Լրահոս
Օրվա լրահոսը

Գերլարված իրավիճակ Ախուրյանում․ ավագանու անդամին բռնել տալով՝ փորձել են իշխանափոխություն անե՞լ

Մարտ 18,2023 14:52

Տևական ժամանակ է՝ Ախուրյանում լուրեր են շրջանառվում առ այն, որ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը պատրաստվում է իշխանափոխություն անել այնտեղ․ ազատվել դաշնակցական համայնքապետ Արծրուն Իգիթյանից՝ փոխարենը համայնքապետ կարգելով ՔՊ-ի ցուցակի երկրորդ համարը զբաղեցնող Զավեն Մանուկյանին։

Ախուրյանի ավագանու ՔՊ խմբակցությունը գլխավորում է Ալբերտ Այվազյանը, որը նաև Շիրակի փոխմարզպետ է։ Նա ամենայն հավանականությամբ ցանկություն չունի հրաժարվել Շիրակի մարզային իշխանությունից, հետևաբար և, ըստ խոսակցությունների, մտադիր են համայնքապետի պաշտոնը հանձնել Ախուրյանի հիվանդանոցի տնօրեն, բժիշկ Զավեն Մանուկյանին՝ Շիրակի մարզի առաջին ատյանի նախկին, երկարամյա դատավորներից մեկի՝ Աշոտ Մանուկյանի որդուն։

Ախուրյանի ներկայիս ղեկավարությունը քիչ առաջ հայտարարություն է տարածել (տես նյութի վերջում)՝ որոշ մանրամասներ ներկայացնելով ՔՊ-ի այս մտադրության մասին։

Հայտարարությունից տեղեկանում ենք, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը նման մի փորձ կատարել է 2022 թվականի վերջին՝ բյուջեի նախագիծը հաստատելիս, տապալել է այն՝ պատճառաբանելով, որ ՔՊ-ականներին Ախուրյանի բնակավայրերի վարչական ղեկավարների պաշտոններ չեն տվել։

Իշխանափոխության երկրորդ փորձը կատարվել է երկու օր առաջ․ Ախուրյանի համայնքային իշխանության ներկայացուցիչների պատմելով, ավագանու նիստին ընդառաջ, որտեղ քննարկվելու էր 2022 թվականի բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը, ոստիկանական մեծ ուժեր շրջափակել էին Ախուրյանի համայնքապետարանի շենքը ու փորձել բերման ենթարկել ավագանու անդամներից մեկին, որպեսզի քվորում չապահովվեր ու տապալվեր հաշվետվության ընդունումը։

Այդ դեպքում, ըստ մեր զրուցակիցների, ՔՊ-ականները կհասնեին իրենց երազանքին՝ անվստահություն կհայտնեին ու կպահանջեին դաշնակցական Արծրուն Իգիթյանի հրաժարականը։

Կատարվածի շուրջ Aravot.am-ին մանրամասներ է ներկայացրել Ախուրյանի փոխհամայնքապետ Վարդան Իկիլիկյանը՝ պնդելով, որ մարդ բռնել տալու միջոցով, փորձում էին իշխանափոխություն անել Ախուրյանում։

«Բոլորս էլ գիտենք, որ քաղաքականությունը մաքուր  բան չէ, բայց երբ երկրի ուժային կառույցներին են ներքաշում, սա շատ տխրելու է։ Ես համոզված չեմ, որ ոստիկաններին տրված հրահանգը ոստիկանների սրտով է, ինչ գործ ունեն ոստիկանները քաղաքականության հետ։ Նրանք անելիք չունե՞ն, որ այդ ծառայողներին բերում-խառնում են քաղաքականության մեջ։

Մեր ավագանու անդամի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել վեց ամիս առաջ, նախաքննությունը շարունակվում է, բայց ավագանու նիստից մեկ օր առաջ հրավիրեիք հարցաքննության կամ գուցե նիստից հետո, ի՞նչ կապ ունի մեր ավագանու նիստը այդ քրգործի հետ։

