Լրահոս
Օրվա լրահոսը

«Պետք էր նախ վերլուծություն կատարել, հրապարակել փաստաթուղթը»՝ փորձագետը 1300 ուսուցիչներին հեռացնելու մասին

Հունիս 30,2023 20:00

Aravot.am-ը ֆինանսական կառավարման փորձագետ, հետազոտող Արտակ Քյուրումյանից հետաքրքրվեց՝ այս համատեքստում երբ մարդկային ռեսուրսների խնդիր կա հանրակրթության ոլորտում, ի՞նչ կարծիքի է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի՝ օրերս արած այն հայտարարության վերաբերյալ, ըստ որի՝ միջին մասնագիտական կրթությամբ 1300 ուսուցիչներ օգոստոսից այլեւս չեն կարող աշխատել դպրոցում, եւ եթե կամավոր ատեստավորման գործընթացն անցնեն հաջողությամբ ու հավաքեն 60 եւ ավելի տոկոս, այդ դեպքում կունենան հնարավորություն՝ շարունակելու իրենց ուսուցչական գործունեությունը։

«Մենք մարդկային ռեսուրսների խնդիր ունենք բոլոր ոլորտներում, եւ պետական քաղաքականությունները մշակելիս այդ հանգամանքը պետք է հաշվի առնել: Շատ հաճախ պետական մարմիններն իրենց ոլորտային ռազմավարություններն ու քաղաքականություններն են մշակում՝ մեծ-մեծ ծրագրեր նախատեսելով, սակայն իրականում մենք այդպիսի ներուժ (առաջին հերթին՝ մարդկային) չունենք, որպեսզի այդ ծավալի աշխատանքներ կատարենք: Այս համատեքստում սա կարող է ապագա սերունդների կրթության հետ կապված ծանր հետեւանքներ ունենալ»,-ասաց Արտակ Քյուրումյանը:

Նրա խոսքով. «Նման գործողություն կատարելուց առաջ անհրաժեշտ է նախ կատարել վերլուծություն, հրապարակել զեկույց, թե ինչպիսին է իրավիճակը, այդ 1300 ուսուցիչները, որ կրճատվելու են, որ մարզերում, որ համայնքներում են կրճատվում, ինչ մասնագիտություններ են, ինչ այլընտրանքներ է դիտարկել կառավարությունը, ինչ է անհրաժեշտ այս քայլի հետ կապված խնդիրներին առերեսելու համար, ինչու են հենց այս լուծումը գտել: Սա բարդագույն խնդիր է, որը վերլուծություն է պահանջում, եւ որը պետք է ներկայացվի հանրությանը, պետք է նաեւ ներկայացվեն լուծման այլընտրանքները: Մինչդեռ, մենք այդ քաղաքականության հետ կապված աշխատանքի կատարումը չենք տեսնում: Միայն տեսնում ենք, որ մարդիկ ինչ-ինչ պատկերացումներ ունեն, առաջնորդվում են իրենց պատկերացումներով՝ առանց վերլուծական աշխատանք կատարելու»:

Մեր զրուցակիցը այս քայլը ոչ թե բարեփոխում, այլ գործողություն է որակում. «Դրանք գործողություններ են, իսկ բարեփոխում ասվածը պետք է սկսվեր Կրթության զարգացման ծրագրից, որը ձեւական առումով անցավ որոշակի հանրային քննարկում, բայց իրականում ԿԳՄՍ նախարարությունը, կառավարությունը հնչած հարցերը, դիտարկումները, մտահոգությունները այդպես էլ չներառեցին, չինտեգրեցին այդ փաստաթղթում, իսկ այդ փաստաթղթում առկա են բազմաթիվ հռետորական հայտարարություններ, որոնց պատճառները չգիտենք, պարզ չէ, թե ինչու է ստեղծվել այդ իրավիճակը: Օրինակ, այդ փաստաթղթում ասվում է, որ երեխաների մոտ մեկ երրորդը կարդալու եւ կարդացածը հասկանալու խնդիր ունի, բայց ինչու է այս վիճակը ստեղծվել…Մինչեւ այդ բնույթի հարցերին չպատասխանենք, խնդիրը չբացահայտենք, չենք կարող այն լուծել: Եվ հետո ո՞վ ասաց, որ իրենք խնդրի լուծմամբ են զբաղվում, իրենք ուղղակի իրենց ձեւակերպած խնդրի լուծումն են տալիս;

Նույնն էլ կառավարման խորհուրդների վերաբերյալ է: Ռազմավարության մեջ ասվում է, որ կառավարման խորհուրդները չկայացան, բայց ինչո՞ւ չկայացան, այդ ինչպես է լինում, որ այլ երկրներում կայանում են, իսկ Հայաստանում՝ ոչ: Եթե Կրթության ռազմավարության մեջ նման հարցերին չեն պատասխանել, ապա փոփոխությունները, որ կատարում են, զուտ գործողություններ են, որոնք մի ծրագրի շրջանակներում չեն ինտեգրվում, որպեսզի հանգեցնեն ցանկալի արդյունքի: Իհարկե, կարող է պատահականության արդյունքում նաեւ լավ արդյունք գրանցվել ինչ-որ տեղ, բայց դա շատ քիչ հավանական է»:

Դիտարկմանը՝ հնարավոր չէ՞ր, այդ 1300 ուսուցիչների հարցը լուծել միկրորոկավորումների ճանապարհով, մարդիկ շարունակեին աշխատել եւ հավաքել պահանջվող մոտ 60 կրեդիտը, որ կա բարձրագույն կրթության համեմատությամբ, Արտակ Քյորումյանն այսպես արձագանքեց. «Իրենք կարող են ասել 12 տարի ժամանակ էր տրված, ո՞վ էր իրենց խանգարում այդ հարցը լուծել, սակայն տվյալ պարագայում խնդիրն այն չէ, թե ով ում ինչ ասաց, ինչ մեղադրեց, դա արդեն երկրորդական է: Տուժում է աշակերտը:

Գուցե հիմա կրկնվեմ, բայց անհրաժեշտ էր վերլուծություն կատարել, ուսումնասիրություն, հրապարակելով փաստաթուղթը: Պետք է ներկայացվեր հանրությանը, թե ըստ մարզերի, առանձին առարկաների ինչ խնդիր խնդիր ունենք, եւ 1300 ուսուցչի կրճատումը ինչ հետեւանքներ կարող է ունենալ, ինչ այլընտրանք են դիտարկվում: Օրինակ, ուսուցիչների մի մասից իսկապես պետք հրաժարվել, մի մասի համար խթաններ պետք է ստեղծել, վերապատրաստումներ առաջարկել, բայց այդպիսի կոնկրետ առաջարկներ կարելի է կատարել միայն այն դեպքում, երբ ունենք իրավիճակի վերլուծություն:

Ի դեպ, այս ամենը նախկինում արված քաղաքականության օրգանական շարունակությունն է՝ 2000-ականների սկզբներին կրթական հաստատությունների օպտիմալացում էին անում, հիմա էլ նույն քաղաքականությունը շարունակվում է՝ մի փոքր այլափոխված: Փորձում են ինչ-որ ձեւով օպտիմալացնել կրթական համակարգը, եւ ես սա դիտարկում եմ օպտիմալացման քաղաքականության համատեքստում»:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930