Լրահոս
Օրվա լրահոսը

Նարեկ Մալյանը՝ իր դատավարության մասին․ «Ես աշխարհի տարբեր թատրոններում եմ եղել, բայց այսպիսի հաճույք ոչ մի բանից չեմ ստացել»

Մայիս 25,2023 23:30

Ավան Նոր Նորք առաջին ատյանի դատարանում «Չաուշեսկուի» գործ անվանումն ստացած դատական նիստում մեղադրյալ Նարեկ Մալյանը կարճ խոսեց՝ հայտարարելով, որ հիմնական ասելիքը թողնում է վերջին խոսքի իրավունքին։

«Իմ փաստաբանի ճառին միանում եմ։ Մի բան կասեմ։ Շատ շնորհակալություն շատ հետաքրքիր դատավարության համար։ Իրականում այս դատավարությունը պերֆորմանսի երկրորդ մասն էր։ Գերագույն հաճույք ստացա այս դատավարությունից։ Բայց, անկեղծ ասած, չհասկացա՝ ինչի համար եմ ես այստեղ։ Չեմ հասկացել, թե ինչ պիտի չանեի։

Օրինակ, Հայաստանում արգելվա՞ծ է Նիկոլաե Չաուշեսկուի անունը տալ։ Ո՞վ է դա արգելել, ո՞վ կարող է ինձ արգելել դա անել։ Կամ արգելվա՞ծ է ներկայացում բեմադրել Բաղրամյան պողոտայում։ Ո՞վ է դա արգելել։ Ո՞վ է այն մարդը, որ ինձ արգելել է Բաղրամյան պողոտայում ներկայացում բեմադրել։ Ինչ եմ ես արել արգելված, որ հիմա այստեղ եմ։ Եթե ընթացքում կամ հետո մի տեղից դուրս կգա, թե ես ինչի եմ այստեղ, ինչ պիտի չանեի, որ այստեղ չլինեի, այդ հարցերիս պատասխանը ստանալու համար շատ շնորհակալ կլինեմ։ Թեկուզ հետո, թեկուզ պատիժ նշանակվելուց եւ այդ պատիժը կկրելուց հետո։ Ես կուզենամ հարցերիս պատասխանն ստանալ, թե ով է այդ մարդը կամ այդ ընտանիքը, որն ինչ-որ արգելքներ է դնում։

Շատ հետաքրքիր զուգադիպությամբ, գրքերիցս մեկը թարգմանվեց եւ տպագրվեց նաեւ լեհերեն։ Երեկ փորձեցի հաշվել, թե  ինչքան բռնություն կա այդ գրքիս մեջ։ Մոտավորապես 60 հազար սպանություն կա։ Գիրքը խաչակրաց արշավանքի մասին է։

Ես չեմ տեսնում, որ էդպիսի օրենք կարող է լինել, որը ինձ կարգելի ստեղծագործել, ցուցադրել ստեղծագործություններս։ Ես դա շարունակելու եմ անել։ Ավելի մեծ թափով, որովհետեւ չեմ գտնում, որ դրա մեջ որեւէ հակաօրինական բան կա։ Վերջին խոսքիս մեջ ավելի մանրամասն դրան կանդրադառնամ։ Բայց հիմա շատ կարճ կասեմ, որ ինչ արել եմ, խոսքը մասնավորապես չաուշեսկուների ներկայացման մասին է, արել եմ լավ, արել եմ քիչ ու էլի եմ անելու։ Առայժմ այսքանը»։

Արդեն դատական նիստից հետո Նարեկ Մալյանը լրագրողներին ասաց․ «Ես Նիկոլաե  Չաուշեսկուին մտերմաբար Նիկոլ եմ ասում ու ինձ թվում է՝ ինքը չի նեղանա։ Նիկոլի գնդակահարության պերֆորմանսը շատ փայլուն անցավ իմ կարծիքով։ Համենայն դեպս, հանդիսատեսը հավանեց։ Իսկ բոլոր գնահատականները հանդիսատեսն է տալիս։ Իսկապես ինձ անհասկանալի է, թե այդ թեմայով ինչի եմ ես այստեղ գտնվում, ինչ են ուզում ինձանից։ Հայաստանում արգելված է Չաուշեսկուի անունը տա՞լ։ Այնքան կտամ, որ իրենք կհոգնեն, իսկ ես չեմ հոգնի։ Բաղրամյան փողոցո՞ւմ ներկայացում բեմադրելը։ Չկա արգելված որեւէ բան։ Սա մի ինչ-որ ընտանիքի քմահաճույք է։ Ընդ որում մեր բախտը նույնիսկ բռնապետի հարցում էլ չի բերել։ Ինքը այսօր մի բան է պարտադրում ժողովրդին, վաղը՝ դրա հակառակը։ Նա օրվա հետ իշխանությունը պահելու խնդիր է լուծում։

Ես արել եմ այն, ինչ գտել եմ հարմար եւ շարունակելու եմ անել այն, ինչ գտնելու եմ հարմար։ Դա իմ օրակարգն է։ Զավեշտը հասկանալու համար այսպես ասեմ․ինձ դատում են խմբակային ինչ-որ արարք կատարելու համար։ Այսինքն, ես մարդ-խումբ եմ։ Չեք պատկերացնի․ ես վայելել եմ այս դատավարությունը նիստ առ նիստ, հաճույք եմ ստացել։ Ես աշխարհի տարբեր թատրոններում եմ եղել, սիրում եմ թատրոնը որպես ժանր, բայց այսպիսի հաճույք ոչ մի բանից չեմ ստացել։ Ես անում եմ այն, ինչ ուզում եմ եւ չեմ պատրաստվում հարմարեցնել ինչ-որ մեկի կամ ինչ-որ ընտանիքի։ Վերջին իրադարձությունների հետ կապված ուզում էի Բաղրամյանում Րաֆֆու «Սամվելը» բեմադրել։ Ուղղակի, մի քիչ խառն էի՝ չստացվեց։

Երբ ես «Մահ դավաճաններին» վերնագրով ներկայացում եմ բեմադրում որեւէ մեկը դրանից նեղվո՞ւմ է, ինչո՞ւ Հայաստանի երեք միլիոն բնակչությունից ոչ մեկը չի նեղվել։ Այս երկրում մի մարդ կա, որը դրանից նեղվել է»,-ասաց Նարեկ Մալյանը։

 

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031