Լրահոս
Օրվա լրահոսը

Չգիտեմ՝ գցել են, թե դրան են դրդել, բայց էդտեղ մի բան եղել է. Քննչականի շենքից դուրս նետված քաղաքացու եղբորորդի

Ապրիլ 28,2023 17:46

Արարատի քննչական վարչության շենքի 3-րդ հարկից, նախնական տեղեկություններով, երեկ դուրս նետված ու տեղում մահացած Մ. Պողոսյանի հարազատները չեն հավատում ինքնասպանության փորձի կամ փախուստի վարկածին: Պողոսյանի եղբոր տղան՝ Կարեն Պողոսյանն Aravot.am-ի հետ զրույցում ասաց. «Կասկածներ շատ ունենք: Ինքը փախուստի չէր դիմի, փախուստի դիմեր՝ առաջին հարկից կդիմեր, երկու օր առաջին հարկում է եղել, ինչո՞ւ էր երրորդ հարկից փախուստի դիմում: Քննիչին ասել է՝ դուրս գամ, ծխեմ, մինչեւ պաշտպանս գա, քննիչն ասել է՝ գնա ու իբրեւ թե պատուհանից գցվել է, երկու ուղեկցորդներն էլ միջանցքում են եղել, եթե փախնում էր, թող բռնեին, ինչու չեն բռնել: Բացի այդ՝ նա գիտեր, որ այդ օրը դուրս է գալու, ձերբակալման 72 ժամը լրանում էր այդ օրը, փախուստի դիմելու խնդիր էլ չկար»:

Մեր զրուցակցի խոսքով, այն պատուհանը, որից իբրեւ թե իր հորեղբայրը իրեն գցել է, այնպիսի բացվածք ուներ, որից մարդ իրեն չէր կարող գցել. «Պետք էր բարձրանար վերեւ, նոր իրեն գցեր, բայց 2 ուղեկցողներն էլ եղել են իրենից մետրուկես այն կողմ, էդ ո՞նց եղավ իրեն գցեց, մեկը չկարողացավ բռնել»:

Մ. Պողոսյանի մահվան դեպքով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում Պողոսյանի իրավահաջորդի ներկայացուցիչն արդեն պահանջել է առգրավել տարածքը տեսանկարահանող սարքերի կրիչները: Ըստ Կարեն Պողոսյանի՝ շատ բան տեսախցիկների արձանագրածից պարզ կդառնա:

Մեր զրուցակցի խոսքով՝ իր հորեղբայրը ոչ թե թմրամիջոց է շրջանառել, այլ միայն օգտագործել է՝ սկսած դպրոցական տարիքից: Բայց նա նաեւ աշխատում էր, մսավաճառ էր. «Ինքը խրոնիկ «ուռող» է եղել, բոլորին էլ հայտնի է, բայց եսիմ ինչ փաստ չէ, որ մարդուն տանեն, գլուխն ուտեն: Հիմա չգիտեմ՝ գցել են, թե դրան են դրդել, բայց էդտեղ մի բան եղել է, դրդապատճառ է եղել, ինքն իրեն չէր գցի՝ հատկապես իմանալով, որ մի քանի ժամից դուրս է գալու: Եթե գցեր՝ կգցեր մի քանի ամիս առաջ, երբ երկու ամսով կալանավայրում էր: Բացի այդ՝ փախնող լիներ, իր գյուղում կփախներ, երբ մեքենայով բաժնի աշխատողները կանգնեցրել էին, այդ ժամանակ կփախներ, ոչ թե սիրուն իր մեքենայից դուրս կգար, կնստեր բաժնի աշխատողների մեքենան: Կամ գիտե՞ք՝ քանի անգամ են օպերները եկել, ինքը տանը չի եղել, իրեն ասել ենք, գործը թողել է, եկել է, դե թող էդ ժամանակ փախներ: Բացառվում է՝ ինքը իրեն գցեր, դրդապատճառ կա»:

Մեր զրուցակիցը նաեւ նկատեց, որ հորեղբայրը տեղում մահացել է, հարվածը եղել է գլխին, բայց տարակուսելի է, որ դեպքի վայրում միջամտություն է եղել, արյան հետքերն են սրբել. «Դեպքից մի ժամ հետո արդեն արյունը լվացած, սրբած էր: Դեպքի վայրը ժապավենով փակած չէր: Ասում եմ՝ բա ինչի եք մաքրել դեպքի վայրը, ես եմ հետաքննիչ եմ բերել, որ նայի, գծի, չափի, ձեւի, պատասխան չկա»:

Ըստ Քննչական կոմիտեի՝ Արարատի քննչական վարչության 3-րդ հարկից նետված ու տեղում մահացած քաղաքացին 2022 թվականից հետապնդվում էր առանձնապես խոշոր չափերով արգելված թմրամիջոցներ պարունակող բույսեր, մասնավորապես շուրջ 200 «Կանեփ» տեսակի բույս աճեցնելու, ինչպես նաև իրացնելու նպատակով առանձնապես խոշոր չափերով՝ ընդհանուր շուրջ 277 գրամ քաշով մի քանի տասնյակ փաթեթներով «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցի շրջանառության համար։

 

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930