Հակակոռուպցիոն դատարանում «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի եւ մյուսների գործով դատական նիստում այսօր պետք է հարցաքննվեին երեք վկաներ՝ Էռնեստ Գրիգորյանը, Վահրամ Բաղդասարյանը եւ Հովհաննես Դավթյանը։ Պաշտպանական կողմին հետաքրքրող մի քանի տեխնիկական հարցեր պարզելուց հետո, նախագահող դատավոր Վահե Դոլմազյանը վկաներ Էռնեստ Գրիգորյանին եւ Վահրամ Բաղդասարյանին խնդրեց սպասել դատական նիստի դահլիճից դուրս, քանի որ վկաները հարցաքննվում են առանձին-առանձին։
Դրանից հետո նախագահող դատավորը նշեց, որ գրություն է ստացվել «Արդշինբանկ» ԲԲԸ-ի վարչության նախագահից այն մասին, որ հարցաքննության պահին հնարավոր է՝ բանկի աշխատակիցը հրապարակի բանկի առեւտրային եւ բանկային գաղտնիք կազմող տեղեկություններ, ինչը կարող է հանգեցնել օրենքով պահպանվող տեղեկությունների բացահայտման եւ կվնասի բանկի հաճախորդների օրինական շահերին։ Ուստի խնդրել է բանկի աշխատակիցների հարցաքննությունը կատարել դռնփակ դատական նիստում։
Մեղադրողը եւ պաշտպանական կողմը նման անհրաժեշտություն չտեսան, սակայն հարցի կարգավորումը թողեցին դատարանի հայեցողությանը։ Այս հարցի շուրջ եւս մի քանի հանգամանքներ ճշտելուց հետո նախագահող դատավոր Վահե Դոլմազյանը որոշում կայացրեց այսօրվա դատական նիստում բանկի աշխատակից վկայի հարցաքննությունն իրականացնել դռնփակ ռեժիմով։
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ



















































