Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

«Գրիգորի Խաչատուրովը խանգարում է իշխանությունների պլանին․ կարող էր ազդեցություն ունենալ, որ տավուշյան սահմանագիծը խախտվի»․Միհրան Պողոսյան

Մայիս 05,2023 15:57

«Մենք պնդում ենք, որ Գրիգորի Խաչատուրովին վերաբերելի քրեական գործը, եթե կա այդպիսին, պետք է քննվի դռնբաց դատական նիստերով, հակառակ պարագայում՝ այս պահից իմացեք, որ դատարանն անում է անօրինականություն, երբ որոշել է դռնփակ նիստ անցկացնել»,- մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց փաստաբան Միհրան Պողոսյանը։

Գրիգորի Խաչատուրովը մեղադրվում է փողերի լվացման մեջ: Ըստ մեղադրանքի՝ Խաչատուրովը, 2006-ից 2010 թվականներին զբաղեցնելով զորամասի հրամանատարի պաշտոնը, հանցավոր ճանապարհով ձեռք է բերել անշարժ գույք, ապա օրինականացրել այն։

Ըստ փաստաբանի՝ այդպիսով հրապարակային դատաքննության իրավունքը չի ապահովվի․ «Իշխանությունները չեն ուզում, որ Գրիգորի Խաչատուրովի վերաբերյալ լրատվամիջոցներում հանրային խոսք լինի։ Ամեն ինչ արել են դրա համար։ Այստեղ կա քողարկված՝ հիմա արդեն ավելի բացահայտված պատճառ։ Այս իշխանություններին պետք է, որ նա լինի անազատության մեջ։ Այդ ընթացքում օգտագործվում են գործիքներ»։

Միհրան Պողոսյանն ասաց, որ Գրիգորի Խաչատուրովի գնահատմամբ՝ ԱԱԾ-ն կամ դատախազությունը բոլորը գործիքներ են։ Նա մանրամասնեց․ «Իր գնահատմամբ՝ քննիչներից շատերը տեղյակ էլ չեն, թե ինչու են սա անում, դատախազները՝ նույնպես։ Իսկ այս ամենը հստակ ժամանակագրություն ու պատճառներ ունի»։

Փաստաբանը հայտարարեց՝ ուզում էին հասկանալ՝ ինչո՞ւ Գրիգորի Խաչատուրովը և ինչո՞ւ հենց հիմա և վստահեցրեց՝ գրեթե բացահայտել են։ Ու պարզաբանեց․ «Մարտի 14-ին Նիկոլ Փաշինյանը մեկ էլ հանկարծ որոշեց մամուլի ասուլիս տալ, մարտի 13-ին էր նշանակված Գրիգորի Խաչատուրովի կալանքի վերաբերյալ Վերաքննիչ դատարանի որոշման հրապարակումը։ Մեսրոպ Մակյանի մոտ որևէ գործ չի եղել, որ բանավոր կարգով չկարողանանք պարզել, թե ինչ է որոշվել։ Բայց այս դեպքում երեք օր չէին ասում՝ ի դեպ նաև դատախազներին։ Պատճառը մարտի 14-ի ասուլիսն էր։ Արդեն որոշված էր, որ Խաչատուրովը պիտի կալանավորվի։ Չէին ասում, որ ասուլիսում հարցեր չլինեին։ Ապրիլի 21-ին Ադրբեջանի ԱԳ նախարարը հայտարարեց, որ ուղիղ վեց շաբաթ առաջ ՀՀ իշխանություններին ուղարկել են պայմանագրի օրինակը, և որևէ տեղեկություն չկա։ Երբ վեց շաբաթ հետ ենք գնում՝ մարտի 11-ն է գալիս։ Այդ պայմանագիրը ստացել են, հետո մամուլի ասուլիս է հրավիրել, հենց այդ ժամանակ էլ խոսեց հինգերորդ շարասյուն և այլն։ Իմ գնահատմամբ՝ ոչ թե պայմանագրի օրինակ են ուղակել, այլ ուղարկել են վերջնագիր, որ երկամսյա ժամկետում պիտի ստորագրվի։ Դա գալիս են ապացուցելու ներկայիս բանակցությունները։ Անընդհատ քննարկվում է նաև Տավուշի սահմանագծի հետ կապված հանգամանքը։

Երկու օր առաջ հրապարակվեց Գրիգորի Խաչատուրովի հրամանը զորամիավորմանը, որտեղ նա ասել է, որ քաղաքական իշխանությունների՝ նման գործելակերպը կարող է թույլ Տավուշի սահմանագծի փոփոխություն․ ոչ մի քայլ հետ, թեև առկա կլինեն հրամաններ։ Նա այն մարդն է, որ սեփական անձով պատրաստ է եղել իր հայրենիքը անսասան պահել։ Ակնհայտ է, որ այդ ժամանակ այս իշխանությունների խոստումը եղել է պայմանագրի ստորագրումը, ուղղակի ասել են՝ մի խնդիր կա․ ամբողջ տավուշյան սահմանագծի հետ կապված, քանի որ Գրիգորի Խաչատուրովը նման հրաման է արձակել։ Սա է խնդիրը, ու Գրիգորի Խաչատուրովին ապրիլի 16-ին կալանավորեցին։ Այսօր՝ այդ երկամսյա ժամկետում հիմա քննարկում են այդ բանակցությունները։ Իրենց կարծիքով՝ Գրիգորի Խաչատուրովն այս պայմանագրի ստորագրման պարագայում կարող էր ազդեցություն ունենալ, որ այդ սահմանագիծը խախտվի։ Քաղաքական իշխանություններն ունեն պլան և վախենում են, որ դրան խանգարի Գրիգորի Խաչատուրովը»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031