Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

Մեզ սպառնում են, թե մինչեւ Երեւան գնալու ենք: Եվ մեր ղեկավարությունն ասում է, թե սպառնալիքը ոչ թե Ադրբեջանից է գալիս, այլ Ռուսաստանից. «Առերեսում»

Հունվար 14,2023 22:00

Արցախի Անվտանգության խորհրդի հայտարարությունից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում հայտարարեց. «Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի միջև պետք է սկսվի քաղաքական խոսակցություն, և Լեռնային Ղարաբաղի մեր գործընկերները պետք է հնարավորություն չտան, որ որևէ մեկն իրենց մեղադրի կառուցողական խոսակցությունը խափանելու կամ նման խոսակցությունն անհնար դարձնելու մեջ»: Մինչդեռ Ադրբեջանի նախագահը ոչ մեկ անգամ է մերժել Արցախի հետ նման խոսակցության հեռանկարը. «Առավոտի» «Առերեսում» հաղորդաշարի հյուրը՝ ԱՄՆ Սթենֆորդի համալսարանի միջազգային հարաբերությունների դոկտոր Արթուր Խաչիկյանն այս առնչությամբ ասաց. «Ալիեւն ասել է, թե այդ բանակցություններն ինչպես են լինելու՝ կամ այստեղից պետք է դուրս գաք, կամ էլ պետք է ինձ ենթարկվեք: Իսկ այն մարդիկ, ովքեր կռվել են ադրբեջանցիների դեմ՝ պաշտպանության բանակում, համարվելու են ահաբեկիչ ու երեւի բանտարկվելու են ու խոշտանգվելու»:

Հաղորդման մյուս հյուրը՝ քաղաքական գիտությունների դոկտոր, վարչապետի նախկին գլխավոր խորհրդական Արսեն Գասպարյանի կարծիքով՝ «Ադրբեջանը չի բանակցելու Արցախի հանրապետության ղեկավարության հետ. որեւէ քաղաքական խոսակցություն բացառված է: Դրա մասին Ալիեւն իրոք ասել էր, եւ Ադրբեջանի բազմաթիվ քաղաքական գործիչներ ու իրենց կառավարության ներկայացուցիչներ էլ են ասել. միգուցե եթե տեխնիկական ինչ որ հարցեր լինեն՝ նրանք կարող են բանակցել, խոսել»:

Արթուր Խաչիկյանը ներկայացրեց տապալումների շղթան. «Խաղաղության օրակարգը տապալվեց: Մեզ խոստացել էին, թե Արցախի հարցը լուծելուց հետո կկարողանանք խաղաղ ապրել Ադրբեջանի հետ, իսկ վերջինիս ղեկավարն ասում է, թե առաջին քայլը լինելու է Արցախը, երկրորդը՝ Զանգեզուրը, երրորդը՝ Հայաստանի մնացած մասը ու մենք ընդհանրապես Արեւմտյան Ադրբեջան ենք… Այսինքն՝ ուժի դիրքերից է մեզ հետ խոսում թշնամին, իսկ այս խումբը, որ մեզ խոստանում էր, թե զիջումներով ու սիրաշահելով Ադրբեջանին՝ խաղաղություն կբերեն, մեկ անգամ եւս տապալվեց… Մեզ խոստանում էին, թե մեզ կօգնի ժողովրդավարական Արեւմուտքը ու պետք է հեռանանք Ռուսաստանից: Եվ տեսնում եք՝ Ռուսաստանի հետ մեր հարաբերություններն ամենացածր կետում են. սրանից ցածր չեմ պատկերացնում, թե էլ ինչ պետք է լինի, որ մեզ բացեիբաց փաստորեն վիրավորեն Մոսկվայից: Մեզ խոստանում էին, թե Արեւմուտքը մեզ կօգնի ու հեքիաթներ էին պատմում՝ ամերիկյան, ֆրանսիական… Երեկ մեկ անգամ եւս պայթեց այդ փուչիկը. Ֆրանսիայի ներկայացուցիչը բացեիբաց ասաց, թե չեն ճանաչում Արցախը: Այսինքն՝ այն գեղեցիկ բանաձեւերը, որ նրանք ընդունում էին, Մակրոնի հայերեն թվիթերյան գրառումները՝ բլեֆ էին»:

