Լրահոս
Օրվա լրահոսը

«Ի՞նչ տղայավարիի մասին է խոսքը, սա պետություն է». Նիկոլ Փաշինյանն որդու առերեւույթ առեւանգման գործի մասին

Մայիս 22,2023 15:41

Այսօր կայացած մամուլի ասուլիսում Zarkerak.am կայքի լրագրող Մկրտիչ Իսրայելյանը ևս անդրադարձավ Նիկոլ Փաշինյանի որդու՝ Աշոտ Փաշինյանի հետ տեղի ունեցած միջադեպին, մասնավորապես խնդրելով անդրադառնալ հարցի այն տեսանկյունին, որ այդ գործով կալանավորված է 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողի մայրը եւ դա հասարակության մոտ դժգոհություն է առաջացրել. նրան սատարողները պնդում են, որ սխալ է հերոսի մորը կալանավորելը:

Նիկոլ Փաշինյանն ասաց՝ հարցն ունի երեք հարթություն. իրավական, բարոյական և քաղաքական. «Իրավական առումով մեկնաբանություններ չեմ կարող անել՝ նախ լիազորություններիս տեսանկյունից և վստահ չեմ, որ իրավաբանական գիտելիքներս կհերիքեն։ Բայց գոնե կարող եմ ասել, թե ոչ պրոֆեսիոնալի տեսանկյունից՝ ինչքանո՞վ է ճիշտ որակված արարքը։ Ամեն դեպքում մեջբերեմ. մարդուն առևանգելն իր կամքին հակառակ կամ իր կամքն անտեսելով այլ վայր տեղափոխելն է։ Հիմա շատ է խոսվում մեր նահատակների մասին, մեր հերոսածին մայրերի մասին։ Ես ծնկի եմ գալիս մեր բոլոր նահատակների շիրիմների առաջ, խոնարհվում եմ առանց բացառության բոլոր ծնողների առաջ, նահատակների ընտանիքների այլ անդամների առաջ, խոնարհվում եմ ոչ միայն նահատակների, այլև ընդհանրապես իրենց սահմանադրական պարտքը կատարող մեր բոլոր զինծառայողների առաջ»։

Հարցի բարոյական կողմին մի քիչ հեռվից մոտեցավ. «Դեպքը տեղի է ունեցել ՀՀ քաղաքացի Աշոտ Փաշինյանի հետ։ Ո՞վ է Աշոտ Փաշինյանը, մի քաղաքացի, ով 2020 թվականի սեպտեմբերյան պատերազմին զինվորագրվել է որպես կամավոր, ընդ որում, քանի որ նոր էր զորացրվել պարտադիր զինվորական ծառայությունից, այդ պահին նա զորակոչի ենթակա չէր։ Ես բազմիցս ասել եմ, որ այդ օրենքը չեմ հասկանում, բայց այս պահին դրա մասին չենք խոսում, դա մենք չենք ընդունել, դա վաղուց է ընդունվել։ Աշոտ Փաշինյանն այդ պահին հանդիսացել է ՀՀ վարչապետի, ղեկավարի որդին։ Նա իր որոշումը քննարկել է իր հոր և մոր հետ և զորակոչվել է բանակ։ Ես ընդամենը մի դրվագի մասին կխոսեմ. մարտական հերթապահության ժամանակ նա հրթիռակոծության, հրետակոծության տակ է ընկել իր ջոկի հետ, որի արդյունքում իր ծառայակից ընկերը, ում մարմնով կիպ կպած է եղել, զոհվել է։ Ես կարծում եմ բոլորս հասկանում ենք, որ ոչ ոք որոշում չի կայացրել, որ հենց Աշոտ Փաշինյանը չպիտի զոհվի։ Ոչ ոք չէր կարող որոշել, կանխորոշել, որ այդ բեկորը չպիտի սպանի իմ որդուն։ Դա բացառված է ուղղակի։ Ես ուզում եմ մի հարց տալ. եթե այդ բեկորը սպաներ Աշոտ Փաշինյանին, ապա նա կլիներ հերոս, բայց եթե միլիմետրով անցել է ու չի սպանել, ապա նա դառնում է հակահերո՞ս: Եթե այդ բեկորը սպաներ Աշոտ Փաշինյանին, ապա Աննա Հակոբյանը կլիներ հերոսածին մայր, իսկ հիմա Աննա Հակոբյանը հերոսածին մայր չէ՞: Ինչո՞վ հերոսածին մայր չէ, որևէ մեկը կարո՞ղ է ինձ բացատրել: Եվ սա այն պայմաններում, երբ նույն ժամանակ Աննա Հակոբյանը գտնվում էր առաջնագծում, զենքը ձեռքին։ Այսինքն, սա նշանակում է, որ մարդիկ ուզում են ավարտին հասցնել այն առաքելությունը, որը չի ավարտել ադրբեջանական բեկո՞րը»:

