Լրահոս
Օրվա լրահոսը

Կառավարությունը հավելյալ 500 մլն. դրամ կհատկացնի վերարտադրողական առողջության ծրագրին

Օգոստոս 11,2023 12:20

Վերարտադրողական առողջության ծրագրի համար ՀՀ կառավարությունն առողջապահության նախարարությանը 500 մլն դրամ լրացուցիչ միջոցներ կտրամադրի։ Այս մասին կառավարության այսօրվա նիստում հայտնեց ՀՀ ԱՆ ղեկավար Անահիտ Ավանեսյանը։

Նախագծով նախատեսվում է ՀՀ 2023թ. պետական բյուջեով նախատեսված ՀՀ կառավարության պահուստային ֆոնդի հաշվին ավելացնել ՀՀ 2023 թվականի պետական բյուջեի «Առողջապահություն» բաժնի «1200. «Մոր և մանկան առողջության պահպանում» ծրագրի 11006. «Անպտուղ զույգերի համար վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնության ծառայություններ» միջոցառմանը հատկացված միջոցները 2.6 մլրդ դրամի չափով՝ մինչև 2023 թվականի ավարտը 750 շահառուների արտամարմնային բեղմնավորման, 370 շահառուների սերմնավորման և 1300 շահառուների պատճառագիտական ծառայություններ տրամադրելու համար:

Ավանեսյանը տեղեկացրեց, որ հաշվի առնելով բնակչության մեծ պահանջարկը` ծրագրի գործարկման ընթացքում այն պարբերաբար վերանայվում է և կատարված փոփոխությունների արդյունքում նախկին 8 բնակավայրի փոխարեն արդեն 194 սահմանամերձ բնակավայրի բնակիչները հնարավորություն կունենան միանալ այս ծրագրին։

Հաջորդ վերանայումը վերաբերել է 44-օրյա պատերազմի հետևանքներին. ծրագրի շահառու են դարձել նաև պատերազմում զոհված զինծառայողների ծնողները։ Նրանց համար գործարկվել է նաև փոխնակ մայրերի ծրագիրը։ Ծրագրի գործարկման ընթացքում ծնված երեխաների թիվը կազմել է 31.6 տոկոս։ Սա բավարարում է զարգացած երկրներում միջին ցուցանիշներին։

«Հունվարին վերարտադրողական առողջության ծրագիրը վերափոխվել է։ Շահառու են դարձել մինչև 36 տարեկան 2 տարի և ավելի անպտղություն ունեցող անզավակ կանայք, ինչպես նաև սահմանամերձ բնակավայրերի 36-42 տարեկան կանայք, ովքեր ունեն 2-րդ բալիկ ունենալու դժվարություն։ 2023 թվականի 7 ամսվա ընթացքում սպասարկվել և բուժման տարբեր փուլերում է գտնվում 2876 շահառու։ Արձանագրվել է 301 հղիություն, ծնվել է 57 երեխա, որոնցից 9–ը` զոհված զինծառայողների ընտանիքներում։ Արդեն իսկ ակնհայտ է, որ 7 ամսվա ընթացքում գրեթե կրկնակի հղիություն է եղել, որքան 2022 թվականի ողջ ընթացքում»,– նշեց Ավանեսյանը։

Նա վարչապետին տեղեկացրեց, որ ծրագրի հասանելիությունը մեծացնելու համար առողջապահության նախարարությունը մեծ աշխատանքներ է տանում և առաջիկայում մարզային քաղաքներում կբացվեն առաջին փուլը գործարկող կենտրոններ: Ծրագիրը սկսվելու է Գյումրիից, այնուհետև այն կիրականացվի նաև Վանաձորում և Գորիսում։

Մանրամասները՝ տեսանյութում

Լուսինե ՄԱՐԳԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031