Դատախազությունը բողոքարկել է Սյունիքի նախկին մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի որդուն՝ Կարեն Պողոսյանին, սպանության փորձի մեղադրանքում արդարացման դատավճիռը։ «Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ հանրային մեղադրողը պահանջում է բեկանել Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արթուր Ոսկանյանի որոշումը՝ գործով ապացույցն անթույլատրելի ճանաչելու վերաբերյալ, և կայացնել դրան փոխարինող դատական ակտ, իսկ արդարացման դատավճիռը բեկանել և գործն ուղարկել առաջին ատյանի դատարան՝ նոր քննության։ Բողոքը կքննվի Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Էդգար Մանասյանի նախագահությամբ՝ կազմով դատավորներ Նարինե Հովակիմյանի և Արմեն Բեկթաշյանի։
«Փաստինֆո»-ն դեռ ապրիլին էր տեղեկացրել, որ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Արթուր Ոսկանյանի նախագահությամբ, արդարացրել է սպանության փորձի մեջ մեղադրվող Կարեն Պողոսյանին։ Դատարանը 2026 թվականի փետրվարի 19-ի որոշմամբ անթույլատրելի էր ճանաչել Հարութ Վարդանյանի նկատմամբ ՓԲ ընկերությունում 2021 թվականի հուլիսի 15-17-ը ներառյալ ընկած ժամանակահատվածում իրականացրած «Ներքին դիտում» օպերատիվ-հետախուզական միջոցառման արդյունքները, ինչպես նաև այդ արդյունքների վերաբերյալ 2021 թվականի սեպտեմբերի 15-ին կատարված «Զննում կատարելու մասին» արձանագրությունը։
Դատաքննության ընթացքում եղել են վկաներ, որոնք հրաժարվել են նախաքննության ընթացքում տրված մեղադրական ցուցմունքներից։ Մասնավորապես, վկաներից երկուսը դատարանում պնդել են, թե նախաքննության ընթացքում խոշտանգմամբ են ցուցմունք տվել, ավելին՝ իրենք իրականում դեպքի վայրում չեն եղել և չեն տեսել դեպքը։ Տուժողները դատարանում ևս ցուցմունք չեն տվել Պողոսյանի դեմ։ Արդյունքում՝ դատարանը եկել է եզրահանգման, որ Կարեն Պողոսյանը չի կատարել իրեն մեղսագրվող արարքները։
Հիշեցնենք, որ 2021թ. հուլիսի 14-ին՝ ժամը 01։00-ի սահմաններում, Գորիս քաղաքում Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի որդու՝ 33-ամյա Կարեն Պողոսյանի և Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդու՝ Տիգրան Խաչատրյանի միջև առաջացած վիճաբանությունը վերածվել էր ծեծկռտուքի, հնչել էին կրակոցներ, կային տուժածներ։ Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի (2003թ.) 34-104-րդ հոդվածի 1-ին մասով, 258-րդ հոդվածի 4-րդ մասով և 235-րդ հոդվածի 1-ին մասով՝ սպանության փորձի, զենքի գործադրմամբ խուլիգանության և ապօրինի կերպով հրազեն պահելու հատկանիշներով։
Կարեն Պողոսյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 44-155-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով և ՀՀ քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի 1-ին մասով։
Կարդացեք նաև
Մասնավորապես, ըստ մեղադրանքի՝ Կարեն Պողոսյանը չպարզված ժամանակահատվածում և հանգամանքներում ապօրինի կերպով ձեռք է բերել, պահել և կրել ակոսափող ինքնաձիգ, ինչպես նաև՝ այլ անձանց կյանքի համար վտանգավոր եղանակով, երկու կամ ավելի անձանց ապօրինաբար կյանքից զրկելու՝ սպանելու եղանակով, ապօրինի կերպով ձեռք բերած ակոսափող ինքնաձիգից արձակել է կրակոցներ՝ փորձելով սպանել Տիգրան Խաչատրյանին, Հարութ Վարդանյանին և Մելիք Բարսեղյանին։
Նշենք, որ թեև Կարեն Պողոսյանի մեղադրանքը ծանր էր, վերջինս տարիներ շարունակ ազատության մեջ է եղել, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրված ստորագրությունը՝ չհեռանալու մասին։ Ընդ որում, սա այն դեպքում, երբ Կարեն Պողոսյանը նախկինում արդեն փորձել է թաքնվել քննությունից և ամիսներ շարունակ գտնվել է հետախուզման մեջ։
Դեպքից շուրջ երեք ամիս անց միայն՝ 2021թ. սեպտեմբերին, ինքնակամ ներկայացել է ՔԿ։ Դատարանը վերահաստատել է նրա նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը, ինչից հետո Կարեն Պողոսյանը տեղափոխվել է «Արմավիր» ՔԿՀ, որտեղ, սակայն, կարճ ժամանակ է մնացել։ Կալանավորման ժամկետը լրանալուց հետո դատարանը չի բավարարել կալանքի ժամկետը երկարացնելու մասին քննիչի միջնորդությունը, և, ըստ այդմ, ՔԿ-ն գտել էր, որ չհեռանալու մասին ստորագրություն խափանման միջոցը բավարար է Կարեն Պողոսյանի վարքագիծը զսպելու համար։ Դատարանները հետագայում անփոփոխ են թողել այս խափանման միջոցը։
Հատկանշական է, որ դատաքննությունը բավականին երկար է տևել, գործով տևական ժամանակ սայլը տեղից չէր շարժվում։
Նշենք, որ հենց Մելիքսեթ Պողոսյանն էր հայտարարում, թե ռուսներն են պահանջել, որ 2020թ. հայկական զորքերը զբաղեցնեն խորհրդային սահմանները։
«Մեր խնդիրն է եղել, որ «նեյտրալ զոնան» պահենք, երեք անգամ պոստերն առաջ ենք տվել Կուբաթլուի հատվածում, հետո ՌԴ-ն չի համաձայնվել, ասել է, որ պետք է զբաղեցնենք խորհրդային սահմանները»,- հայտարարել էր Պողոսյանը։
Բացի այդ, անդրադառնալով Սյունիքի մարզ ադրբեջանցիների ներխուժումներին՝ դեռ 2021թ. Պողոսյանը վստահեցնում էր, թե նրանք մոլորվել են, ամրաշինական աշխատանքներ չեն իրականացրել։
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան

















