ՌԴ քաղաքական գործիչներն ու փորձագետներն էլ են նկատում, թե վերջին ամիսներին Հայաստանում դաշնակիցներ փոխելու բացահայտ աշխատանք է տարվում՝ Ռուսաստանի փոխարեն՝ Արևմուտք, եւ Փաշինյանի նպատակը Հայաստանի արտաքին քաղաքական վեկտորն ամբողջությամբ փոխելն է՝ այսինքն՝ դուրս գալը Ռուսաստանի ազդեցության գոտուց: «Նախ պետք է արտաքին քաղաքականություն ունենալ, հետո մտածել դա փոխելու մասին,- արձագանքեց Արսեն Գասպարյանը:- Դժբախտաբար, Հայաստանի այսօրվա իշխանությունը չունի արտաքին քաղաքականություն, իսկ արտաքին քաղաքականությամբ զբաղվող գերատեսչությունը ձախողված հիմնարկ է: Բովանդակություն չունի Հայաստանի արտաքին քաղաքականությունը. այստեղ ծիծաղելի է խոսել դաշնակիցների մասին, գործընկերների»:

«Քաղաքացիական պայմանագիրը» սա այլ կերպ է բացատրում: Խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանն ընդգծել էր. «Մենք դադարել ենք լինել անլեզու կամակատար մեր գործընկերների ու դաշնակիցների: Ժամանակն է, որ մեր գործընկերներն ու դաշնակիցները պատկերացնեն ինչ է դաշնակից լինել»: Արթուր Խաչիկյանը «ծիծաղելի եւ աբսուրդային» որակեց նման պնդումները. «Նրանք ասում էին, թե կբարձրացնեն մեր սուվերենությունը, բայց իրենց քաղաքականության հետեւանքով հիմա ընդհանրապես չունենք ինքնիշխանություն՝ մեր հարցերը որոշվում են Անկարայում, Մոսկվայում, այլ վայրերում»:

Նորանկախ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ Ռուսաստանի ռազմական ներկայությունն ամենաբարձր մակարդակով որակվեց սպառնալիք ՀՀ անվտանգությանը: Նիկոլ Փաշինյանն ասուլիսում հայտարարեց. «Ադրբեջանն իր ագրեսիվ գործողություններն արևմտյան երկրների հետ հաղորդակցության ընթացքում բացատրում է հետևյալ կերպ, ասում է՝ մտավախություն ունենք, թե ՀՀ-ն ու ՌԴ-ն համատեղ ագրեսիվ գործողություններ են նախապատրաստում Ադրբեջանի նկատմամբ, և ահա մենք կանխարգելիչ գործողություններ ենք ձեռնարկում… Մենք ՌԴ մեր գործընկերների ուշադրությունը հրավիրում ենք այս փաստի վրա՝ արձանագրելով, որ նրանց, ըստ էության, չարձագանքման պայմաններում, ստացվում է, որ ՌԴ ռազմական ներկայությունը ՀՀ-ում ոչ միայն չի երաշխավորում ՀՀ անվտանգությունը, այլև սպառնալիքներ է ստեղծում ՀՀ անվտանգության համար»: «Ես էլ նման բան երբեւէ չեմ լսել: Ու ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան դրան պատասխանեց,- ասաց Արսեն Գասպարյանը:- Գիտեք, եթե որեւէ պետության ղեկավարի հայտարարությանը մյուս պետության ԱԳՆ խոսնակն է պատասխանում՝ հատկապես երբ խոսքն անվտանգության մասին է, ու մանավանդ մի երկրի մասին, որը քո տարածքում ունի ռազմաբազա ու սահմանապահներ՝ Թուրքիայի եւ Իրանի սահմաններին, բոլոր հայկական ընտանիքներում ռուսական գազ է վառվում՝ ու պատասխանն իջեցվում է ԱԳՆ խոսնակի մակարդակին՝ սա երկկողմ հարաբերությունների մակարդակի վառ ապացույցն է: Բայց մի բան պետք է հաշվի առնել եւ սա շատ կարեւոր է, որ Ռուսաստանում առանձնացնում են Հայաստանն ու Արցախն այս իշխանությունից»:

Իսկ Արթուր Խաչիկյանը հավելեց. «Մեզ սպառնում են, ասում, թե մինչեւ Երեւան գնալու ենք ու դուք Արեւմտյան Ադրբեջան եք: Եվ մեր ղեկավարությունն ասում է, թե սպառնալիքը ոչ թե Ադրբեջանից է գալիս, այլ Ռուսաստանից: Սա ռացիոնալ չէ: Հոգեբանական ինչ որ խնդիրների նշան է՝ իմ կարծիքով»:

Զրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում

Աննա ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031