Ամսի 16-ին մեր համայնքի բյուջեի հաշվետվությունն էր, եթե բյուջեի հաշվետվությունը չընդունվեր, մեխանիկորեն համայնքի ղեկավարի հրաժարականի հարցն էր առաջ գալիս։

Հիմա իրենք պլանավորել էին, որ քվորում չապահովվեր, ՔՊ-ն չէր եկել տապալելու նպատակով, մեր ավագանու անդամին էլ եթե հաջողվեր տանեին, հաշվետվությունը չէր ընդունվի։

Մենք 14 անդամ ունենք, ՔՊ-ն՝ 13։ Իրենցից մեկը ոնց որ ՌԴ-ում է,  14/12 էինք մնում, իրենք պլանավորել էին, որ մեր 14-ից մեկին կտանեն, իրենք էլ նիստին չեն մասնակցի ու որոշում չի կայանա հաշվետվությունն ընդունելու մասին։ Ժամկետն էլ մինչև մարտի 20-ն է սահմանված, չընդունվելու դեպքում համայնքի ղեկավարը հրաժարական է  տալու, անվստահության հարց է առաջ գալիս»,-պատմեց Վարդան Իկիլիկյանը։

Նա ասաց, որ ավագանու անդամը զգացել է՝ իրեն հետապնդում են, գիշերն անգամ ոստիկանները շրջափակած են եղել նրա տունը՝ հերթապահություն իրականացնելով, աշխատանքի վայրում ևս, նույնիսկ կանգնել են այն ճանապարհների վրա, որով կարող էր ավագանու անդամը հասներ քաղաքապետարանի շենք։

Այս դեպքում ավագանու անդամն ավելի խորամանկ է գտնվել․ կարողացել է թաքնվել ու զարտուղի ճանապարհներով հասնել նիստերի դահլիճ։

Նա եկել ու մասնակցել է նիստին, անմիջապես զանգահարել են ավագանու անդամի փաստաբանին՝ Շահեն Իկիլիկյանին, որպեսզի եթե պիտի ծանուցեն, փաստաբանի ներկայությամբ անեն դա։ Փաստաբանը դիմել է Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ։

«Այդ գործողություններից հետո երևի հասկացան՝ ինչ են անում, թողեցին, գնացին»,-ասաց Վարդան Իկիլիկյանը։

Նիստը կայացել է, ՔՊ-ն չի մասնակցել։

«Իրենց դարանակալած, սարքած գործը իրենց պետք եկավ։ Եթե իրենք ուզում էին Զավեն Մանուկյանին կարգել համայնքապետ, թող ժամանակին ճիշտ քաղաքական պայքար տանեին, թող Մանուկյան Զավենին դնեին ցուցակի առաջին համարում, եթե իրենց հեղինակությունն այդքան շատ էր, թող Մանուկյան Զավենն անցներ, ինչու Այվազյան Ալբերտին դրեցին։

Եթե այդքան շատ են ուզում, ի սեր Աստծո ընտրություն կլինի, ազատ է, թող յուրաքանչյուր մարդ առաջադրվի, բայց հիմա նման գործելաոճով՝ մարդ բռել տալով ուզում են արհեստական վիճակ ստեղծեն, սա՞ է մեր ժողովրդավարական իշխանությունը։ Շատ ուժեղ ժողովրդավարություն է։ Ուր գնում էիր, հարցնում էին՝ ճի՞շտ է, որ մարտի 16-ը ձեր իշխանության վերջին օրն է Ախուրյանում, հենց իրենք էին տարածել, որ այդ օրը իշխանափոխություն կանեն, կպրծնեն»։

Վարդան Իկիլիկյանն ասում է՝ ՔՊ-ականները՝ որպես ավագանու անդամներ, բացարձակապես չեն մտածում համայնքի զարգացման, ընտրողների շահերի մասին, իրենց միակ նպատակն է  պարալիզացնել համայնքապետարանի աշխատանքը։