Նիկոլ Փաշինյանն անցավ հարցի քաղաքական հատվածին. «Քաղաքական հատվածն այն է, որ ՀՀ-ում իրավակարգը պետք է գործի. ամեն անհատական դեպքը և անձը պետք է հաշվի առնվեն։ Հիմա նույն տրամաբանությամբ, Աշոտ Փաշինյանի գործով ամենաակտիվ երեք անձինք՝ 2017 թվականին տեղի ունեցած՝ զորամաս ներխուժելու և գնդապետին կամ փոխգնդապետին հարվածելու գործով անցել են որպես մեղադրյալներ, նույն մարդիկ։ Հայաստանի հանրապետությունը, հաշվի առնելով ձեր կողմից բարձրաձայնված կարծիքները, կարճել է քրեական գործը՝ համապատասխան իրավական ձեւակերպումներով։ Հիմա հարցը հետևյալն է. ՀՀ-ում իրավակարգ պիտի՞ լինի, թե՞ չպիտի լինի. բոլորն են հավասար օրենքի առաջ, թե՞ ոչ: Ամեն հարգանքով բոլորիդ հանդեպ ես ասում եմ, խոնարհվում եմ բոլոր զոհված զինծառայողների ծնողների առաջ, ներողություն եմ խնդրում նրանց կրած տառապանքների համար, բայց ոչ այն պատճառով, որ, ինչպես ասում են, սպանել եմ իրենց որդիներին։ Աշոտը երեկ ինձ մի դրվագ պատմեց մեքենայում տեղի ունեցած խոսակցությունից. ասել են՝ իմ որդուն տարել են սպանելու, Աշոտն ասել է, ուրեմն ինձ էլ էին տարել սպանելու։

Հիմա ես մի հարց եմ ուզում տալ, արդյոք մենք ուզո՞ւմ ենք, որ Հայաստանում որևէ վերնագրի ներքո ձևավորվի արտոնյալ խավ: Ես չեմ ուզում, որովհետև, կներեք, քանի որ մենք առաջին պատերազմից հետո չունեցանք այնքան քաղաքական կամք, որ թույլ չտանք, որ Հայաստանում արտոնյալների խավ ձևավորվի, նաև այդ պատճառով մենք ունեցանք երկրորդ պատերազմը։

Նորից ուզում եմ հարցնել՝ ադրբեջանական բեկո՞րն է որոշել, որ իմ որդին հերոս չէ և նրա հետ կարելի է այդպես վարվել, ադրբեջանական բեկո՞րն է որոշել, որ Աննա Հակոբյանը հերոսածին մայր չէ: Նրանք, ովքեր ներգրավված են այդ միջադեպի մեջ, ադրբեջանական բեկորի անկատար գո՞րծն են ուզում ավարտին հասցնել: Առաջ քննադատում էին, որ վարչապետի ընտանիքի անդամները թիկնազորով են շրջում, հիմա պարզվում է, որ վարչապետի որդին առանց թիկնազորի, մեն-մենակ շրջում է Երևանում, ու սա մեկնաբանվում է որպես սադրանք, ասում են ինչո՞ւ է այդտեղ հայտնվել։ Եթե հիշում եք, մենք մոտակայքի շենքում տուն ունենք, դուրս է եկել իր տնից՝ գնալու ինչ-որ տեղ»։

Թեման շարունակեց նաեւ Irakanum.am կայքի լրագրող Փայլակ Ֆահրադյանը՝ Նիկոլ Փաշինյանին հարցնելով՝ տեսե՞լ է հրապարակված տեսանյութը, որում հստակ երեւում է՝ Աշոտն իր կամքով է մեքենան նստում եւ արտահայտություններ են հնչում, որ մեքենայում այլ մարդ չկա, կինն առաջարկում է Աշոտին՝ նստել իր մեքենան, վերջինս էլ նստում է եւ հետաքրքրվեց՝ ի՞նչ առեւանգման մասին կարող է խոսք լինել:

Նիկոլ Փաշինյանն ասաց, որ տեսանյութերը չի նայել, չի էլ պատրաստվում նայել, քանի որ չի ցանկանում իրավական հարցերի մեջ մտնել, իսկ եթե գործի «մեխը» դա է, թող իրավական գնահատականներ հնչեն: Նա նկատեց՝ իր որդին օրենքով սահմանված քրեադատավարական բոլոր գործընթացներն անցել է, բայց Աշոտի քրեական գործից բացարձակ տեղյակ չէ: Նիկոլ Փաշինյանը վստահեցնում է՝ Աշոտի գործով իր միակ աղբյուրն Աշոտն է. ի՞նչ եւ որքա՞ն մանրամասներով, գիտի՝ գիտի Աշոտից, այն էլ այն պատճառով, որ ամեն օր նրա հետ շփվում է, իբրեւ ընտանիքի անդամ, երեկոյան, թեյի սեղանի շուրջ:

Ինչեւէ, Նիկոլ Փաշինյանը կարծում է, թե այս հարցն ուզում են տեղափոխել «տղայական կամ մերձտղայական հարթություն». «Աբսուրդ է, որ կանայք, երբ խոսում են կանանց մասին, ասում են՝ թող տղավարի իրեն պահի: Ի՞նչ տղայավարիի մասին է խոսքը, սա պետություն է: Փոխգնդապետի գլխին շիշ խփեն, ասենք՝ լավ, եկեք ներենք կամ դիմումը հետ վերցնենք՝ մի կերպ կարճենք՝ ներենք, ասենք, գործուն զղջման դեպքով.. առևանգեն… էդ մարդիկ չէի՞ն, որ խոսում էին մանկապարտեզ պայթեցնելու մասին… բա որ տեղի ունենար՝ չէի՞ք ասելու՝ սա պետություն է, թե՝ ի՞նչ է. հետո էլ պիտի գնայիք էդ մանկապարտեզի ծնողներին ասեիք՝ թե դիմումը հետ վերցրեք…»:

Հետո դիմեց լրագրողին՝ ինչո՞ւ նա Հակոբ Արշակյանի գործով իր դիմումը հետ չի վերցրել. երբ իր դիմումը հետ կվերցնի, նոր թող ուրիշներին նման հարցեր տա. «Տեսանյութում կա, որ դուք գնում՝ մտնում եք Հակոբ Արշակյանի կնոջ սուպի մեջ»: Լրագրողն առարկեց՝ իր եւ Հակոբ Արշակյանի գործով տեսանյութում նման բան չկա: «Ես ուրեմն սխալ տեսանյութ եմ տեսել, կներեք»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031