Լրահոս
Օրվա լրահոսը

Մեր տնտեսության գերակա ոլորտում կազմակերպություններ են փակվում, մասնագետներ կրճատվում․ «Առերեսում»

Նոյեմբեր 12,2022 22:00

Մեր տնտեսության համար գերակա հռչակված տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) ոլորտը հարվածի տակ է փոխարժեքի շուրջ 25 տոկոսով անկման հետեւանքով։ «Առավոտի» «Առերեսում» հաղորդաշարի հյուրը՝ «Մանթաշյանց» գործարարների միության նախագահ Վահրամ Միրաքյանը հայտնեց, որ  մինչեւ 50 աշխատակից ունեցող ահռելի մեծ քանակի ընկերություններ են փակվել․ «Եվ միայն ՏՏ ոլորտը չէ՝ 5-10 ոլորտների է այս խնդիրն առնչվում։ Երեւի չէի ասի, թե ամենակարեւորը ՏՏ–ն է․ բոլորն էլ կարեւոր են։ Ուղղակի տարբերությունն այն է, որ ՏՏ համայնքի ներկայացուցիչներն ավելի կազմակերպված են, ավելի ակտիվ են սոցիալական ցանցերում․ հետեւաբար՝ ավելի շատ աղմուկ են բարձրացնում»։

Սակայն պաշտոնական վիճակագրությամբ՝ 8 ամիսների հաշվարկով ՏՏ ոլորտը 32.5 տոկոս աճ է գրանցել: Գուցե այդ աճն ապահովել են հիմնականում ռուսական, բելառուսական ընկերություննե՞րը․ այս տարվա ընթացքում մոտ 5000 ռուսական և բելառուսական ընկերություններ են բացվել ՀՀ-ում։ Այս ենթադրությանն ի պատասխան՝ հաղորդման մյուս հյուրը՝ DataArt Armenia ընկերության հիմնադիր և գործադիր տնօրեն Արսեն Բաղդասարյանն ասաց․ «Երեւի դա այնքան էլ ճիշտ չէ այդպես ներկայացնել։ Ցանկացած բիզնեսի հիմքում դրված է զարգանալը։ Աճի ապահովման նախադրյալները երեւի դրվել են սրանից տասնյակ տարիներ առաջ։ Վերջին 5-6 տարիների ընթացքում մենք շատ մեծ ներդրումներ ենք կատարել՝ մասնագետների վերապատրաստման, լավ մասնագետներ ունենալու եւ մասնագիտական լավ կրթություն տալու»։ Հավելեց․ «Մենք մեր պլանները բավական երկարատեւ ենք մշակում ու միանշանակ ասել, որ այդ աճը տեղի է ունեցել ռելոկանտ կազմակերպությունների շնորհիվ, չեմ համարում, թե դա ճիշտ է»։