«Երբևիցե 13 հոգով մի հատ նախագիծ չեն բերել,  նախնական բյուջե էինք ընդունում, հարցնում ենք՝ ինչո՞ւ եք դեմ քվեարկում, եթե դեմ եք, հիմնավորում բերեք, տեսանյութը կա, ես փաստերով եմ խոսում, ՔՊ խմբակցության ղեկավար Ալբերտ Այվազյանն ասաց՝ դե մենք ասացինք մեզանից երկու հատ, «հատ» էլ ասում է, վարչական ղեկավար նշանակեք, չնշանակեցիք, դրա համար դեմ ենք քվեարկում։

Ասում եմ՝ լսեք նախնական բյուջեն չհաստատելով՝ հունվար ամսին արդեն իսկ չեն կարող մեր ՀՈԱԿ աշխատավարձերը, գազի լույսի վարձերի հարցը կարգավորել։ Եթե ունեք դիտողություններ բյուջեի մասով, ասեք՝ որտեղ ենք թերացել, ինչ եք ուզում ավելացնենք, ավելացնենք, ընդունենք ձեր առաջարկությունները, բայց ի՞նչ է նշանակում գլխավոր ֆինանսական փաստաթուղթը չհաստատել։ Այսինքն իրենց միայն հետաքրքրում է իշխանություն զավթել ու վերջ»,-ասաց Վարդան Իկլիկյանը։

Վերջինս ասում է՝ գյուղերը խայտառակ վիճակում են, իսկ ՔՊ-ականները ընկել են կուսակցական անառողջ պատմությունների հետևից։

«Եկեք գնանք, տեսենք նույն Ավյազյան Ալբերտի ղեկավարած գյուղը, տեսնեք ինչ մեղք վիճակի մեջ է, 31 տարի ինքն է եղել համայնքի ղեկավար, եկեք շրջայց անենք գյուղերով, տեսեք ինչ ժառանգություն են տվել մեզ։ Եկեք մոտենանք, տեսնենք թալանված Ոսկեհասկը, Հայկավանը, ասում են շատ փոքր սարի գյուղ է, տեսեք ինչ ժառանգություն է հասել մեզ, ահավոր դժվար վիճակում են, չհաշված սրանց սարքած պատմությունները։

Ի դեպ, Վարդան Իկիլիկյանը այս ամենը կապում է մարզային իշխանության փոփոխության հետ։

«Կասեք ինչո՞ւ Նազելի Բաղդասարյանի կողմից այսպիսի շինծու պատմություններ չէին կազմակերպվում, ես չեմ ասում, թե նա ընդդիմադիրների կողքին էր կանգնած, բայց նա համենայնդեպս լավագույն աշխատանքը գնահատում էր, օբյեկտիվ վերաբերմունքն էր ցույց տալիս․ ասում էր՝ սա լավ է, սա վատ։

Ի՞նչ է նշանակում  մարզային իշխանության փոփոխություն եք անում՝ եկեք աշխատենք մարդ բռնել տալով, օգնելու փոխարեն պարալիզացնեք հա՞ համայնքապետարանի աշխատանքը։

Առաջարկել եմ համայնքապետ Արծրուն Իգիթյանին՝ մարզպետ Մուշեղ Մուրադյանին հրավիրեք, մենք աշխատակազմով հավաքվենք, հասկանանք, թե պարոն մարզպետ, խնդիրը ո՞րն է,  չե՞ս ուզում հա քո գլխավորած մարզում համայնքներ զարգանան, բան-գործ թողել ենք, ընկել ենք քաղաքականության հետևի՞ց։

Պատկերացրեք, Անիի ժողովուրդն ասում է՝առավոտից իրիկուն մեր գյուղերում են՝ էդ նույն մարզպետն էլ,  մնացածն էլ, անգամ աշխատանքային ժամերին, որի իրավունքը չգիտեմ՝ ով է նրանց տվել։ Բայց ոնց որ էսքան ժամանակ մի հատ մեր համայնք չես այցելում, հիմնախնդիրներին կամ մնացածներին ծանոթանալու համար։

