Լրահոս
Օրվա լրահոսը

Մեզ պակասում է իրատեսությունը

Հունիս 05,2023 11:34

Իրատեսությունը քաղաքականությունում կարևոր բաղադրիչ է: Ոչ պրագմատիկ հավակնություններ ունեցող, սեփական քաղաքականության հետևանքներից չազդվող և արկածախնդիր իշխանությունները ոչ միայն դատապարտում են իրենց իսկ քաղաքական ապագան, այլ իրենց երկիրը տանում են վտանգավոր հանգրվանի: Հայաստանի իշխանությունն, օրինակ, նախատեսում է իրականացնել մի շարք ծրագրեր, որոնք, մեղմ ասած, իրատեսական չեն:

 Երասխ-Ջուլֆա-Մեղրի-Հորադիզ երկաթգծի վերագործարկումը․—Հայաստանի կառավարությունն իրո՞ք կարծում է, որ հայերը կօգտվեն այս երկաթգծից և մուտք ու ելք կկատարեն մի երկիր, որը դպրոցական երեխայի մեջ ատելություն է սերմանում, սպառնում հարձակվել Արցախի և Հայաստանի վրա: Հայաստանի կառավարությունն իրո՞ք կարծում է, որ Ադրբեջանը երկաթգծից օգտվող հայերին չի թիրախավորելու, կեղծ պատճառաբանություններով ձերբակալելու, սպանելու:

«Անկլավների» փոխանցումը—Հայաստանի կառավարությունն իրո՞ք կարծում է, որ Հայաստանի տարածքից Ադրբեջանին գյուղեր տրամադրելով՝ Բաքվի տարածքային նկրտումները դադարելու են: Հայաստանի կառավարությունը նորմա՞լ է համարում, որ հայերի նկատմամբ ատելությամբ լցված ադրբեջանցին կարող է ազատ տեղաշարժվել Հայաստանի տարածքում, որպեսզի մուտք գործի «անկլավ»: Հայաստանի Կառավարությունն իրո՞ք կարծում է, որ Ադրբեջանը Հայաստանին կվերադարձնի Արծվաշենը:

Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի կազմում—Հայաստանի Կառավարությունն իրո՞ք կարծում է, որ Ադրբեջանը հարգելու է արցախցիների իրավունքներն ու անվտանգությունը, թույլ տալով նրանց ազատ ապրել և արարել իրենց պատմական հայրենիքում: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ինչպե՞ս է պատկերացնում Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի կազմում, երբ ինքն է բարձրաձայնում ԼՂ ժողովրդի ցեղասպանության և էթնիկ զտման մասին:

Վերը նշված բոլոր ծրագրերը բովանդակությունից զուրկ են և իրականությունից շատ հեռու: Եթե նույնիսկ տնտեսական զարգացման, տարածարջանային կայունության և խաղաղության նպատակով այս ծրագրերը կյանքի կոչվեն, արդյունքը հայերի համար անդառնալի կարող է լինել: Երկաթգծից օգտվող հայերը անհիմն խոչընդոտների կբախվեն Ադրբեջանի տարածքում, օգտագործելով «անկլավներ» տանող ՀՀ տարածքը՝ Բաքուն սադրանքներ կիրականացնի հենց ՀՀ տարածքում, Արցախն էլ կհայաթափվի: Քանի դեռ Հայաստանի իշխանությունն առաջնորդվում է զիջողական քաղաքականությամբ, իսկ Ադրբեջանն էլ՝ արմենոֆոբիայով, անիրատեսական է կարծել, թե երկու երկրները կարող են ունենալ կարգավորված դիվանագիտական հարաբերություններ կամ իրապես գործադրվող խաղաղության պայմանագիր:

Հայ ժողովրդին և հայկական իշխանությանը անհրաժեշտ է իրատեսություն: Իսկ իշխանության ներկայացուցիչները և նշված իշխանական երեք ծրագրերի կողմնակիցները պետք է իրենց մտքում պատասխանեն հետևյալ հարցերին. «Ես պատրա՞ստ եմ ընտանիքիս հետ օգտվել Ադրբեջանի միջով անցող երկաթգծից: Ես և իմ ընտանիքը մեզ ապահո՞վ կզգանք՝ իմանալով, որ Հայաստան մուտք են գործում ադրբեջանցիներ՝ «անկլավներ» հասնելու համար: Ես ընտանիքիս հետ պատրա՞ստ եմ այցելել «ադրբեջանականացված» Արցախ:

 

Արսեն ԱՅՎԱԶՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930