Լրահոս
Օրվա լրահոսը

Թուրք վերլուծաբանն ԱՄՆ-ին անվանում է «թշնամի»

Մարտ 21,2023 21:40

Ermenihaber.am. Թուրքական իշխանամետ «Sabah» թերթի կայքում սյունակ վարող հեղինակ Յուքսել Այթուղն օրերս հրապարակել էր «Կեղտոտ խաղի փորձը» հոդված, որը տարածվել է իշխանամերձ այլ կայքերում ևս։ Հեղինակը, անդրադառնալով ԱՄՆ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Մարկ Միլլիի՝ Սիրիայի հյուսիս կատարած այցին (քրդերն այդ տարածքն անվանվում է «Ռոժավա», որը քրդերենից թարգմանաբար նշանակում է «արևմուտք» – խմբ.), գրում է, որ Թուրքիայի թշնամիներն օգտվում են այն առիթից, որ Թուրքիան հիմա զբաղված էր ընտրություններով ու երկրաշարժի հետևանքները վերացնելով։

Նա, սակայն, չի ներկայացնում այն փաստը, որ այցից հետո Միլլին և Պենտագոնի ղեկավարը հանդես էին եկել ելույթով՝ պարզաբանելով այցի պատճառները։ Փոխարենը հոդվածի հեղինակը ակնհայտորեն հակաամերիկյան շեշտադրումներ է անում՝ ՆԱՏՕ-ական դաշնակից ԱՄՆ-ին համարելով «թշնամի»։

«ԱՄՆ շտաբի պետը և CENTCOM-ի հրամանատարն այցելել են Սիրիայում PYD-ի (Սիրիայի քրդերի «Ժողովրդավարական միություն» կուսակցություն) և PKK-ի («Քուրդիստանի բանվորական» կուսակցություն) ճամբարներ, այնուհետև հրամանատարության կողմից հնչել է գովասանքի խոսքեր այդ ահաբեկիչների հասցեին։

Հարց է առաջանում, թե հեղինակը որտեղի՞ց գիտի այսպես կոչված «գովասանքի խոսքերի» մասին, ո՞վ է նրան հայտնել այդ տեղեկությունը և ինչու՞ է հակաամերիկյան գիծը ողջ հոդվածով անցնում։ Հեղինակն այդ քարոզի շրջանակներում «Վեցյակի սեղանի» կուսակցություններին մեղադրում է ԱՄՆ-ի հետ համաձայնության գալու և ապագայում Թուրքիան կործանելու ծրագրի մեջ:

Պետք է նշել, որ ամիսներ առաջ ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցության (ԺՀԿ-CHP) նախագահ և «Վեցյակի սեղանի» ներկայիս նախագահի թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուի այցերը Գերմանիա, Մեծ Բրիտանիա և ԱՄՆ հարուցել էին Թուրքիայի իշխանական թևի անհանգստությունն ու քննադատությունը։

Խոսելով ընտրություններում հավանական հաղթանակի մասին՝ Այթուղը գրում է, որ եթե նրանք (ընդդիմադիրները-խմբ․) պատահաբար կամ սխալմամբ գան իշխանության, թուրքական զորքերը դուրս կբերեն Իրաքից, Սիրիայից և կապահովեն քրդական միջանցքի վերաբացումը ու գուցե նույնիսկ հրաժարվեն Կիպրոսից։

«Մեր հազարավոր զինվորների ու անմեղ քաղաքացիների արյունով շահած յուրաքանչյուր թիզ հող նրանք առանց մեկ վայրկյան անգամ մտածելու կնվիրաբերեն իրենց օտարերկրյա համախոհներին»,- ենթադրում է Այթուղը։

Հերթական անգամ թուրք հեղինակը ցույց է տալիս իր երկրի ծավալապաշտական քաղաքականության արդյունքում ձևավորված մտածելակերպի հետևանքները։ Խոսելով «օտար համախոհներին հողեր նվիրելու մասին»՝ նա հասկանալիորեն խուսափում է նշել, որ դրանք ժամանակին այլ երկրների ինքնիշխան տարածքի մասն են եղել ու բռնազավթվել են հենց Թուրքիայի կողմից։ Պատճառներից մեկն էլ դա է, որ հարևան մի շարք երկրների հետ (Հունաստան, Սիրիա, Իրաք, Կիպրոս) Թուրքիան չի կարողանում մինչ օրս կայուն հարաբերություններ հաստատել։

«Համոզված եղեք, եթե այս մեծ աղետը մեր գլխին չգար, Մեհմեթչիքը (Թուրքիայի զինված ուժերի հավաքական անվանումը – խմբ․) Սիրիայում կիրականացներ այն գործողությունը, որից ԱՄՆ-ն այդքան վախենում էր։ Հիմա հասկանու՞մ եք, թե ինչու են «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (ԺԴԿ-HDP) կողմնակիցներն ասում «Ներքին գործերի և պաշտպանության նախարարություններն էլ մեզ տան, չենք վերցնի» ու ծիծաղում։ Որովհետև հավատում են, որ իրենց ձեռքին է լինելու «Նախագահականը»»,- եզրափակել է իր հոդվածը Այթուղը։

Վերջին հատվածում հեղինակը հակաամերիկյան շեշտադրումներին ավելացնում է նաև հակաքրդականը, սակայն հաշվի չի առնում, որ նույն իշխող կուսակցության համար գալիք ընտրություններում հաղթանակ տանելու համար քրդական ընտրազանգվածի ձայները, եթե ոչ որոշիչ, ապա հաստատ կարևոր նշանակություն են ունենալու։

 

Հեղինակ`   ՍԱՌԱ ԴԱՆԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031