Լրահոս
Օրվա լրահոսը

Աշխարհում աճում է սոցիալապես անպաշտպան երեխաների թիվը. զեկույց

Մարտ 02,2023 17:36

ԺՆԵՎ/ՆՅՈՒ ՅՈՐՔ, 2 մարտի, 2023 թ. – Սոցիալապես անպաշտպան երեխաների թիվը տարեցտարի ավելանում է, ինչի պատճառով նրանք կարող են հայտնվել աղքատության մեջ, ենթարկվել սովի և խտրականության՝ համաձայն ՅՈՒՆԻՍԵՖ-ի և Աշխատանքի միջազգային կազմակերպության (ԱՄԿ) հրապարակած նոր զեկույցի։

Ավելի քան մեկ միլիարդ պատճառ. երեխաների համար համընդհանուր սոցիալական պաշտպանություն ստեղծելու հրատապ անհրաժեշտություն զեկույցը զգուշացնում է, որ 0-15 տարեկան լրացուցիչ 50 միլիոն երեխա 2016 – 2020 թվականների ընթացքում չի ներառվել սոցիալական պաշտպանության համակարգում, մասնավորապես՝ չի ստացել երեխայի նպաստ (վճարվում է կանխիկ կամ հարկային վարկերով)՝ մինչև 15 տարեկան նպաստ չստացած երեխաների թիվն ամբողջ աշխարհում հասցնելով 1,46 միլիարդի:

«Ի վերջո, անել հնարավորը ներդնելու հօգուտ երեխաների համընդհանուր սոցիալական պաշտպանության, որի լավագույն տարբերակը երեխաների համընդհանուր նպաստներն են՝ ուղղված ընտանիքների շարունակական աջակցությանը, էթիկական և ռացիոնալ ընտրություն է, որը ճանապարհ է հարթում դեպի կայուն զարգացում և սոցիալական արդարություն», – ասել է ԱՄԿ-ի սոցիալական պաշտպանության բաժնի ղեկավար Շահրա Ռազավին (Shahra Razavi):

Զեկույցի համաձայն՝ երեխայի և ընտանիքի նպաստների ծածկույթի դրույքաչափերը նվազել կամ լճացել են աշխարհի բոլոր տարածաշրջաններում 2016-2020 թվականներին՝ թույլ չտալով, որ որևէ երկիր հասնի մինչև 2030 թվականը սոցիալական պաշտպանության հիմնարար ծածկույթի հասնելուԿայուն զարգացման նպատակին: Առանց անհրաժեշտ սոցիալական պաշտպանության՝ երեխաները դառնում են խոցելի. մեծանում է աղքատության, հիվանդությունների, կրթությունը չշարունակելու և վատ սնվելու, երեխաների ամուսնության և երեխաների աշխատանքի հավանականությունը:

Ամբողջ աշխարհում երեխաները երկու անգամ ավելի հավանական է, որ ապրեն ծայրահեղ աղքատության մեջ, քան մեծահասկաները՝ գոյատևելով օրական 1,90 ԱՄՆ դոլարից (PPP) պակաս գումարով: Աշխարհում 356 միլիոն երեխա այսօր ապրում է ծայրահեղ աղքատության մեջ: Մինչդեռ մեկ միլիարդ երեխա ապրում է բազմաչափ աղքատության մեջ, այսինքն՝ առանց կրթության, առողջապահության, բնակարանի, սննդի, սանիտարական պայմանների կամ ջրի հասանելիության: Բազմաչափ աղքատության մեջ ապրող երեխաների թիվը ՔՈՎԻԴ-19 համավարակի ընթացքում աճել է 15 տոկոսով, ինչը հակադարձում է մանկական աղքատության կրճատման նախկինում
ձեռք բերած առաջընթացին և կարևորում սոցիալական պաշտպանության հրատապ անհրաժեշտությունը:

