«Հեռու եմ այն կարծիքից, որ Գրիգորի Խաչատուրովին առնչվող գործը իրավաբանության հետ առնչություն ունի։ Զուտ անձնական գործընթաց է իրականանում նրա նկատմամբ»,- 3-րդ բանակային կորպուսի նախկին հրամանատար Գրիգորի Խաչատուրովին առնչվող քրեական վարույթի նախաքննության ավարտի, կալանավորման իրական նպատակների ու պատճառների առիթով հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց փաստաբան Միհրան Պողոսյանը։
Հիշեցնենք՝ Գրիգորի Խաչատուրովը մեղադրվում է փողերի լվացման մեջ: Ըստ մեղադրանքի՝ Խաչատուրովը, 2006-ից 2010 թվականներին զբաղեցնելով զորամասի հրամանատարի պաշտոնը, հանցավոր ճանապարհով ձեռք է բերել անշարժ գույք, ապա օրինականացրել այն։
Ըստ Միհրան Պողոսյանի՝ խոսել քրեական վարույթի, գործողությունների մասին, որոնք քրեաիրավական իմաստով հետևանք են առաջացնում, կամ պատասխանատվության մասին խոսում, տեղին չէ։ Նա մանրամասնեց․ «Ամբողջ քրեական նյութերում չկա ոչ մի փաստական տվյալ այն մասին, որ ոչ միայն Գրիգորի Խաչատուրովը հանցանք չի կատարել, այլև ապացույց չկա այս դրվագով հողամասերի ձեռքբերման, ձեռքբերողների հետ կապված տվյալ չկա, որ կատարվել է հանցագործություն»։
Ըստ փաստաբանի՝ ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հայտարարությունները հարիր չեն անգամ բակալավրի կրթություն ունեցող իրավաբանին։ Միհրան Պողոսյանը, հղում կատարելով դատախազի հայտարարություններին, ասաց․ «Տեսաք՝ ինչ է պատասխանել ամսի 11-ին դատախազը կոնկրետ հարցի՝ 18 մլն դրամ ասելով ի նկատի եմ ունեցել կադաստրային արժեքը։ Նա մոռանում է, որ ուղիղ երկու ամիս առաջ՝ փետրվարի 7-ին վերջինս որպես կադաստրային արժեք՝ հողի արժողությունը 2,5 միլիոն դրամ էր ներկայացրել։ Շփոթվելու, պատահականության հանգամանքներն իսպառ հերքվում են։ Մի քանի անգամ ենթադրյալ 18 միլիոնը քննարկվել է՝ որպես գրավի առարկայի հիման վրա ստացված դրամական միջոց։ Երբ քննարկվում էր 18 միլիոնը, մենք ներկայացրել ենք հանգամանք, որ 18 միլիոն դրամ երբևիցե այդ զորամասի համար չի ստացվել՝ որպես վարկ և ոչ էլ անշարժ գույքից, որը օտարվել է ՊՆ-ի կողմից այդքան եկամուտ չի ստացվել։ Որ ասում է՝ այդ ժամանակ բանկային գաղտնիքի չէինք տիրապետում, այդ դեպքում պնդում էին, որ այո, մի գույքը գրավադրված է եղել։ Ախր էդ տվյալները կադաստրային գործում առկա են։ Եթե տեղեկություններ չունեիք, ինչո՞ւ էիք ամսի 7-ին ստում, երբ հայտարարում էիք, որ գույքը գրավադրված է։ Այսինքն՝ այս քրեական գործի որակը սա է։ Երկրի գլխավոր դատախազի մակարդակով կամ սխալ են զեկուցում, չեն հասկանում՝ ինչ են զեկուցում, կամ դիտավորյալ մանիպուլյացիաներ են հաղորդում այդ միջոցով իրենց այլ նպատակներն իրականացնելու համար։ Այս ամենում քրեադատավարական ընթացակարգեր չեմ տեսնում»։
Կարդացեք նաև
Անդրադառնալով այն փաստին, որ դատարանը հայտարարել է՝ դռնփակ դատական նիստեր են տեղի ունենալու, Միհրան Պողոսյանն ասաց․ «Դատավորը քրեական դատավարության ո՞ր նորմով է ղեկավարվել, որ նախնական դատալսումները որոշել է իրականացնել դռնփակ ռեժիմով։ Այդպիսի նորմ չկա։ Քրեական դատավարությամբ նախատեսված է ապացույցների հետազոտության դռնփակության ռեժիմ։ Նախնական դատական լսումների վերաբերյալ դռնփակության նորմ չկա։ Էլ չասեմ այն հանգամանքի վերաբերյալ, որ Գրիգորի Խաչատուրովը, երբ ծանոթանում էր քրեական գործի նյութերին, իրեն տրամադրել են իրեն վերաբերելի մասը, որի մեջ գաղտնի տեղեկություն չկա»։ Փաստաբանն այս հարցում դիտավորություն է տեսնում։
