Հանրայինի եթերում պատասխանելով այն հարցին՝ հոկտեմբերի 6-ի Պրահայի հանդիպմանը հաջորդեց հայտարարություն, որտեղ կարեւորը ՄԱԿ կանոնադրության հիշատակումն էր եւ Ալմա Աթայի հռչակագիրը, այդ հիմքով երկու կողմերը ճանաչում էին միմյանց տարածքային ամբողջականությունը եւ ինքնիշխանությունը, սակայն հստակ արձանագրում չկար, որ ադրբեջանական զորքերը ՀՀ ինքնիշխան տարածքում են 2020թ մայիսից, եւ չէր հնչում պահանջ, որ նրանք պետք է հեռանան Հայաստանի տարածքից, Նիկոլ Փաշինյանը հետեւյալ կերպ պատասխանեց. «Մենք բոլոր միջազգային հանդիպումներում այդ արձանագրումն անում ենք, որ մեր տարածքի մի մասը օկուպացված է եւ ադրբեջանական զորքերը պետք է դուրս բերվեն Հայաստանի Հանրապետության տարածքից: Այլ բան, թե ինչքանով է այն ձեւակերպումները, որ արվում են, արտահայտում մեր մոտեցումը: Հայտարարությունները միակողմանի չեն, երբ հայտարարությունների տեքստի վրա մի քանի կամ առնվազն երկու կողմ կա աշխատող, այդտեղ պետք է որոշակի ճկունություն ցուցաբերել»:
Նա նաեւ հավելեց. «Ձեր հարցի մեջ կա պատասխանը: Մենք փոխադարձաբար ընդունում ենք 1991թ սահմանը, եւ դրանով իսկ ֆիքսվում է, որ Ադրբեջանն օկուպացրել է մեր տարածքները, որովհետեւ 1991թ սահմանը տեսական մի երեւույթ չէ…Ամբողջ աշխարհը գիտի, թե որտեղով է անցնում այդ սահմանը:Դրանք ԽՍՀՄ ադմինիստրատիվ սահմաններն են, որոնք հանրահայտ են, եւ այդ փաստի բերումով արձանագրվում է, որ Ադրբեջանն օկուպացրել է մեր տարածքները: Եվ եթե ճանաչում է, իսկ արձանագրվել է, որ ճանաչում է, ուրեմն պետք է դուրս գա այդ տարածքներից: Առավել եւս քննարկումների առումով էլ արձանագրվել է, որ այդ հիմքի վրա պետք է տեղի ունենա սահմանների դելիմիտացիա: Դա արձանագրված է դիվանագիտական բառապաշարով, բայց կատարված չէ»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ


















































