Լրահոս
Օրվա լրահոսը

«Ամենալավ արդյունքները կհրապարակի ԿԸՀ-ն՝ սեպտեմբերի 17-ին»․ Հայկ Մարությանը՝ հարցման արդյունքների մասին

Սեպտեմբեր 07,2023 22:03

«ՀՀ-ում ոչ մի անգամ չեմ հանդիպել ճշգրիտ հարցման․ միշտ արդյունքներն այլ են լինում, ինչ հարցումները»,-Aravot.am-ի փաստմանը՝ «Gallup International Association»-ի հարցման արդյունքներով՝ Հայկ Մարությանը 2-րդ հորիզոնականում է և հարցին՝ ինչպե՞ս եք վերաբերվում այդ հարցումներին, Էրեբունիում բակային հանդիպումների ժամանակ այսպես պատասխանեց Երևանի ավագանու ընտրություններում «Ազգային առաջընթաց» կուսակցության քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանը։

Հիշեցնենք՝ «Gallup International Association»-ի Հայաստանում լիիրավ անդամ Էմ Փի Ջի ՍՊԸ տնօրեն Արամ Նավասարդյանն այսօր հրապարակել էր իրենց կատարած հարցումների արդյունքները, թե որ քաղաքական ուժին կամ դաշինքին են պատրաստվում երևանցիներն ընտրել Երևանի ավագանու ընտրություններին։ Ըստ արդյունքների՝ 1-ին հորիզոնականում է ՔՊ-ն (16,3% ), 2-րդում ՝ «Ազգային առաջընթաց»-ը, որի թեկնածուն Հայկ Մարությանն է (11,8%), 3-րդ տեղում «Մայր Հայաստանն» է, 4-րդում՝ «Ապրելու երկիր»-ը։

Ըստ Հայկ Մարությանի՝ հարցումները ճշգրիտ պատկեր չեն արտացոլում, քանի որ մի դեպքում ոչ պրոֆեսիոնալ են աշխատում, կամ քաղաքական պատվեր են կատարում, մեկ այլ դեպքում ուղղակի պատվեր են կատարում գումար աշխատելու համար․ «Ցավում եմ դրա համար։ Ամենալավ արդյունքները կհրապարակի ԿԸՀ-ն՝ սեպտեմբերի 17-ին»։

Մեր հարցին՝ որո՞նք են լինելու այդ արդյունքները, շարունակո՞ւմ է պնդել, որ իրենք են լինելու առաջինը, Հայկ Մարությանն արձագանքեց․ «Մենք սպասում ենք ժողովրդի քվեին։ Ժողովուրդը կորոշի։ Ոչ մեկը չի կարող պնդել, պնդում է միայն ժողովուրդը»։

Մեր դիտարկմանը՝ Տիգրան Ավինյանը մետրոյի կայարան է խոստանում կառուցել, Մանե Թանդիլյանն ու իր քաղաքական ուժը՝ ճոպանուղի և հարցին՝ Դո՞ւք ինչ եք խոստանում երևանցիներին՝ ծրագրերից կարծես քիչ եք խոսում, Հայկ Մարությանը պատասխանեց․ «Մեր բոլոր ծրագրերի մասին երևանցիները գիտեն, մեր բոլոր ծրագրերի շարունակությունն է։ Իսկ եթե ուզում եք ծրագրերին ավելի մանրամասն ծանոթանալ, կուսակցության կայքէջում ծավալուն փաստերով և օրենքներով ամրագրված լրջագույն ծրագիր է դրված։ Ամենակարևորը երևանցիների համար էկոլոգիան է, երկրորդը՝ անվտանգությունը․ մնացած բոլոր թեմաներն ածանցյալ են, դրանցից բխող»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930