Լրահոս
Օրվա լրահոսը

«Չեմ հորդորել իմ որդուն հրաժարվել իր ցուցմունքից, որդիս՝ իր փաստարկներով, զրկեց ինձ այդ հնարավորությունից»․ Նիկոլ Փաշինյան

Մայիս 22,2023 13:31

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հրավիրած ասուլիսում անդրադարձավ հարցին, թե արդյոք հորդորե՞լ է իր որդուն հրաժարվել զոհված զինծառայողի մոտ՝ Գայանե Հակոբյանի դեմ իր ցուցմունքից, ինչպես պահանջում են կառավարության շենքի մոտ հավաքված ցուցարարները։ «Ոչ, չեմ հորդորել իմ որդուն, որովհետեւ երբ առաջին խոսակցությունը տեղի է ունեցել այդ թեմայի վերաբերյալ, իմ որդին իր փաստարկներով զրկել է ինձ՝ իրեն նման խնդրանքով կամ կոչով դիմելու հնարավորությունից։ Այսինքն՝ ես Հայաստանում չէի միջադեպի ժամանակ, մինչեւ վերադարձա, տեսա, որ իրավական ընթացակարգեր են տրվել։ Եվ երբ ես նրա հետ զրուցում էի, ինքն ասում էր՝ ամբողջ նպատակն ու խնդիրն այն չէ՞, որ ՀՀ-ում իրավական ձեւերով լուծվեն հարցերը, բա հիմա ես ո՞նց արձագանքեմ այդ փաստին, ես էլ իմ ընկերներին կամ իմ ջոկատի անդամներին վերցնեմ, ինչ-որ պատասխան գործողություն անե՞մ կամ սպառնալիքին սպառնալիքո՞վ պատասխանեմ, առեւանգմանը առեւանգմա՞մբ պատասխանեմ։ Ինքն ասել է՝ բնականաբար, դա անընդունելի է, եւ ՀՀ-ում բոլոր մարդիկ պետք է արձանագրեն, որ հարցերը պետք է իրավական ճանապարհով լուծվեն։ Եվ ինքն ինձ ասաց՝ իմ ընկալմամբ սա է եղել քո քաղաքական գործունեության եւ պայքարի ամբողջ նպատակն ու իմաստը։ Որից հետո ես չունեմ որեւէ փաստարկ՝ այդ կոչով կամ խնդրանքով նրան դիմելու»,- ասաց Փաշինյանը։

RA Prime Minister Nikol Pashinyan holds a meeting with media representatives

Անդրադառնալով հարցին, որ ցուցարարներն ընտրովի արդարադատության մասին են բարձրաձայնում, ասում են, որ վարչապետի ավտոշարասյան կողմից հղի կնոջը մահացու վրաերթի ենթարկելու գործով կալանավորված անձ չկա, իսկ այս դեպքում, երբ հետեւանքը ծանր չէ, միանգամից կալանք է կիրառվել,Նիկոլ Փաշինյանը պատասխանեց․ «Ես առաջին միջադեպի վերաբերյալ գործի ընթացքից տեղյակ չեմ։ Կարող եմ ասել, որ շատ ցավում եմ միջադեպի վերաբերյալ, միջադեպից հետո հեռախոսազրույց եմ ունեցել զոհված կնոջ հոր հետ։ Եվ ինքն ասել է, որ ակնկալիքն այն է, որ էլի իրավական ընթացակարգով տեղի ունենա ամեն ինչ։ Ես հիմա չգիտեմ, թե արարքն ինչպես է որակվել եւ ինչ հոդվածով է որակվել։ Ես կարող եմ ասել, որ այն, ինչ տեղի է ունեցել որդուս հետ, որակված է Քրեական օրենսգրքի 191 հոդվածով, որը պատժվում է ազատազրկմամբ 4-8 տարի ժամկետով։ Տեղյակ չեմ մյուս գործի ընթացքից, բայց որեւէ պատճառ չեմ տեսնում, որ այդ գործի ընթացքն օբյեկտիվ տեղի չունենա»։

Հարցին, թե ինչպե՞ս է ստացվել, որ Աշոտ Փաշինյանի վերաբերյալ գործից լավ տեղյակ է, իսկ իր ավոտշարասյան կողմից վրաերթի ենթարկված կնոջ գործից՝ ոչ, Փաշինյանը պատասխանեց․ «Որովհետեւ իմ որդու ու ընտանիքի անդամների հետ ամեն օր շփվում եմ։ Ներողություն եմ խնդրում այն քաղաքացիներից, որոնց հետ ամեն օր չեմ շփվում»։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031