Լրահոս
Օրվա լրահոսը

«Ոստիկանության 5-6 ծառայողներ հարվածներ էին հասցնում պաշտպանյալիս մարմնի, գլխի տարբեր հատվածներին, նրան հայտնաբերեցի բերանի վրա գետնին ընկած, ձեռնաշղթաները հետևից ամրացված»․ Կարեն Ալավերդյան

Հունիս 13,2023 14:10

«Ես պնդում եմ, որ առանց որևէ անհրաժեշտության, առանց որևէ փաստական և իրավական հիմքի՝ իմ նկատմամբ իրականացվել է անհարկի ֆիզիկական ուժի գործադրում, ձերբակալվել եմ, կիրառվել է ձեռնաշղթա և հատուկ միջոցներ»,-ՀՀ Փաստաբանների պալատում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ահազանգեց փաստաբան Կարեն Ալավերդյանը։

Նա ներկայացրեց, թե ինչ է տեղի ունեցել մինչև իր ձերբակալությունը․ «2023-ի հունիսի 7-ին՝ ժամը 16։00-ին, ես ու պաշտպանյալս Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն նստավայրում մասնակցել ենք մեկ այլ քրեական գործով նշանակված դատական նիստի, որի ընթացքում պաշտպանյալիս և նրա ընկերոջ միջև իրենց անձնական բնույթի հարցերի վերաբերյալ առաջացել է խոսակցություն, որը չի կարող պարունակել հանցակազմի հատկանիշներ։ Դատական նիստը հետաձգվել է վկաների չներկայանալու պատճառով։ Դատական նիստի ավարտից հետո պաշտպանյալիս հետ հանգիստ քայլում էինք դատարանի դիմացի մայթով, երբ մեզ են մոտեցել 20-30 և ավելի ոստիկանության ծառայողներ։ Նրանք Կենտրոնի և Էրեբունու բաժնից էին և պարեկային ծառայությունից»։

Փաստաբանը վստահեցրեց՝ որևէ հակաիրավական արարք չէր կատարվում, ու ոստիկանները տևական ժամանակ չէին կարող բացատրել իրենց՝ մոտենալու նպատակը․ «Այդ իրարանցման մեջ հնարավոր չէր որևէ դատավարական գործողություն կամ իրավական գործընթաց սկսել։ Հնարավորության սահմաններում ձեռնարկել եմ բոլոր միջոցները պաշտպանյալիս իրավունքները պաշտպանելու համար։ Հնարավոր եղավ հասկանալ, որ վերջիններս ցանկանում են նրան հրավիրել ոստիկանության բաժին։ Պաշտպանյալս հայտնեց, որ պատրաստակամ  է ներկայանալ ոստիկանության ստորաբաժանում։ Ինձ՝ որպես փաստաբան խնդրել էր հետևել իրեն։ Պաշտպանյալս կամավոր նստել է պարեկային ծառայողների ծառայողական մեքենա։ Հինգ րոպե անց ներկայացել եմ ոստիկանության կենտրոնական բաժին, տևական ժամանակ 5-10 րոպե արհեստական խոչընդոտներ են հարուցել պաշտպանյալիս մոտ բարձրանալու համար։ Համառ պայքարից հետո ինձ հաջողվեց բարձրանալ։ Մոտենալով կոնկրետ աշխատասենյակին՝ ներսից լսեցի պաշտպանյալիս բղավոցները և իրեն չհարվածելու պահանջները։ Ոստիկանության երկու ծառայողներ փորձեցին խոչընդոտել, որ բացեմ դուռը, սակայն ես հաղթահարեցի և բացեցի աշխատասենյակի դուռը և հայտնաբերեցի պաշտպանյալիս բերանի վրա գետնին ընկած, ձեռնաշղթաները հետևից ամրացված։ Ոստիկանության 5-6 ծառայողների միաժամանակ հարվածներ էին հասցնում նրա մարմնի, գլխի տարբեր հատվածներին՝ որևէ խտրականություն չդնելով իրենց գործողությունների մեջ։ Արձագանքել եմ, մոտեցել եմ, պաշտպանյալիս բարձրացրել եմ գետնից, կանգնել եմ նրա դիմաց, արգելել եմ ոստիկանության ծառայողներին մոտենալ, հորդորել եմ պաշտպանյալիս հետ երկխոսության մեջ չմտնել, քանի որ նրանց խոսակցության մակարդակը այլ կերպ, քան փողոցային «ռազբորկա» չեմ կարող նկարագրել»։

