Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի լոգիստիկ խնդրի լուծման գլխավոր նախագիծը չոր նավահանգստի ստեղծումն է. Քերոբյան

Փետրվար 16,2023 17:13

Հայաստանը լոգիստիկ առումով շարունակում է մնալ շատ խնդրահարույց։ Այս խնդրի լուծման գլխավոր նախագիծը չոր նավահանգստի ստեղծումն է, ինչը մեզ թույլ կտա ավելի լավ կապվածություն ունենալ աշխարհի հետ։ Այս մասին այսօր կառավարության նիստից հետո, լրագրողների հետ զրույցում ասաց Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։

«Ես երկու օր առաջ հանդիպել եմ ամենախոշոր նավահանգստային օպերատորներից DP World-ի ներկայացուցիչների հետ, նրանց ներկայացրել եմ չոր նավահանգստի նախագիծը, քննարկել ենք իրենց հետ համագործակցելու հնարավորությունները։ Դուբայում հանդիպել եմ նաև նախարարների հետ, քննարկել ենք համագործակցությունն ընդլայնելու հարցը։ Սա շատ լավ տնտեսական կոնտեքստ ունի, Արաբական Միացյալ Էմիրությունների հետ առեւտրաշրջանառությունը յոթ անգամ աճել է և հատել 1 միլիարդի սահմանը։ Հիմա մեր արաբ գործընկերները շատ ավելի մեծ հետաքրքրությամբ են նայում հայկական նախագծերին»,- ասաց Քերոբյանը։

Անդրադառնալով գյուղատնտեսական խնդիրներին՝ Քերոբյանը հորդորեց գյուղատնտեսությանը նայել բիզնեսի տրամաբանությամբ։ «Մարդը պետք է հաշվի իր եկամուտները, և եթե իրեն ձեռնտու չէ՝ չանի այդ ծրագիրը, և հակառակը։ Եթե մենք գյուղատնտեսությանը նայենք ոչ թե որպես բիզնես, այլ սոցիալական ծրագիր, երկարաժամկետ հեռանկարներ չենք ունենա։ Խաղողագործների հետ կապված խնդիրը ևս դրա մեջ կարելի է դիտարկել՝ կա գնորդ և վաճառող, կառավարությունն այստեղ անելիք չունի։ Եթե գնորդը կամ վաճառողն իրենց ռիսկերը չեն գնահատում, և պայմանագիր են կնքում, իրենք պետք է այդ ռիսկի հետ գործ ունենան, մենք ուղղակի աջակցության ծրագիր ունենք։ Այդ աջակցության շրջանակում եղած պայմանագրերն արագ են վճարվել»,- նշեց  նա։

Լուսինե ՄԱՐԳԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728