժիսոր Նարինե Գրիգորյանի մտահղացմամբ, բալետմայստեր Արա Ասատուրյանի խորեոգրաֆիայով եւ նկարչուհի Վիկտորիա Ռիեդոյի դիզայնով, եւ իհարկե՝ Կարեն Դուրգարյանի ղեկավարությամբ, որն, ի դեպ, այս բալետի նախաձեռնողն է եւ բեմադրող դիրիժորը։ Իհարկե, թատրոնի հետ իմ առաջին համագործակցությունս է, չեմ թաքցնի՝ մտահոգություն ունեցել եմ եւ կա, բայց սկսած տնօրինությունից մինչեւ նվագախումբ, բալետային խումբ, մի խոսքով՝ այս մեծ ընտանիքն էլ է հետաքրքրված բալետի ստեղծմամբ… Աչքով չտամ (ժպտում է- Ս. Դ.)։ Պրեմիերան նախատեսված է դեկտեմբերի սկզբին։

– Մեծակտավ ստեղծագործությունների իրականացման համար անհրաժեշտ է «մեծակտավ» ֆինանսավորում, օրինակ՝ վերջերս, երբ Կոմպոզիտորների միության նախագահ ընտրվեց Արամ Սաթյանը, ձեր գործընկերներից ոմանք ողջունելով կոմպոզիտորի երրորդ անգամ ընտրվելը, համոզված են, որ, օրինակ՝ օպերա կամ բալետ բեմադրելու գործում ֆինանսապես պետք է աջակցի նաեւ միությունը, հավանաբար մոռանալով, որ այդ կառույցը հասարակական կազմակերպություն է…

– Այս բալետը ժամանակին ԿԳՄՍ նախարարությունը ֆինանսավորել էր, բայց երբ վերը նշված պատճառներով բեմադրությունը ավարտին չհասցվեց, գումարը վերադարձվեց։ Այս բեմադրության ծախսերը հոգացել են Համազգայինը, անհատ նվիրատուներն ու օպերային թատրոնը։ Կուզեի բարձրաձայնել, հավաստիացնել, որ մեծ գումար դրված չէ ու այսկերպ միտում կա ապացուցելու, որ ոչ մեծ գումարով կարելի է ստեղծել բարձրարվեստ բեմադրություն։

– Մեր պրակտիկայում շատ հազվադեպ, բայց եղել են դեպքեր, երբ կոմպոզիտորը կամ կինոռեժիսորը դեռեւս իր գործը չավարտած՝ սկսել է բանակցություններ վարել արտասահմանյան գործընկերների հետ։ Իհարկե, խոսքը ճանաչված մեկ-երկու արվեստագետների մասին է, որոնք դրսում ունեն հիանալի կապեր…

– Հասկացա ձեզ։ Կոնկրետ այս բալետը ստեղծել եմ մշակույթի նախարարության եւ թատրոնի հետ վաղօրոք պայմանավորվածություն ձեռք բերելով։ Ես էլ իմ պրակտիկայից կարող եմ ասել, որ ցանկացած արվեստի գործ, նույնիսկ մեծակտավ, իր ճանապարհը ինքնուրույն գտնում է։ Օրինակ՝ մի քանի օրից ԱՄՆ-ում Լյուվիլ ֆիլհարմոնիկը հանդես կգա «Կայծոռիկները լճի վրայով» կտավիս համաշխարհային պրեմիերայով, որին կհաջորդեն ստեղծագործություններիս կատարումները Հոլանդիայում, Բելգիայում։ Այս տարվա ապրիլին Կանադայում Օնտարիո ֆիլհարմոնիկը Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ հնչեցրեց սյուիտ՝ իմ «Անապատի հարսը» բալետից։ Փաստեմ կամ հիշեցնեմ, որ գործերիս առաջին կատարումներով հանդես են եկել նաեւ մեր կոլեկտիվները, այդ թվում՝ «Հովեր» պետական կամերային երգչախումբը, Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ, կամերային նվագախմբերը, Կոմիտասի անվան քառյակը… Իսկ ում հետ դեռ չեմ հասցրել համագործակցել, ժամանակ կա, կհասցնեմ։

– Այնուամենայնիվ, մեր ժամանակներում ինչպե՞ս դառնալ աշխարհում ամենակատարվող կոմպոզիտոր։

– Աշխարհում շատ են հաճախ կատարվող կոմպոզիտորները։ Չգիտեմ ինչպես սպառիչ պատասխան տալ, բայց մի բան հաստատ է՝ երկրիդ աշխարհագրական տեղանքն էլ մեծ նշանակություն ունի… Ապրելով Հայաստանում, արտասահմանում կատարվող իմ ստեղծագործությունների թիվը երբեմն անցնում է հարյուրից։ Ասեմ, որ դա վատ ցուցանիշ չէ (ժպտում է- Ս. Դ.), բայց ես շատ ավելին կուզեի…

– Թույլ տվեք չհամաձայնել…

– Դա ձեր իրավունքն է։ Պարզապես շատ կարեւոր է մնալ ազնիվ քո գործում, պահպանել քո դեմքը, պարզապես ազնվորեն ստեղծագործել։ Իմ ճանապարհը ես եմ հարթել, բնականաբար՝ իմ ստեղծագործություններով եւ բոլոր կապերս առաջացել ու առաջանում են հենց դրա շնորհիվ։

– Իսկ եթե ունենայիք իմպրեսարիո, որը չունեք…

– Եթե ունենայի իմպրեսարիո, ընթացքը շատ ավելի արագ տեղի կունենար, բայց հաճախ կեղծիք եմ տեսնում իմպրեսարիոների աշխատանքում, որոնց պատճառներն, իհարկե, գիտեմ, բայց դա հիմա չեմ բարձրաձայնի։ Ինչպես ասում են՝ դա այլ օպերայից է։

Զրուցեց
Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆԸ

«Առավոտ» օրաթերթ
10.11.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930