Լրահոս
Օրվա լրահոսը

Մեծ զեղչերով գրքեր, ուշագրավ հանդիպումներ․ #ԿարդաLove –ի անակնկալները

Փետրվար 15,2023 16:34

Փետրվաի 17-ին եւ 18-ին Երեւանում կանցկացվի գրքի յուրահատուկ փառատոն։ Ինչպես Aravot.am-ի հետ զրույցում նշեց #ԿարդաLove  հարթակի հիմնադիր, փառատոնի կազմակերպիչ Լեւոն Ստեփանյանը (լուսանկարում) Հայաստանում գիրք նվիրելու տոնին ընդառաջ են այն անցկացնում, քանի որ  ավանդաբար Ամենայն հայոց  բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը՝ փետրվարի 19-ը Հայաստանում նշվում է որպես գիրք նվիրելու օր։ «Մենք նախատեսել ենք  այդ օրվան ընդառաջ գրքային երկու օր պարգեւել գրքասերներին եւ գրքեր նվիրող մարդկանց։ 2 օր տեղի է ունենալու գրքի մեծ փառատոն, որի շրջանակում ունենալու ենք շուրջ 20 գրական  միջոցառում՝ հանդիպումներ ժամանակակից գրողների, գրականագետների ու արտիստների հետ, բիզնես գրքերի թեմայով գրքերի դեպքում՝ հանդիպումներ գործարարների հետ։ Ունենալու ենք հատուկ հյուրեր, օրինակ «Իմ բիզնես գիրքը» պանելային քննարկման ժամանակ ներկա կլինեն տարբեր ընկերությունների հիմնադիրներ եւ ներկայացուցիչներ։ Կքննարկվի բիզնես գրքերի ազդեցությունը բիզնեսի արդյունավետության վրա։

Ունենալու ենք պանելային քնարկում՝ «Կանայք, որ փոխեցին աշխարհը» խորագրով։ Փառատոնի շրջանակում տեղի կունենա «50 կանայք, որ փոխեցին աշխարհը» մատենաշարի ինտերակտիվ ներկայացում-քննարկում, որի համահեղինակներն են Հասմիկ Սիմոնյանը եւ Արմինե Դանիելյանը։ Հանդիպման բանախոսների թվում են նաեւ «Ապրելու» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի եւ «Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը եւ լրագրող Զառա Ղազարյանը։ Ունենալու ենք ԳինարBook ՝ Իննա Խոջամիրյանի հետ, որը կվարի Անի Խաչիկյանը, հանդիպման ընթացքում հնարավորություն կլինի բացահայտելու Իննա Խոջամիրյանին որպես ընթերցող, խոսելու նրա սիրելի գրքերից և հեղինակներից»,-ասաց փառատոնի կազմակերպիչը։

Նա տեղեկացրեց, որ ի թիվս այլնի, փառատոնի շրջանակում նախատեսված է զրույց Բաբկեն Չոբանյանի հետ, որը վարելու է Հասմիկ Սիմոնյանը։ Գրականագետ Հովիկ Չարխչյանի հետ եւս հետաքրքիր հանդիպում կա։ Գրականագետը #ԿարդաLove  գրքի փառատոնի շրջանակում կանդրադառնա Թումանյանի, Շիրվանզադեի, Լեոյի, Սևակի, Չարենցի և Իսահակյանի գրական եւ  անձնական կյանքի երբևէ չբացված էջերին: Դեպքեր և փաստեր, որոնք այլ կերպ ասած, հրապարակման ենթակա չեն: «Հանդիպում ենք ունենալու Սամվել Գեւորգյանի հետ, որը կիսվելու է իր փորձով, թե ինչպես կարելի է  գիրք գրել, հրատարակել և վաճառել Amazon-ում, ինչպես մտնել միջազգային շուկա; Նա կանդրադառնա նաեւ թվային գործիքներին, հարթակներին, եւ գովազդային տեխնիկաներին»,-հավելեց մեր զրուցակիցը։

Լեւոն Ստեփանյանը  նաեւ նշեց, որ փառատոնի շրչջանակում ունենալու են 5 գրքի շնորհանդես, այդ թվում՝ Աշոտ Աղաբաբյանի «Գաղտնիքների տիրակալը» եւ «Թակարդ» գրքերի, Հրանտ Մաթեւոսյանի եղբորորդու՝  Արտակ Մաթեւոսյանի «Ափը ծնոտը հենելու համար է » գրքի, Ռուբեն Եսայանի «Թունելից 13 կմ հեռավորության վրա» վեպի։ Վերջինս հայ գրականության առաջին սարսափ-թրիլլեր ժանրի վեպն է, պատմում է ԵՊՀ ֆակուլտետներից մեկում սովորող մի խումբ ուսանողների մասին, որոնք ուսումնական տարվա ավարտին որոշում են գնալ քաղաքից դուրս, սակայն նրանց մտքով անգամ չի անցնում, թե ինչպիսի սարսափ է սպասվում այնտեղ։

Փառատոնի շրջանակում կլինի  հեքիաթի ժամ՝ Ներսես Ավետիսյանը հեքիաթ կկարդա մանուկների համար, նաեւ հեքիաթաթերապիա է նախատեսված։ Հոգեբան Սեդա Վարդանյանն է անցկացնելու եւ ներկայացնելու է իր «Ապրելու հերոսություն» գիրքը։

Փառատոնի պաշտոնական բացումը կկայանա փետրվարի 17-ին ժամը 1-ին, որին 1։30 կհաջորդի գրքախաղ․ մասնակիցները հարցերի կպատասխանեն, իսկ առավելագույն միավորներ վաստակողները մրցանակներ կստանան։ Կանցկացվի գրքերի ոլորտի նորարարություններին նվիրված սեմինար, որը կվարեն Լեւոն Ստեփանյանն ու Շավարշ Կարապետյանը,  իսկ «Հաջողության թաքնված կողմը» գրքի հեղինակ Գոռ Կարապետյանը եւ Էմիլ Կրոյանը կվարեն «Ինտրովերտից պրոֆեսիոնալ նեթվորքեր. Հաջողության 11 սկզբունքներ» թեմայով թրեյնինգը:

Լեւոն Ստեփանյանը նշեց, որ եթե իմանային, թե փառատոնն այս մասշտաբի է լինելու, եւ իր շուրջն այսքան հետաքրքրություն է գեներացնելու, ապա ոչ թե երկու, այլ երեք օր կանցկացնեին, որպեսզի ավելի մեծ թվով միջոցառումներ իրականացվեին։ Նա ընդգծեց, որ բոլոր միջոցառումների մոտքն ազատ է, նաեւ մարդիկ կարող են մեծ զեղչերով գրքեր ընտրել։

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728