Փաստաբան Հակոբ Ենոքյանը նշեց՝ մայիսի 15-ին կլրանա երկու ամիսը, որ արգելանքի տակ է Գրիգորի Խաչատուրովը․ «Երբ մարտի 16-ին ստացանք Վերաքննիչ դատարանի որոշումը, հիմնավորում էր ներկայացրել, թե ինչու պիտի կալանք կիրառվի Գրիգորի Խաչատուրովի նկատմամբ։ Որպես հիմք ներկայացված էր անօրինական ազդեցություն գործադրելը վարույթի մասնակիցների նկատմամբ և փաստաթղթեր, ապացույցներ կեղծելու հավանականությունը։ Այս ժամկետում որևէ այնպիսի տեղեկություն, ապացույց, նոր փաստական տվյալ, որը կարող էր վկայել, որ դրանց վրա կարող էր ներգործել Գրիգորի Խաչատուրովը, չի ստացվել։ Չեն կատարվել գործողություններ, որոնց վրա հավանական ներգործության անհրաժեշտություն լինի։ Հիմա պարզ դարձավ, որ մեր մտահոգությունները ճիշտ էին, որ որևէ նման գործողություն չկար, որին հավանական խոչընդոտելու կարիք լիներ։ Ոչ մի առերեսում չեն արել, ոչ էլ պլանավորված է եղել։ Այս գործով ինչ ապացույցներ հավաքել են այն ժամանակ, նույնը մնացել են»։
Հարցին՝ կա՞ անձ, որը ցուցմունք է տվել Գրիգորի Խաչատուրովի դեմ, Հակոբ Ենոքյանը պատասխանեց․ «Գրիգորի Խաչատուրովի դեմ ոչ ոք ցուցմունք չի տվել, ոչ ոք մեղադրանքի էության վերաբերյալ նրան այդ մեղադրանքում մեղսագրող տեղեկություն չի հայտնել։ Խաչատուրովը փողերի լվացման մեջ է մեղադրվում, ու ինչ-որ մեկի ցուցմունքն այդ կապակցությամբ պետք է վերաբերեր այդ հանցակազմի տարրերի առկայությանը կամ բացակայությանը։ Բայց նման տվյալ չկա։ Եթե նման անձ լինի, վարույթն իրականացնող մարմինը կրում է Գրիգորի Խաչատուրովի հակընդդեմ հարցման գոնե իրավունքի ապահովման պարտականություն։ Որևէ մեկի հետ առերեսում չի կազմակերպվել։ Այնպես չէ, որ Խաչատուրովը հրաժարվել է։ Որևէ այդպիսի հանգամանք չկա։ Արարքը, որը մեղսագրվում է Գրիգորի Խաչատուրովին, դրանում ինքնին հանցագործություն չկա»։
Միհրան Պողոսյանն էլ հավելեց․ «Չկա Գրիգորի Խաչատուրովի դեմ տրված որևէ ցուցմունք ոչ փողերի լվացման հետ կապված, ոչ էլ ընդհանրապես։ Չկա մարդ, որն ասում է, որ Գրիգորի Խաչատուրովը որևէ հանցանք է կատարել։ Դա քրեական գործով ոչ միայն չկա, դա ընդունում է նաև վարույթն իրականացնող մարմինը։ Որևէ առերեսում չի կատարվել, որը պարտադիր է նոր քրեական դատավարության օրենսգրքով՝ մեղադրյալի հակընդդեմ հարցման իրավունքը ապահովելու հետ կապված»։
Հարցին՝ այն զորամասը, որի հետ կապված է խնդիր բարձրացվում, Գրիգորի Խաչատուրովի՞ն է պատկանում, Միհրան Պողոսյանը պատասխանեց․ «Չկա մարդ, որն ասում՝ իրեն է այդ զորամասը պատկանում։ Ասում ենք՝ լավ, ենթադրենք իրեն է պատկանել, քրեական գործի համար դա բացարձակ նշանակություն չունի։ Գնելու վերաբերյալ․ որևէ անձ չկա, որ ցուցմունք է տալիս, որ ինքն է գնել»։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


















































