Լրահոս
Օրվա լրահոսը

Մերժել՝ հայցային վաղեմություն կիրառելով. Գեւորգ Կոստանյանի պահանջը Հակակոռուպցիոն դատարանից

Հուլիս 04,2023 20:25

Հակակոռուպցիոն դատարանում այսօր շարունակվեց հետախուզման մեջ գտնվող նախկին գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանի, նրա կնոջ՝ Լիլիթ Կոստանյանի, Արման Գալստյանի, նրա կնոջ՝ Թերեզա Գեւորգյանի եւ Արա Կոստանյանի՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման պահանջի մասին հայցադիմումի քննությունը։

Հիշեցնենք, գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջում է Կոստանյաններից հօգուտ ՀՀ-ի բռնագանձել  Կոմիտասի պողոտայում 30/2 շենքի 47 բնակարանը, իսկ անհնարինության դեպքում բռնագանձել գույքի միջին արժեքը՝ 69 միլիոն 445 հազար ՀՀ դրամ։ 2015-ին Գևորգ Կոստանյանի կողմից 22 միլիոն ՀՀ դրամով ձեռք է բերվել այս անշարժ գույքը, որն ապօրինի է։ Այսինքն՝ գույքի՝ ձեռքբերման պահի դրությամբ Գևորգ Կոստանյանի օրինական եկամուտները բացակայել են։ Արա Կոստանյանից հօգուտ ՀՀ-ի բռնագանձել Ծաղկաձորում գտնվող անշարժ գույքը՝ անհնարինության դեպքում 129 միլիոն 995 հազար ՀՀ դրամ։ 1996-ին 60 հազար ՀՀ դրամով ձեռք է բերվել այս տարածքը։ 2003-ին 243 հազար ՀՀ դրամով ձեռք է բերվել հողատարածք, որը միացվել է այս տարածքին։ Մենատան շինարարության արժեքն անհամապատասխան է Գևորգ Կոստանյանի օրինական ձեռքբերման հետ։

Նշված մենատունը 2007-ին նվիրատվություն է կատարվել Արա Կարենի Կոստանյանին։ Արման Գալստյանից բռնագանձել Ջրվեժում գտնվող անշարժ գույքը կամ միջին շուկայական արժեքը՝ 164 միլիոն 125 հազար ՀՀ դրամ։ Գևորգ Կոստանյանի նախկին կնոջ մոր՝ Արմենուհի Մխիթարյանի կողմից 2009-ին երկու միլիոն դրամով անշարժ գույք է ձեռք բերվել, որը 2016-ին ութ միլիոն դրամով Արման Գալստյանին է վաճառվել։

Արմեն Գալստյանը Գևորգ Կոստանյանի համակուրսեցին է և ընկերը։ Արմեն Գալստյանի անվամբ գույքը ձևակերպելուց հետո տրվել է շինթույլտվություն և կառուցվել առանձնատուն։ Ըստ փորձագետի եզրակացության՝ շինարարական աշխատանքների ընդհանուր արժեքը 144 միլիոն ՀՀ դրամից մինչև 176 հազար ՀՀ դրամ է։ Նշված բոլոր ծախսերը համարվել են Գևորգ Կոստանյանի կողմից կատարված։ 2009-ին գույքի ձեռքբերումը հիմնավորվել է եկամուտներով, սակայն 2016-ի շինծախսերի միջին արժեքից միայն մեկ միլիոն ՀՀ դրամն է հիմնավորվում օրինական եկամուտներով․ մնացածն ապօրինի է»։

Դատախազության ներկայացուցիչն այսօր հրաժարվեց փոփոխված հայցի հիմքի վերաբերյալ հիմնավորումներ ներկայացնել:

Այսօրվա նիստում Գեւորգ Կոստանյանի շահերի ներկայացուցիչ Վարազդատ Ասատրյանը դատարանին պետք է ներկայացներ հայցի առարկայի եւ հիմքի վերաբերյալ առարկությունները, բայց դատարանին միջնորդություն ներկայացրեց՝ սույն գործով վարույթը մերժել՝ հայցային վաղեմություն կիրառելով: Ըստ փաստաբանի, քանի որ երկու տարվա ժամկետը բաց է թողնվել եւ հայցը ներկայացվել է ժամկետների խախտմամբ, ուստի վարույթը պետք է կարճվի:

Դատարանը, սույն միջնորդության եւ ապացուցման բեռի բաշխման վերաբերյալ որոշումը կհրապարակի գրավոր:

Իսկ Aravot.am-ի հետ զրույցում Վարազդատ Ասատրյանը կարծիք հայտնեց, որ այս վարույթի շրջանակներում գործընթացները տեղի են ունենում ոչ իրավաչափ եւ ոչ իրավական դաշտում: Ըստ նրա, դատախազությունը շատ արատավոր պրակտիկա ունի՝ ինչպես ցանկանում, այնպես էլ տանում են գործընթացը: Պաշտպանի գնահատմամբ, դատարանում էլ արատավոր պրակտիկա կա. հայցային վաղեմություն կիրառելու եւ վարույթները կարճելու բազմաթիվ միջնորդություններ, այլ գործերով, անտեսվում են եւ մերժվում:

«Եղբոր որդու գույքն ասում են իրենն է, բայց իրականում Կոստանյան Գեւորգինը չէ. տեսանյութերը կան, որ Կոստանյան Գեւորգը եւ եղբայրը այդ գույքը նվիրում են եղբոր որդուն, դեռ երբ նա շատ փոքր տարիքում էր»,- ասաց պաշտպանը:

Ամուսնալուծության մասով էլ դատախազությունը պնդում է, որ Գեւորգ Կոստանյանի եւ նրա կնոջ ամուսնալուծությունը ձեւական բնույթ է կրում, բայց պաշտպանը պնդում է, որ ամուսնալուծությունը ձեւական բնույթ չի կրում, այլ իրական է ու այս պարագայում, ասում է բավական հետաքրքիր է, թե ինչպե՞ս պետք է ապացուցել ամուսնալուծության իրական լինելը, որ այն դատարանում միանշանակ ընդունվի:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31