Համավարակն ընդգծեց, որ սոցիալական պաշտպանությունը ճգնաժամերին արձագանքելու կարևորագույն գործիք է: ։ Աշխարհի գրեթե յուրաքանչյուր կառավարություն կա՛մ արագորեն հարմարեցրեց գոյություն ունեցող մեխանիզմները, կա՛մ ներդրեց սոցիալական պաշտպանության նոր ծրագրեր՝ աջակցելու երեխաներին և ընտանիքներին, սակայն մեծ մասը չկարողացավ մշտական բարեփոխումներ կատարել՝ ապագա ցնցումներից պաշտպանվելու համար, ասվում է զեկույցում:

«Քանի որ ընտանիքները բախվում են աճող տնտեսական դժվարությունների, պարենային անապահովության, հակամարտությունների և կլիմայի հետ կապված աղետների հետ, երեխաների համընդհանուր նպաստները կարող են փրկօղակ դառնալ», – նշել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի սոցիալական քաղաքականության և սոցիալական պաշտպանության գծով ղեկավար Նատալյա Վինդեր-Ռոսսին (Natalia Winder-Rossi): «Հրատապ անհրաժեշտություն կա ուժեղացնելու, ընդլայնելու և ներդրումներ կատարելու հօգուտ երեխայակենտրոն և ցնցումակայուն սոցիալական պաշտպանության համակարգերի: Սա էական նշանակություն ունի թույլ չտալու, որ երեխաներն ապրեն
աղքատության մեջ և հատկապես՝ ամենաաղքատ տնային տնտեսությունների դիմակայունությունը բարձրացնելու առումով»:

Զեկույցն ընդգծում է, որ բոլոր երկրները, անկախ իրենց զարգացման մակարդակից, ընտրություն ունեն` ստեղծելու սոցիալական պաշտպանության համակարգերի ամրապնդմանն ուղղված ներդրումների հեռահայաց ռազմավարություն կամ ոչ հավակնոտ ռազմավարություն, որ չի անում անհրաժեշտ ներդրումներ և անտեսում է միլիոնավոր երեխաների:

Բացասական միտմանը հակազդելու համար ԱՄԿ-ն և ՅՈՒՆԻՍԵՖ-ը քաղաքականություն մշակողներին կոչ են անում վճռական քայլեր ձեռնարկել՝ բոլոր երեխաների համար համընդհանուր սոցիալական պաշտպանության հասնելու համար, այդ թվում.
* Ներդրումներ կատարել հօգուտ երեխայի այնպիսի նպաստների, որոնք առաջարկում են ապացուցահեն և ծախսարդյունավետ ձևեր մանկական աղքատության դեմ պայքարելու և երեխաների զարգացումն ապահովելու համար:
* Սոցիալական պաշտպանության ազգային համակարգում երեխայի տարատեսակ նպաստների ներդնում, որոնք նաև կապում են ընտանիքներին կարևոր առողջապահական և սոցիալական ծառայություններին, ինչպիսիք են անվճար կամ մատչելի որակյալ խնամքը երեխաների համար:
* Սոցիալական պաշտպանության այնպիսի համակարգի ստեղծում, որն իրավունքահեն է, գենդերազգայուն, ներառական և ցնցումակայուն՝ արձագանքելու անհավասարություններին և ավելի լավ արդյունքներ ապահովելու, օրինակ՝ աղջիկների և կանանց, միգրանտ երեխաների, ինչպես նաև երեխաների աշխատանքի մեջ ներգրավված երեխաների համար:
* Սոցիալական պաշտպանության համակարգի կայուն ֆինանսավորման ապահովում՝ ներքին ռեսուրսների մոբիլիզացմամբ և երեխաների համար բյուջետային հատկացումների ավելացմամբ:
* Ծնողների և խնամակալների համար սոցիալական պաշտպանության ուժեղացում՝ երաշխավորելով արժանապատիվ աշխատանքի և համապատասխան նպաստների հասանելիություն, այդ թվում գործազրկության, հիվանդությունների, մայրության, հաշմանդամության և կենսաթոշակների հասանելիություն:

ՅՈՒՆԻՍԵՖ Հայաստան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031