Լրահոս
Օրվա լրահոսը

«Հումանիտար ճգնաժամը ժամ առ ժամ վատթարանում է»․ Վարդան Սարգսյան

Հուլիս 29,2023 21:35

«Իրավիճակը մնում է նույնը, ոչ մի տեղաշարժ չկա։ Հումանիտար բեռը գտնվում է անշարժ վիճակում։ Բանակցությունները շարունակական են, եւ այս պահին որեւէ արձագանք չկա», -քիչ առաջ լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամի կառավարման աշխատանքային խմբի ներկայացուցիչ Վարդան Սարգսյանը։

Վերջինիս խոսքով՝ հումանիտար ճգնաժամը ժամ առ ժամ վատթարանում է։ Այսօր՝ հուլիսի 29-ի կեսօրին Հակարիի անցակետում ադրբեջանցիները առեւանգել են Կարմիր խաչի ուղեկցությամբ Հայաստան բուժման նպատակով տեղափոխվող 68-ամյա  քաղաքացու։ Ըստ Վարդան Սարգսյանի՝ սա հումանիտար իրավունքի կոպիտ խախտում է, ինչը ցույց է տալիս Ադրբեջանի ընկալումները հումանիզմի եւ միջազգային իրավունքի նկատմամբ։

Արդեն չորրորդ օրն է, ինչ Արցախ հումանիտար օգնություն տանող 19 բեռնատարները կանգնած են Կոռնիձորում՝ Հակարիի կամրջից քիչ վերեւ։ Բեռնատարներում կա շաքարավազ՝ 60 տոննա, ձեթ՝ 40 տոննա, ալյուր՝ 100 տոննա, մակարոնեղեն՝ 80 տոննա, աղ՝ 20 տոննա, կաթի փոշի՝ 40 տոննա, մանկական սնունդ՝ 12 տոննա եւ 9 տոննա դեղորայք:

Հիշեցնենք, որ երեկ՝ հուլիսի 28-ին Կոռնիձոր էին այցելել Հայաստանում դիվանագիտական գործունեություն իրականացնող 17 երկրների ներկայացուցիչներ։ Նրանց հետ հանդիպմանը ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը համոզմունք հայտնեց, որ դիվանագետներն իրենց տեսածը կփոխանցեն իրենց մայրաքաղաքներ, որպեսզի ժամ առաջ ապաշրջափակվի դեպի Արցախ տանող ճանապարհը։

Իսկ այսօր՝ հուլիսի 29-ին Կոռնիձորում, Շվեդիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Արին Կարապետը հայտարարեց, որ «ինչքան այս բեռներն այստեղ կանգնեն, ցույց կտա, որ Ադրբեջանը չի ուզում խաղաղություն»։

Արմեն ԴԱՎԹՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31