Հարցազրույց ՔՊ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանի հետ
– Պարոն Ասլանյան, տեղեկություններ կան, որ ընդդիմությունը մտադիր է տեւական դադարից հետո վերադառնալ խորհրդարան: Ճիշտ է՝ անցած նիստերի քվեարկություններին «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորներն արդեն ներկա էին, բայց «Հայաստան» դաշինքից եւս հայտարարություններ են հնչում՝ առաջիկայում նիստերին մասնակցության վերաբերյալ: Ինչպե՞ս եք պատրաստվում դիմավորել Ձեր գործընկերներին եւ ինչպե՞ս կգնահատեք այդ քայլը:
– Նախեւառաջ խորհրդարանական աշխատանքն իրենց գործն է եւ իրենց պարտականությունն է: Ես դեռ ամիսներ առաջ եմ ասել, որ ընդդիմությունը ելքեր ու ճանապարհ է փնտրում՝ խորհրդարան վերադառնալու համար, որ նորից հաստատվի իր տեղում: Ասեմ, որ ընդդիմության՝ խորհրդարան վերադարձն ինձ ուրախացնում է, խոսքն անձամբ իմ մասին է եւ ինձ պես մտածողների:
– Ինչո՞ւ:
Կարդացեք նաև
– Որովհետեւ դա նշանակում է, որ նրանք վերջապես հասկացել են, որ խորհրդարանը խորհրդարանական երկրի այն տեղն է, որտեղ որոշվում են երկրի այսօրն ու վաղը:
Եվ բնական է, որ նրանց ներկայությունը ոչ միայն որեւէ բացասական բան չի բերի, ես կարծում եմ, որ հակառակը՝ շատ ավելի դրական կլինի: Որովհետեւ ե՛ւ փիլիսոփայորեն, ե՛ւ ֆիզիկայի օրենքով՝ շարժումը տեղի է ունենում, երբ ֆիզիկայի մեջ կա ազդեցություն եւ հակազդեցություն, իսկ ֆիզիկայում դա բնութագրվում է որպես հակադրությունների պայքարի միասնություն, իսկ եթե չկա այդ միասնությունը, ապա մենք տեղից դժվար կշարժվենք, եթե չկա հակազդեցություն, էլի դժվար կշարժվենք: Ոչ մեկի մտքով թող չանցնի, որ ՔՊ-ն չի ուզում, որ իրենք վերադառնան:
– Դե, նայած ինչի համար են ուզում, օրինակ, Ձեր թիմակիցներն ակնարկային հայտարարություններ են անում, թե հետ եկեք` տեսեք ինչ ենք անելու, ձեր նախկին հայտարարությունները քթներիցդ բերելու ենք, կամ չարախնդում են՝ խելոք-խելոք կվերադառնաք եւ այլն: Ո՞րն է ՔՊ-ի իրական մոտիվացիան:
– Սրանք շատ սովորական մարդկային հոգեբանության դրսեւորումներ են: Սա կապ չունի շատ լուրջ խնդիրների հետ: Ի վերջո, չմոռանանք՝ երբ գալիս է պետության եւ պետականության համար լուրջ խնդիրների ժամանակը, սրանք դառնում են մանրուքներ: Ես նորից եմ շեշտում, որ ուրախ եմ իրենց վերադարձով, գուցե ինչ-որ հարցեր քննարկելիս մենք չենք մոտեցել ճշմարտությանը, իրենք թող մոտեցնեն, թող փորձեն հակազդել, ստիպեն, որ մենք ավելի խորը մտածենք, որովհետեւ միայն այդ դեպքում է առաջընթացն ապահովվում:
– Այսինքն՝ ընդունում եք, որ ամիսներ շարունակ միայնակ մնալով՝ խորհրդարանում այդ կառույցն անգործության էիք մատնել:
– Մի մանիպուլացրեք՝ ոչ: Խորհրդարանն աշխատել է շատ արդյունավետ, ուղղակի իմ ասածը վերաբերում է նրան, որ հասարակության ստվար մասը, որը ձայն է տվել, որ իր մարդիկ լինեն խորհրդարանում… ինչի՞ եք, ախր, մանիպուլացնում, մեզնից յուրաքանչյուրը լավ էլ գիտի, որ եթե հակազդեցություն չկա, ինքը քիչ թե շատ թուլանում է: Բայց դա այլ բան է, անգործությունը` այլ: Մենք անգամ իրենց բացակայության ժամանակ քանի-քանի ծրագրեր չենք ընդունել, հետ ենք ուղարկել, մենք աշխատել ենք նորմալ:
Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:


















































