Լրահոս
Օրվա լրահոսը

«Գրիգորի Խաչատուրովի գործով դատավարությանը մասնակցող 13 մեղադրյալ կա»․ փաստաբան

Մայիս 08,2023 19:33

Երրորդ բանակային կորպուսի նախկին հրամանատար, գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովի գործով դատավարությանը մասնակցող 13 մեղադրյալ կա։ Մեղադրյալ է նաեւ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը։ Այսօրվա դռնփակ դատական նիստից հետո փաստաբան Միհրան Պողոսյանը մանրամասներ ներկայացրեց։

«Երբ Գլխավոր դատախազը եկավ Ազգային ժողով, ներկայացրեց Սեյրան Օհանյանին անձեռնմխելիությունից զրկելու երեք տարբեր գործերով հանգամանքներ։ Երեք տարբեր միջնորդագիր է ներկայացվել երեք տարբեր մեղադրանքների հետ կապված, որոնցից մեկը գաղտնի է ներկայացվել։ Դրանից հետո վարույթն իրականացնող մարմինը Սեյրան Օհանյանի վերաբերյալ քրեական երեք գործերը միացրել է իրար։

Այսինքն՝ այս երեք քրեական գործերի միակ կապող բանը դա պարոն Օհանյանն է։ Այդ իսկ պատճառով մենք բոլորս հայտնվել ենք այդ քննիչի որոշման պատանդի կարգավիճակում, որ որոշել է Սեյրան Օհանյանի բոլոր գործերը միացնել մեկ վարույթում։ Այն մարդիկ, որոնք ընդհանրապես որեւէ առնչություն չեն ունեցել այս ենթադրյալ հանցանքների հետ, հայտնվել են մեկ քրեական գործի շրջանակներում։ Դրա համար ունենք դատավարությանը մասնակցող 13 մեղադրյալ, այդքան պաշտպան։ Բայց ընդհանուր կապ գոյություն չունի այս դրվագների մեջ, այսինքն՝ Գրիգորի Խաչատուրովին մեղսագրվող արարքը բացարձակապես կապ չունի Դավիթ Գալստյանի կամ այլ անձանց մեղադրանքի հետ»,- ասաց փաստաբանը։

Հիշեցնենք, որ Գրիգորի Խաչատուրովը մեղադրվում է փողերի լվացման մեջ: Ըստ մեղադրանքի՝ Խաչատուրովը, 2006-ից 2010 թվականներին զբաղեցնելով զորամասի հրամանատարի պաշտոնը, հանցավոր ճանապարհով ձեռք է բերել անշարժ գույք, ապա օրինականացրել այն։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031