Լրահոս
Օրվա լրահոսը

Ի՞նչ հարց լուծեց ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանն՝ իր նստացույցով

Հուլիս 22,2023 13:30

«Մի կողմից այս քայլը խոստովանությունն է այն իրողության, որ գործող իշխանությունն ի վիճակի չէ իր ձեռքում եղած պաշտոնական լծակների միջոցով ապահովել արդյունավետ քայլերի իրականացում, իսկ մյուս կողմից՝ այսպիսով կանխվեց փողոցում նախաձեռնությունն իր ձեռքն առնելու ունակ առաջնորդող զուգահեռ օղակի ձեւավորումն ու կայացումը։ Գոնե առայժմ». «Առավոտի» զրուցակիցն է ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան, Արցախի նախկին ԱԳ նախարար Արման Մելիքյանը։

-Արցախի քաղաքական ղեկավարությունը՝ նախագահ Արայիկ Հարությունյանը, ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը միացան Վերածննդի հրապարակում նստացույց հայտարարած քաղաքացիներին: Արայիկ Հարությունյանն ասաց՝ իր քայլը ծայրահեղ է եւ ստեղծված իրավիճակում ինքն այլ ելք չի տեսնում: Արդյո՞ք, ստեղծված իրավիճակում դա Արցախի քաղաքական ղեկավարության կողմից միակ քայլն էր, ի՞նչ կարող էր, ավելի ճիշտ՝ պետք է աներ Արայիկ Հարությունյանն այս իրավիճակում, իր նստացույցի հետեւանքները ինչպիսի՞ք կարող են լինել Արցախի համար:

– Չեմ կարծում, որ Արցախի հանրապետության ղեկավարության նստացույցով ապաշրջափակման հետ կապված որեւէ հարց իրապես կլուծվի։ Սա, ավելի շուտ, Արցախի իշխանությունների՝ փողոցի ժաղովրդական շարժմանը միանալու խորհրդանշական գործողություն է, որն այս պահին դժվար է գնահատել որպես դրական կամ բացասական։ Մի կողմից այս քայլը խոստովանությունն է այն իրողության, որ գործող իշխանությունն ի վիճակի չէ իր ձեռքում եղած պաշտոնական լծակների միջոցով ապահովել արդյունավետ քայլերի իրականացում, իսկ մյուս կողմից՝ այսպիսով կանխվեց փողոցում նախաձեռնությունն իր ձեռքն առնելու ունակ առաջնորդող զուգահեռ օղակի ձեւավորումն ու կայացումը։ Գոնե առայժմ։ Գուցե ժամանակավորապես լուծվեց ներքին կայունության եւ գործող իշխանության առաջնորդող դերի ապահովման հարցը, սակայն մարդկանց դրանով կշտացնել հնարավորն չի լինի։

– Արցախում ընթացող բողոքի ցույցերը, հնչող հակառուսական հայտարարությունները, ՀՀ իշխանություններին մեղադրանքներից խնայելը, շատերի մոտ տպավորություն են ստեղծել, որ Արցախի եւ ՀՀ իշխող ուժերի առաջին դեմքերի միջեւ պայմանավորվածության արդյունք է եւ ներգրավելով իրապես ծանր ու անելանելի վիճակում հայտնված մարդկանց՝ այդ բողոքի ցույցերին, իրականում Արցախի ադրբեջանական ինտեգրացիան եւս մեկ քայլով են մոտեցնում: Դո՞ւք ինչ տպավորություններ ունեք:

– Արցախի հանրապետությունը պետք է կարողանա վերականգնել իր՝ քաղաքական լիարժեք գործոն, սուբյեկտ լինելու որակն ու կարողունակությունը։ Սա է Արցախի գոյության, նրա հայկական մնալու իրական երաշխիքը։ Մնացյալը՝ քաղաքական ճամարտակություն է։ Իսկ դրա համար անհրաժեշտ է, որ ժողովրդին առաջնորդեն մտածող, սառնասիրտ, անձնուրաց ու անվախ մարդիկ։ Ես այժմ Արցախի պարագայում չեմ կարեւորում խոսքերը՝ չափման միավորն այլեւս ապաշրջափակումը գործնականում վերացնելուն ուղղված կոնկրետ քայլերն են եւ այդ քայլերը պետք է որոշվեն հենց Արցախում ու ստանան քաղաքացիների լիարժեք աջակցությունը։

– Բրյուսելում կայացած վերջին եռակողմ հայտարարությունից հետո ԵԽ նախագահ Շառլ Միշելի հայտարարությունները՝ տրանսպորտային ապաշրջափակման, Աղդամով Արցախին սնունդ մատակարարելու, Արցախի ապառազմականացման մասին եւ այլն, հանդիպմանն ընդառաջ ՌԴ ԱԳՆ-ի ոչ դիվանագիտական ձեւակերպումներով հայտարարությունը՝ Նիկոլ Փաշինյանին ուղղված ուղիղ մեղադրանքով, դրան Ադրբեջանի ԱԳՆ-ի նույնքան ոչ դիվանագիտական պատասխանը, Հայաստանի քաղաքական էլիտայի՝ իշխանություն, ընդդիմություն համապարփակ լռությունը, ի՞նչ պատկեր են ուրվագծում, իրադարձություններն ի՞նչ զարգացման փուլ են մտել Հարավային Կովկասում՝ ռուս-թուրքական արդեն կարծես բացահայտ առճակատման, Ուկրաինայում ռազմական գործողությունների թեժացման ֆոնին: Ի՞նչ վտանգներ են սպառնում Հայաստանին եւ Արցախին:

– Շառլ Միշելի կողմից Աղդամով մարդասիրական օգնություն հասցնելու վերաբերյալ ասածը համարժեք չէ իրավիճակին ու, մեղմ ասած, անհեթեթություն է, եթե չասեմ՝ ցինիկ լկտիություն։ Մոսկվայի կողմից վարչապետ Փաշինյանին ուղղված մեղադրանք-կշտամբանքներն էլ, կրկին մեղմ ասած, իրականությունը խեղող ու սեփական անգործությունն արդարացնող հնարք են։ Ասում են, որ Արցախն Ադրբեջանի կազմում Փաշինյանի կողմից պաշտոնապես ճանաչելը իրավիճակն արմատապես փոխել է եւ դրանով արդարացնում են սեփական անգործությունը մարդասիրական միջանցքի ապաշրջափակման հարցում։ Բայց եթե հիշենք, որ մինչ այդ ճանաչումն անցած երկու տարիների ընթացքում նոյեմբերի 9-ի հայտարարության հայկական կողմի շահերն ապահովող կետերից գրեթե ոչ մեկը լիարժեք չի կատարվել, ապա ռուսական կողմի, որպես այդ հայտարարության դրույթների կատարման երաշխավորի պահվածքը դժվար է դրական գնահատել, իսկ քննադատությունն էլ՝ օբյեկտիվ ճանաչել։

– Նաեւ, օրերս ԵԽ հանձնաժողովը Թուրքիային կոչ է արել՝ ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Ինչո՞վ է նման կոչը հիմա պայմանավորված, ի՞նչ ակնկալիք կա Թուրքիայից, որը ժխտողական քաղաքականություն է միշտ վարել:

– Այդ մոտեցումը ողջունելի է ու տեղին։ Միաժամանակ, այդ կոչը կարող է ընկալվել որպես ԵՄ անդամակցության Թուրքիայի կողմից վերջերս թարմացված նկրտումները գործնականում կասեցնելու քաղաքական լծակ։

Զրույցը՝ Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

«Առավոտ» օրաթերթ
21.07.2023

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31