Լրահոս
Օրվա լրահոսը

Ի՞նչ վերանորոգում է արել Վլադիմիր Գասպարյանը, ինչպե՞ս է երգել ու պարել նրա դուստրը․ ուշագրավ ցուցմունքներ՝ փողերի լվացման գործով

Ապրիլ 26,2023 17:29

ՀՀ հակակոռուպցիոն դատարանում այսօր ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի թիկնազորի նախկին պետ, 2011-2018թթ․ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության 4-րդ վարչության պետի նախկին տեղակալ, 5-րդ բաժնի նախկին պետ Արշակ Հակոբյանի գործով հերթական դատական նիստում որպես վկա հարցաքննվեց ոստիկանության մշակույթի կենտրոնի աշխատակից Վահան Նաջարյանը եւ դատարանին տեղեկություններ հայտնեց, թե իրեն ինչ է հայտնի Վլադիմիր Գասպարյանի կնոջ՝ Սուսաննա Գասպարյանի ոստիկանությունում աշխատած լինելու մասին։

Հիշեցնենք, որ ըստ մեղադրանքի՝ Արշակ Հակոբյանը լվացել է հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով՝ 351 մլն 497 հազար 422 դրամը եւ 75 մլն դրամ արժեքով անշարժ գույքը: Ըստ մեղադրանքի՝ նա, լինելով պետական ծառայություն իրականացնող պաշտոնատար անձ, ապօրինի մասնակցել է ձեռնարկատիրական գործունեությանը, ինչպես նաեւ զբաղվել է կոռուպցիոն այլ գործունեությամբ, որի արդյունքում հանցավոր ճանապարհով ստացված գույքն ու եկամուտները լվանալու, օրինական քաղաքացիական շրջանառության մեջ դնելու նպատակով` թաքցրել, խեղաթյուրել է ձեռք բերված գույքերի ու վճարված գումարների իրական բնույթը, հանցավոր ծագումը և պատկանելիությունը` դրանց հաղորդելով օրինական տեսք: Մեղադրանքն ամբողջությամբ՝ այստեղ։

Դատավոր Վարդգես Սարգսյանը Վահան Նաջարյանին խնդրեց պատմել այն, ինչ իրեն հայտնի է։ Պատկառելի տարիքում գտնվող վկան, որին դատավորը թույլատրեց նստած ցուցմունք տալ, զարմացավ․ «Կենսագրությունս պատմե՞մ։ Հո չե՞մ կարող ամբողջը պատմել։ Հարց տվեք, պատասխանեմ»։

Ապա Վահան Նաջարյանն ասաց, որ 1975թ․-ից մինչեւ օրս աշխատում է ոստիկանության մշակույթի կենտրոնում որպես առաջատար մասնագետ․ «Այդ ընթացքում մի քանի պետեր եմ տեսել՝ Ասլանյան, Գրիգորյան, Քամալյան, վերջինը՝ Սուսաննա Աթաբեկյան։ Հիմա Կարինեի հետ»։

Հանրային մեղադրողները հարցեր ուղղեցին նրան․

-Ի՞նչ գործառույթներ եք ունեցել

Վկա-Կոլեգիաների նիստեր, խորհրդակցությունների սպասարկումներ, միջոցառումների կազմակերպում։

-11-18թթ․ ընթացքում այդ կազմակերպական հարցերն ո՞ւմ հետ եք քննարկել։

Վկա-Նախարարը՝ Վլադիմիր Սերգեյիչը, նախապես հրահանգավորում էր։ Այդ ընթացքում հրաշալի կապիտալ վերանորոգում է արել Վլադիմիր Սերգեյիչը։ Ամեն օր գալիս էր, հետաքրքրվում, թե աշխատանքներն ինչպես են ընթանում։ Զուգահեռ տիկին Սուսաննան՝ կինը, գեղարվեստական մասով էր զբաղվում, գալիս էր, աշխատակիցների երեխաներին․․․մեզ օգնում էր, կազմակերպում էր։ Արտասահմանից որ պատվիրակություններ էին գալիս նախարարություն, նա․․․ես չէի առնչվում, բայց գիտեի, որ ինքն է միջոցառումները կազմակերպում։ Մշակութային խմբերն էր ղեկավարում, ցուցումներ տալիս մեզ, բոլորիս, կազմակերպում էր, օգնում էր։ Սիրում էր իր գործը։

-Նա աշխատասենյակ ունե՞ր։

Վկա-Մեր մոտ չուներ աշխատասենյակ։

-Ի՞նչ միջոցառումների կազմակերպմամբ է նա զբաղվել։

Վկա-Հիմնականում համերգներ՝ նախարարության աշխատակիցների համար, մեծարման երեկոներ, նաեւ ընդհանուր խորհրդակցություններ։ Դահլիճը մեծ է, պետք է աշխատանքներ կատարվեին։

-Վլադիմիր Գասպարյանի դուստրը հաճախե՞լ է ոստիկանություն։

Վկա-Այո, Անգելինան գալիս էր, պար շատ էր սիրում, պարասրահ ունեինք։ Շաբաթը երկու անգամ գալիս էր պարասրահ՝ փորձի, երգի։ Միջոցառումների ժամանակ որպես շնորհալի երեխա՝ երգում էր։ Հրաշալի միջոցառումներ էին։ Ամբողջն իրենց շնորհքով էր, մենք էլ օգնում էինք։

-Քննիչի մոտ հարցաքննվելիս ուղղորդումներ եղե՞լ են։

Վկա-Ոչ, ես նման բնավորություն չունեմ։

Այնուհետեւ դատավորը հարցրեց՝ տեղյա՞կ էիք, Սուսաննա Գասպարյանն աշխատո՞ւմ էր ոստիկանության համակարգում։ Վկան պատասխանեց․ «Չեմ կարող ասել, իմ գործը չէր քիթս խցկելը»։