Անիում ՏԻՄ ընտրություններ են, հանձն եք առել ձեր թեկնածուին ամեն կերպ անցկացնելու, մտածում են՝ կարելի է Անին ու Ախուրյանն էլ դարձնել իրենցը, վատը լինի, բայց թող իրենցը լինի, ես այդպես եմ հասկանում։

Եթե մտածում եք՝ Հայաստանն էնքան հետամնաց երկիր է,  որ ընտրություններով չպիտի լինի համայնքապետ, եկեք տանք ձեզ, մենք կթողնենք տուն կգնանք»,-եզրափակեց Վարդան Իկիլիկյանը։

Ախուրյանի համայնքապետի տարածած հաղորդագրությունը հետևյալն է․

«2021 թվականի դեկտեմբերի 5-ին Շիրակի մարզի Ախուրյան խոշորացված համայնքում անցկացված ավագանու ընտրությունների արդյունքում «Ախուրյան» դաշինքը ստացել էր 3854, «Հաղթանակ» դաշինքը՝ 2810, իսկ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ 6195 ձայն: Օրենքի սահմաններում, երկու ընդդիմադիր դաշինքները միավորվել եւ իրենց վստահված 6664 ձայներով, ստանձնել են Ախուրյանի կառավարումը:

Ոչ մի կերպ չհաշտվելով պարտության հետ՝ ՔՊ ավագանու անդամները մշտապես արհեստական խոչընդոտներ են ստեղծում համայնքապետարանի աշխատակազմի լիարժեք աշխատանքներին ու համայնքի բնականոն զարգացմանը:

Օրինակները բազմաթիվ են.

2022 թվականի տարեվերջին ՔՊ ավագանին առանց որևէ հստակ հիմնավորման տապալեց համայնքի 2023 թվականի բյուջեի նախագիծը, ինչը ենթադրում էր, որ չեն աշխատելու մանկապարտեզները, ենթակառուցվածքները, աշխատակազմն էլ աշխատավարձ չի ստանալու:

Նիստի ուղիղ եթերի տեսագրությունից կարող եք տեսնել, թե ինչպես են ավագանու ՔՊ անդամներն առանց թաքցնելու ասում, որ բյուջեի նախագիծը չեն հաստատում միայն քաղաքական դրդապատճառներով: Ըստ նրանց, նախգծին դեմ են արտահայտվում, որովհետև համայնքի ղեկավարը իրենց ուզած մարդը չէ: Ընդդիմադիր խմբակցության ղեկավարի՝ Շիրակի փոխմարզպետ Ալբերտ Այվազյանի հիմնավորումն էլ այն է, որ ընտրություններում իրենց աջակցող մարդկանց, ում աշխատատեղ էին խոստացել, ոչ մեկին գործող համայնքապետը աշխատանքի չի ընդունել:

Ընդդիմադիր խմբակցությունը 2023 թվականի մարտի 16-ի ավագանու նիստի ժամանակ 2022 թվականի բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը չընդունելու և նիստը տապալելու ևս մեկ փորձ արեց, հաջողելու դեպքում կարող էին պահանջել համայնքապետի հրաժարականը: ՔՊ խմբակցությունը նիստին չմասնակցեց, քվորում չապահովելու դիտավորությամբ էլ անսպասելի համայնքապետարան եկած իրավապահ մարմինները փորձ արեցին որոշակի պարզաբանումներ ստանալու պատրվակով ոստիկանական բաժանմունք հրավիրել «Ախուրյան» դաշինքի անդամներից մեկին: Այս անգամ ևս համայնքի աշխատանքները պարալիզացնելու փորձը տապալվեց:

Կոչ ենք անում ընդդիմադիր խմբակցությանը արժանապատիվ կերպով ընդունել պարտությունը և քաղաքական ամբիցիաներն ավելի վեր չդասել համայնքի բնականոն զարգացումից:

ՀԳ. Մինչև օրս ընդդիմադիր ավագանու անդամները ո՛չ մի նախագիծ չեն բերել քննարկման:

Մենք կլսենք նաև ՔՊ խմբակցության ղեկավար Ալբերտ Այվազյանի մեկնաբանությունները։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031