Լրահոս
Օրվա լրահոսը

«Արդարացում չունի նաեւ ռուս խաղաղապահների արձագանքը ստեղծված իրավիճակին». «Առերեսում»

Ապրիլ 08,2023 22:00

Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը պաշտոնական հաղորդագրությամբ արձանագրել էր. «2023 թվականի մարտի 25-ին Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները, խախտելով 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության առաջին կետը, Շուշիի շրջանում հատել են շփման գիծը և զբաղեցրել 2054 բարձունքը և սկսել ինժեներական աշխատանքներ: Ադրբեջանական կողմին է ներկայացվել եռակողմ հայտարարության դրույթների կատարման անհրաժեշտության, ինժեներական աշխատանքները դադարեցնելու և Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումների՝ նախնական դիրքեր վերադարձնելու մասին պահանջ»: Այս արձանագրումից երկու շաբաթ է անցել, սակայն պահանջներից եւ ոչ մեկը կատարվել:

Արձանագրմանն ի պատասխան, թե ՌԴ խաղաղապահները չեն կարողանում խնդիրը լուծել՝ «Առավոտի» «Առերեսում» հաղորդաշարի հյուրը՝ «Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանն ասաց. «Թե Տեղ գյուղում, թե Գորիս-Կապան ճանապարհահատվածում տեղի ունեցածը, թե Արցախում Լաչինի միջանցքի շրջափակումը եւ այդ գործողությունները, որոնք նշեցիք՝ քաղաքական բնույթի խնդիրներից ելնելով են տեղի ունենում: Երբ գնում ու Պրահայում եւ Վաշինգթոնում 2022 թվականի սեպտեմբերին ու հոկտեմբերին բանակցում ես, եւ այդ բանակցությունների արդյունքում ճանաչում ես Ադրբեջանի սուվերենությունն Արցախի նկատմամբ՝ դու վերախմբագրում ես նոյեմբերի 9-ի փաստաթուղթը: Անկախ նրանից՝ դա մեր երազանքների փաստաթո՞ւղթն է, թե՞ ոչ՝ այնտեղ մի քանի կարեւոր շեշտադրումներ կան մեզ համար. որ զորքերը պետք է մնան այնտեղ, որտեղ կասեցվել է պատերազմը: Լաչինի միջանցքն անորոշ կարգավիճակ ուներ, բայց կարեւոր էր, որ Ադրբեջանը երաշխավորում էր միջանցքի անխափան գործունեությունը, ռուսներն էլ պետք է այնտեղ կանգնած լինեին: Արցախի կարգավիճակի վերաբերյալ նույնպես ոչ մի հարց չի եղել: Դրա հետ մեկտեղ՝ նաեւ կետ կար գերիների վերադարձի հետ կապված: Այսինքն՝ նոյեմբերի 9-ի փաստաթուղթը ֆիքսել էր այն իրողությունները, որոնք կային գետնի վրա: Հետագա բանակցությունների արդյունքում մենք տարբեր հնարավորություններ ենք ունեցել թե կյանքի կոչել փաստաթղթում առկա դրույթները, թե փորձել ինչ որ զարգացում ապահովել: Բայց մենք տեսանք, որ Հայաստանի իշխանություններն ընտրություն կատարեցին հետեւյալ ուղղությամբ՝ Մոսկվայի, Բաքվի եւ Երեւանի միջեւ եռակողմ համաձայնությունը նրանք փորձեցին իրականացնել Արեւմուտքում: Սա ընդհանրապես նոնսենս է»:

Դիտարկմանը, թե այդ փորձն իրականացվեց, երբ պարզ դարձավ, որ խաղաղապահներն ամբողջությամբ չէ, որ իրականացնում են իրենց առաքելությունը՝ Բենիամին Մաթեւոսյանն արձագանքեց. «Բոլոր դեպքերի վերաբերյալ պետք է մանրամասն քննարկում լինի եւ հասկանանք, թե ինչպես է այդպես ստացվել»: Սակայն դարձյալ ընդգծեց. «Երբ դու վերախմբագրել ես նոյեմբերի 9-ի փաստաթուղթը, որով ճանաչել ես Ադրբեջանի սուվերենությունը Արցախի նկատմամբ՝ տրամաբանական է, որ Ադրբեջանը Լաչինի միջանցքն էլ կփակի, կփորձի նաեւ առաջխաղացումներ ունենալ տարածքում՝ այնքան, որքան հնարավոր կլինի»:

2054 բարձունքից ադրբեջանական կողմն ուղիղ դիտարկման տակ է վերցրել Ստեփանակերտը, Հին Շեն, Մեծ Շեն և մի քանի այլ գյուղերի հետ կապող գրունտային ճանապարհը: Վերցրել է գերիշխող դիրքեր, որտեղից և՛ պաշտպանությունը, և՛ հարձակումն ավելի հեշտ է կազմակերպել: «Հայկական պատմաաշխարհագրական միության» նախագահ, «Պրոֆիլ մեդիայի» տնօրեն Արմեն Մինասյանն առաջարկեց այս ամենն ամբողջության մեջ դիտարկել. «Ադրբեջանը փակեց միջանցքը եւ ակնհայտ էր, որ քաղաքական օրակարգով: Բնականաբար, դա որեւէ արդարացում չունի: Արդարացում չունի նաեւ ռուս խաղաղապահների արձագանքը ստեղծված իրավիճակին: Բայց ի վերջո՝ մեր խնդիրները պետք է լուծենք մենք: Ի՞նչ է արել հայկական կողմը՝ լինի պաշտոնական Երեւանը կամ պաշտոնական Ստեփանակերտը, իրավիճակին ինչպե՞ս են արձագանքել: Ներողություն, բայց հայկական կողմն իրավիճակին արձագանքել է «շուստրիությամբ»: Այսինքն, փակված հատվածը մնացել է փակված, սկսել են օգտագործել շրջանցող գրունտային ճանապարհը, եւ ստիպել են, որ Ադրբեջանը ձեռնարկի հաջորդ գործողությունը… Իմ ունեցած տեղեկություններով, Ադրբեջանը նույնիսկ պատրաստ է արդեն թողնել 2054 բարձունքը, քանի որ ամբողջովին ականապատել են գրունտային ճանապարհը, որպեսզի հնարավոր չլինի շահագործել: Այսինքն՝ Բաքուն ունի քաղաքական օրակարգ, ասում է՝ ես կապիտուլացրել եմ, ուժ եմ կիրառել, կգաք, կնստեք իմ օրակարգով՝ կպայմանավորվենք: Չե՞ք գալիս, եթե ինչ որ գեղջկական «շուստրիությունների» եք դիմում՝ դրա պատասխանն էլ կա: Դրա պատասխանն այն է, որ հաջորդ անգամ ադրբեջանական շտապօգնությունը ոչ թե կբերի Ստեփանակերտ, այլ կտանի Աղդամ»:

Այս չարագուշակ կանխատեսումից հետո, որը հիմքեր ունի, քանի ապրիլի 4-ին էլ էին փորձել հայ կանանց ադրբեջանական շտապօգնությամբ տեղափոխել Շուշի՝ Արմեն Մինասյանն առաջարկեց. «Եկեք նայենք հայելու մեջ՝ ո՞վ է դրա մեղավորը»:

Զրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում

Աննա ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930