Հանրային մեղադրողները նկատեցին՝ նախաքննական ցուցմունքի ժամանակ Վահան Նաջարյանը քննիչին ասել է, որ Սուսաննա Գասպարյանն իրեն հանձնարարություններ չի տվել, մինչդեռ հիմա ասաց, որ հանձնարարություններ ու ցուցումներ է տվել։ Մեղադրողները փորձեցին պարզել՝ ո՞րն է ճիշտ։ Վահան Նաջարյանը փոքր-ինչ վրդովվեց․ «Ինչ ասում եմ՝ ճիշտ է, մյուս աշխատողները կարող են հաստատել։ Դա հերքել հնարավոր չէ։ Դա սրբապղծություն կլինի։ Ես ոչ մի շահ չունեմ տիկին Սուսաննայից»։ Ապա վկան պնդեց, որ քննիչի մոտ ինքը ճիշտ է ասել, իսկ քննիչն ինքն է նման պնդում «շարադրել», «ստեղծագործել» է։

Վկան զարմացավ հարցից, թե ի վերջո Սուսաննա Գասպարյանը որպես գրանցվա՞ծ աշխատող է եղել, թե ոչ։ Նա դժգոհեց, որ մեղադրողն իրեն ոչ կոռեկտ հարցրեր է տալիս։

«Ինչո՞ւ էիք նրա հրահանգները կատարում, եթե նա ձեր վերադասը չէր»,-հետաքրքրվեց հանրային մեղադրողը։

Վկա-Գալիս էր, միջոցառում կազմակերպում։ Ես հո չէի՞ կարող ասել։ Դա արվեստ է։ Հո չէի՞ ասելու՝ դու ով ես։

-Այսինքն, որպես խորհո՞ւրդ եք ընդունել, թե հանձնարարություն։

Վկա-Եվ, եւ։ Ինչո՞ւ պետք է չընդունեի։

Հետո հայտարարությամբ հանդես եկավ մեղադրյալ Արշակ Հակոբյանը։ Նրա խափանման միջոցը կալանքն է։ Փոքր-ինչ վրդովված՝ նա ասաց, որ փողերի լվացման թեմայով եկել մշակույթ, պար ու համերգ են քննարկում․ «Անցած անգամ էլ կանչել են մի կին, որին ես չեմ ճանաչում եւ իրենից ճշտում են՝ եղբայրն իրեն փող ունի՞ տալու, թե ոչ։ Ասում են՝ ցուցում եմ տվել։ Եթե քննիչը բարմեն էր ուզում ման գալ, թող բարմենին նորմալ քններ։ Եթե կանչել եմ ու ասել, որ բաժակը կեղտոտ է, ուրեմն ցուցում եմ տվե՞լ։ Ես 96թ․-ից աշխատել եմ ու միշտ մի օբյեկտ եմ գնացել՝ «Ռելաքս», հետո անունը փոխվել է։ Մինչեւ այսօր այդ մի տեղն եմ գնում, եւ հիմա ճշտում են՝ հաճախո՞րդ է եղել, թե ոչ։ Կամ, փող լվալն ի՞նչ կապ ունի մշակույթի ու համերգի հետ»։

Ապա դատավորը դարձավ վկային․ «Բա քննիչին չեք ասե՞լ, թե այս ինչ ես գրել»։ Վահան Նաջարյանը պատասխանեց․ «Ի՞նչ իմանայի»։

Մյուս հարցաքննված վկան Քնարիկ Սասունյանն էր, որը դատարանին հայտնեց՝ կողմերից որեւէ մեկին չի ճանաչում։ Նա 2011-18թ․ աշխատել է ոստիկանության մշակույթի կենտրոնի մասնագետ՝ երաժիշտ, երգերի հեղինակ։

Հանրային մեղադրողները հարցրին․

-Ո՞վ էր միջոցառումները կազմակերպում։

Վկա-Տիկին Սուսաննան էր ղեկավարում մշակույթը, անմիջական պետն էր, ես էլ միասին՝ սցենար, մանրուք, ամեն ինչ, միասին ենք արել։ Իմ աչքի առաջ, տեսել եմ այդ մարդու աշխատանքը։ Նա մշակույթը ոչնչից․․․անգամ վերանորոգումը։ Մշակույթի կենտրոնը վերափոխվեց իր առաջարկով եւ հորդորով, ստեղծվեց երգի խումբ, որտեղ գալիս էին ոստիկանության աշխատողների երեխաներն անվճար։ Այլ երեխաներ եւս, ովքեր տաղանդավոր էին, բայց հնարավորություններ չունեին։

-Նա աշխատասենյակ ունե՞ր։

Վկա-Ոչ, ամեն օր մեր մոտ էր գալիս։ Ոստիկանության համար յոթ-ութ հեղինակային երգ է գրվել։ Նա ավելին է աշխատել։ Հագուստներ կարելուց, կտորն ընտրելուց սկսած։

Արշակ Հակոբյանի պաշտպաններից մեկը հեգնեց՝ «մնում է երգերի անուններն ու շորերի գույները հարցնեք»։ Դատավորը հորդորեց․ «Հարգանքով վերաբերվեք կողմի հարցերին։ Ունենք այն, ինչ ունենք»։

Հաջորդ դատական նիստում կհարցաքննվեն մյուս վկաները։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Դատական նիստերի տեսանկարահանում եւ լուսանկարում առհասարակ թույլատրված չէ մեղադրյալի խնդրանքով։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930