Լրահոս
Օրվա լրահոսը

Նիկոլայ Դալլաքյանին վերագրվում է «Սուրբ Աստվածամայր» բ/կ-ից վատնման եղանակով խոշոր չափերի դրամական հափշտակություն

Փետրվար 24,2023 18:21

Aravot.am-ի տեղեկություններով՝ իրավապահները փաստական տվյալներ են ձեռք բերել, որ «Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոնի» նախկին տնօրեն, Երեւանի գլխավոր մանկական վիրաբույժ Նիկոլայ Դալլաքյանը, իր ծառայողական լիազորություններն ու դրանցով պայմանավորված ազդեցությունն ի վնաս ծառայողական շահերի օգտագործելով, առանց մրցույթ հայտարարելու` իր հետ փոխկապակցված «Մեգարոն» ընկերության հետ 2006 թվականին մոտ 20 տարի ժամկետով կնքել է հիվանդանոցի մի մասի վարձակալության պայմանագիր: Պայմանագրի շրջանակներում նշված ընկերության կողմից իրեն ընդհանուր տրամադրված 1165.56 քմ. մակերեսով տարածքի 180քմ. մակերեսով տարածքում սկզբնական շրջանում անձամբ, ապա 2015 թվականից ենթավարձակալության հիմունքներով իրականացվել են հուղարկավորությունների կազմակերպման ծառայություններ, որի կոմունալ ծախսերը հիմնականում վճարվել են բժշկական կենտրոնի բյուջեից:

Այդ կերպ միայն էլեկտրաէներգիայի մասով 2011-2022թթ. ընթացքում վատնման եղանակով հափշտակվել է «Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոն» ընկերության առանձնապես խոշոր չափերով մոտ 22.924.958 ՀՀ դրամը:

Բացի այդ՝ Նիկոլայ Դալլաքյանն իր ծառայողական լիազորություններն ու դրանցով պայմանավորված ազդեցությունն ի վնաս ծառայողական շահերի օգտագործելով, կրկին նույն սահմանված կարգի խախտմամբ, «[email protected]» էլեկտրոնային փոստի օգտատեր ոմն Ջոն Վարդանյանի հետ ընդամենն էլեկտրոնային նամակագրության միջոցով, 2011 թվականին ընդհանուր 57.024.500 ՀՀ դրամ գումարով իբր բժշկական կենտրոնի կարիքների համար ձեռք է բերել «Մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիկ համալիր» սարքավորումը, որը մոտ 11 տարվա ընթացքում երբևէ չի օգտագործվել բժշկական կենտրոնի կողմից, այլ անսարք լինելու պատճառաբանությամբ Նիկոլայ Դալլաքյանի կողմից հիմնական միջոցների դուրսգրման 21.10.2022թ. թիվ 265 ակտով դուրս է գրվել բժշկական կենտրոնի հաշվեկշռից, և այդ կերպ «Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոն» ՓԲ ընկերությանը պատճառել է առանձնապես խոշոր չափերի՝ շուրջ 57.024.500 ՀՀ դրամի գույքային վնաս:

Բացի այդ՝ Նիկոլայ Դալլաքյանը հաստատապես իմանալով իր որդուն, նույն բժշկական կենտրոնի փոխտնօրեն Դավիթ Դալլաքյանին փաստացի պատկանող «Դայմնդ Մեդիքալ Գրուպ» ՍՊ ընկերության կողմից բաց մրցույթների գնման ընթացակարգերին մասնակցության հայտ ներկայացնելու մասին, անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով, 2021 թվականին որպես հանձնաժողովի նախագահ կազմել և ստորագրել է, իսկ 2022 թվականին արդեն որպես միայն հանձնաժողովի անդամ ստորագրել է պաշտոնական շրջանառության ենթակա իր մերձավոր ազգակցությամբ կապված անձի կամ այդ անձի կողմից հիմնադրված կամ բաժնեմաս ունեցող կազմակերպության կողմից տվյալ ընթացակարգի մասնակից չհանդիսանալու վերաբերյալ շահերի բախման բացակայության մասին կեղծ հայտարարությունները:

Առերևույթ հանցանքի մասին կազմված պատշաճ հաղորդումն ուղարկվել է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե քրեական վարույթ նախաձեռնելու հարցը որոշելու համար: Հակակոռուպցիոն կոմիտեից մեզ հայտնեցին, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ ու ուղարկվել ըստ քննչական ենթակայության: Առաջիկա օրերին գլխավոր դատախազությունը կորոշի՝ որ մարմինը կքննի այդ գործը:

Բժիշկ-մանկաբույժ, Հայկական մանկաբուժական ասոցիացիայի փոխնախագահ, Երևանի պետական բժշկական համալսարանի մանկական վիրաբուժության ամբիոնի դոցենտ Նիկոլայ Դալլաքյանը Aravot.am-ի հետ զրույցում չցանկացավ իրեն վերագրվող արարքների մասին խոսել, ասաց՝ համաժողովի է, մեծ քննարկման ու անջատեց հեռախոսը:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728