Երկար տարիներ ՏՏ ոլորտի մասնագետները հայաստանյան չափանիշներով բարձր աշխատավարձեր են ստացել։ «Միջինը՝ 1,1 մլն դրամ է ՏՏ ոլորտի աշխատավարձը»,–ճշտեց «Մանթաշյանց» գործարարների միության նախագահը։ Եվ հիմա, երբ Հայաստանում ապրանքների ու ծառայությունների գներն անընդհատ աճում են, կյանքը շարունակում է թանկանալ, քաղաքացիների սոցիալ-տնտեսական վիճակն ավելի է բարդանում՝ մի՞թե կառավարությունն առաջնահերթ պետք է օգնի ՏՏ ոլորտի ներկայացուցիչներին, թե՞ այն մարդկանց, որոնք հիմա պարենային ապրանքների գնաճի թիրախ են դարձել։ Շարքային քաղաքացու տեսանկյունից հնչեցված այս հարցադրմանը Վահրամ Միրաքյանն անեկդոտով պատասխանեց․ «Դարդերս քիչ էր՝ հարեւանս էլ Մերսեդես առավ։ Կարծես տարբեր հասակի մարդիկ են կանգնած՝ որոշում ենք հավասարեցնել ու բարձրահասակների գլուխն ենք կտրում, որ իրար հավասարվեն»։ Դիտարկմանը, թե կարող էին մի քիչ էլ դիմանալ՝ հաշվի առնելով, որ տեւական ժամանակ բավական նորմալ վաստակել են՝ նա արձագանքեց․«Տնտեսությունն այդպես չի աշխատում՝ մի քիչ դիմանալ չկա։ Նրանք փակվում ու գնում են երկրից։ Հետո՝ մի շատ կարեւոր հանգամանք կա՝ ՏՏ ոլորտն ամենամեծ մուլտիպլիկացիոն ազդեցությունն ունեցող ոլորտներից է․ բարձր աշխատավարձ ստացող մի ծրագրավորողը կերակրում է մոտ 15 մարդու․․․ Եվ հիմա, երբ ասում ենք՝ ոչինչ, թող մի քիչ նեղվեն, միայն ՏՏ ոլորտը չի նեղվելու, այլ բազմապատկած 15 ոլորտները»։ Հավելեց․ «Մենք պետք է ձգտենք այնպես անել, որ մնացած ոլորտները հասնեն նման աշխատավարձերի։ Հա, հասկանում եմ, որ այնքան էլ իրատեսական չէ, քանի որ ՏՏ ոլորտի ներկայացուցիչները ողջ աշխարհում են ստանում բարձր աշխատավարձեր։ Բայց մենք չենք կարող ՏՏ ոլորտի ներկայացուցիչներին համեմատել, ասենք կառուցապատողների՝ գաջ քսողների հետ․ բացառվում է»։

Հիշեցնենք, որ հենց նա էլ նշել էր, որ այլ ոլորտների էլ է այս խնդիրն առնչվում։ Որոշակիացնենք՝ թեթև արդյունաբերությունը, որի արտադրության մեծ մասը գնում է ԵՄ, իսկ եվրոն ավելի շատ է արժեզրկվել տարեսկզբից։ Նաև հանքարդյունաբերությունը, որը դրամի գերարժեւորման պատճառով դարձյալ հայտնվել է վատ վիճակում։ Գուցե պետական աջակցության առումով առաջնահերթություն պետք է տալ հատկապես գյուղատնտեսությա՞նը, գինեգործությա՞նը, որոնք տուժել են այս իրավիճակում եւ որտեղ աշխատում են հասարակության ավելի խոցելի խմբեր։ «Մյուս ոլորտները կաշկանդված չեն՝ իրենց խնդիրները բարձրաձայնելու»,– մասնավորապես ասաց Արսեն Բաղդասարյանը։

Նա մի տվյալ էլ վկայակոչեց․ «Շահութաբերությունը ՏՏ ոլորտում 10-15 տոկոս է։ Ստացվում է, որ ՏՏ ոլորտի կազմակերպությունները եթե չունեն խնայված, պահուստային ֆոնդ՝ սկսում են վնասով աշխատել։ 5 ամիս առաջ ենք այս խնդիրը բարձրաձայնել։ 5 ամսվա ընթացքում լուծում չեղավ․․․Իսկ եթե 5 ամիս առաջ այս խնդրին լուրջ լուծում տրվեր՝ այսօր չէինք կանգնի այն իրականության առջեւ, որն ունենք՝ փակվել են կազմակերպություններ, կրճատվել են մասնագետներ»։

2022-ի համար ի սկզբանե կանխատեսված 7 տոկոսից երկու անգամ բարձր տնտեսական աճը տնտեսագետները դարձյալ պայմանավորում են ռուսաստանցիների աննախադեպ ներհոսքով։ «Քանդում ենք մերը, նրանք էլ եթե հեռանան․․․»,– Արսեն Բաղդասարյանն այսպես արձագանքեց ռեպլիկին, թե ինչ կմնա տնտեսական աճից, երբ նրանք լքեն Հայաստանը։

Հաղորդման ընթացքում հանգամանալից անդրադարձ եղավ, թե այս ոլորտի ներկայացուցիչներն ինչ քայլեր են առաջարկում, որոնք պետք է ձեռնարկեն կառավարությունը եւ կենտրոնական բանկը։

Զրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում

Աննա ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930