Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

«Ես հերքում եմ, չեմ ընդունում, ձաղկում եմ, դրանք ավելորդ խոսակցություններ էին, որ ասում էին՝ ինչու եք հավաքվում». Հրանուշ Հակոբյան

Մարտ 10,2023 17:39

Այսօր «Ապագա հայկականը» համահայկական առաջին համաժողովին մասնակցում էր սփյուռքի նախկին նախարար Հրանուշ Հակոբյանը: Նա լրագրողների հետ զրույցում, խոսելով Ռուբեն Վարդանյանի, Նուբար Աֆեյանի, «Ապագա հայկականի» հարթակի մասին, ասաց. «Այս մարդիկ կայացած, հզոր, կարող մարդիկ են, բայց նրանց սիրտը, հոգին հայրենիքում է, դրա համար փորձում են համախմբման խնդիր լուծել: Այստեղ քաղաքացիական քննարկում է տեղի ունենում, բայց բոլոր դեպքերում սփյուռքն ունի իր հենասյուները, դա եկեղեցին է, ավանդական կուսակցությունները, բարեգործությունը, համազգայինը, մշակութայինը, այսինքն, կառույցներն են, որոնք արդեն 100 տարի կարողացել են հային դրսում հայ պահել: Կարեւոր է, որ նրանք փորձել են համախմբվել հատկապես ցեղասպանության ճանաչման շուրջ, որովհետեւ սփյուռքը նախ ցեղասպանության հետեւանք է: Մենք հայոց ցեղասպանության հարցում ոչ թե պետք է նորություններ հորինենք, այլ արդեն եղածի վրա փորձենք ավելացնել, շատացնել, ինչպես ասում են՝ դու քո քարը դիր…Երբեմն հարց են տալիս, թե՝ որ ճանաչեցին ցեղասպանությունը, հետո՞ ինչ: Հետոն կա՝ միջազգայնորեն, թե ինչպես պետք է ճանաչումից դատապարտում, դատապարտումից փոխհատուցում խնդիրները կարգավորել»:

Aravot.am-ը հարցրեց՝ երբ դուք նախարար էիք, համաժողովներ էիք կազմակերպում եւ քննադատվում էիք, որ դրանք կենացների հարթակներ են զուտ, այսօր, երբ զրուցում ենք սփյուռքահայերի հետ, նրանք դժգոհում են, որ թե՛ նախկին իշխանությունները, թե՛ ներկայիս, իրենց լծակներ չեն տվել, որոշումների կայացմանը իրենց մասնակից չեն դարձրել եւ հենց միայն այն, որ այսօր Ադրբեջանի ձայնն ավելի լսելի է միջազգային հանրության համար, քան Հայաստանի եւ Արցախի, դա նաեւ նրանից, է, որ ժամանակին աշխատանք չի տարվել, դուք այս քննադատություններն ընդունո՞ւմ եք՝ Հրանուշ Հակոբյանը պատասխանեց. «Նույն ձեւով հիմա էլ կարելի է ասել՝ հավաքվում ենք, խոսում ենք, հետո՞ ինչ: Ցանկացած հավաք իր մեջ շատ մեծ ներուժ ունի: Առաջինը՝ մարդիկ իրար ճանաչում են, երկրորդը՝ գաղափարներ են ծնվում, առաջարկներ են արվում, հարցադրումներ են կատարվում ու եթե այդ առաջարկների 10%-ն էլ իրականություն դառնա, ապա դա կդառնա կարեւորագույնը: Ես հերքում եմ, չեմ ընդունում, ձաղկում եմ, դրանք ավելորդ խոսակցություններ էին, որ ասում էին՝ ինչու եք հավաքվում: Հավաքվում էինք համահայկական առաջնահերթությունները որոշելու»:

Ինչ վերաբերում է սփյուռքահայերին լծակներ տալուն՝ նա ասաց. «Լծակն այն է, որ յուրաքանչյուրը իր տեղում սկսի աշխատել»:

Իսկ թե ինչու, օրինակ, ԱԺ-ում սփյուռքահայերի համար քվոտավորված տեղեր չստեղծեցին՝ նա պատասխանեց. «2010-ին ես եմ այդ առաջարկն արել՝ ԱԺ-ում ստեղծել վերին պալատ սփյուռքի ներկայացուցիչների, բայց սփյուռքը միաձայն չընդունեց, տարբեր կարծիքներ եղան: Գիտեք, 7 մլն մարդ դրսում են ապրում, 3 մլն այստեղ, բոլորը չեն կարող միակարծիք լինել»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031