Փաստաբանը նշեց, որ այս ամենին հաջորդել է այն, որ իր պահանջով ոստիկանության ծառայողները դուրս են եկել աշխատասենյակից, և միայն դատավարական գործողություններ իրականացնողն է մնացել։ Այնուհետև ըստ փաստաբանի՝ հանկարծակի կերպով ոստիկանության նշված ծառայողները սկսել են գոռալ իր պաշտպանյալի վրա․ «Դուռը բացվեց, և նույն խումբը ներխուժեց  աշխատասենյակ։ Ինձ մի կողմ հեռացրին, ես կարող եմ դատել միայն ձայներից, թե ինչ էր պաշտպանյալիս հետ կատարվում։ Նշված ընթացքը, որ այդ ամենը տեղի է ունեցել դադարից հետո, ինձ մոտ համոզմունք է ձևավորել, որ ստեղծված իրավիճակը ոչ թե ոստիկանության ստորին օղակների ինքնիրավչական գործողությունների արդյունք է կամ հանգամանքների պատահական զուգորդմամբ առաջացած իրավիճակ, այլ համաձայնեցված համապատասխան վերադասների հետ։ Փաստաբանը խոշտանգման դեպք է արձանագրել և դրա նպատակով որոշել են փաստաբանին ևս մեկուսացնել։ Ինձ աշխատասենյակից դուրս բերելուց հետո մեղմ և հետո ավելի ագրեսիվ պահանջներ են ներկայացրել ոստիկանության շենքը թողնել։ Ամեն կերպ փորձել եմ վերադառնալ պաշտպանյալիս մոտ, հանկարծակի իմ նկատմամբ կիրառվել է ոչ թե անհամաչափ ֆիզիկական ուժ, այլ անհարկի ֆիզիկական ուժ։ Ես որևէ դիմադրություն ցույց չեմ տվել։ Որևէ հիմք չի եղել, իմ կողմից որևէ հակաիրավական գործողություն չի կատարվել»։

Կարեն Ալավերդյանն ասաց, որ իրեն մեկուսացնելուց հետո իր ձերբակալման գործընթացի հետ կապված թույլ են տրվել բոլոր հնարավոր խախտումները․ «Իմ կողմից չի կատարվել որևէ հակաիրավական, հակաօրինական արարք, որը կարող էր հիմնավոր կասկած տալ հանցանք կատարելու անմիջական կասկածանքի հիման վրա ինձ ձերբակալելու համար։ Ի՞նչ փախուստի դիմելու մասին խոսք կարող է լինել, երբ իմ բոլոր գործողություններն ուղղված են եղել պաշտպանյալիս մոտ վերադառնալուն՝ ոստիկանություն վերադառնալուն։ Ձերբակալման արձանագրությունը կազմվել է ինձ փաստացի արգելանքի վերցնելուց հիսուն րոպե անց, այն պարագայում, երբ հետաքննության մարմնում առկա են եղել բազմաթիվ աշխատակիցներ, և որևէ օբյեկտիվ պատճառ չի եղել ձերբակալության արձանագրությունն այդքան մեծ ժամանակային խզումով կազմելու համար։ Ինձ չի հանձնվել ձերբակալության արձանագրության պատճենը։ Մեկ ժամվա ընթացքում բոլոր հասանելի եղանակներով պետք է տեղյակ պահվեր Փաստաբանների պալատի նախագահը, ինչը չի եղել։ Իմ նկատմամբ կիրառված ֆիզիկական ուժը, ձեռնաշղթաները և հատուկ միջոցները կիրառվել են ոստիկանության մասին օրենքով դրա կիրառման իրավաչափության պայմանների կոպտագույն խախտմամբ։ Վեց ժամ մնացել եմ ոստիկանության շենքում, երբ ձերբակալումն արդեն ավարտվել էր, և պետք է ներկայանայի քննիչի մոտ, բայց ես առավելագույն վեցը ժամը լրանալու վերջին րոպեին եմ ներկայացել քննիչի մոտ։ Ոստիկանության ստորաբաժանման կամ վարույթն իրականացնող մարմնի մոտ տեղափոխվելուց անմիջապես հետո, ոչ ավել, քան երեք ժամվա ընթացքում պիտի ապահովվի փաստաբան ունենալու, նրա հետ հաղորդակցվելու, բժշկական զննման ենթարկվելու իրավունքը։ Սրանցից որևէ մեկը չի ապահովվել։ Քննիչի կողմից որոշում է կայացվել ինձ ազատ արձակելու վերաբերյալ վեցը ժամը լրանալուց հետո»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930