Լրահոս
Օրվա լրահոսը

Թումոն ընդլայնվում է Երևանում. երեք նոր Թումո տուփ է բացվել Նոր Նորքում

Սեպտեմբեր 08,2023 18:50

Թումոն ընդլայնվում է Երևանում. Թումո Հայաստան նախաձեռնության շրջանակում երեք Թումո տուփ է տեղադրվել Նոր Նորքում` Շոպրոնի 77 հասցեում` Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի տարածքում: Այստեղ հետագայում կկառուցվի Երևանի երկրորդ Թումո կենտրոնը, որը կունենա 6000 ուսանող ընդունելու հնարավորություն։

Նոր Նորքի Թումո կենտրոնը կավելացնի մայրաքաղաքում ուսանողների թիվը՝ կրճատելով պատանիների՝ գրանցումից մինչև առաջին դաս սպասման ժամանակահատվածը։ Մինչ կենտրոնի կառուցումը այդ նպատակին կծառայեն նորաբաց տուփերը, որոնք այժմ ունեն 1200 ուսանող ընդունելու հնարավորություն։

Ինչպես և Հայաստանի և Արցախի բոլոր Թումո տուփերում, այնպես էլ այստեղ ուսանողները անցնելու են ինքնուսուցման փուլերը, իսկ դասընթացների հաճախելու են իրենց ամենամոտ Թումո կենտրոն, այս դեպքում` Հալաբյան 16 հասցեում գործող Թումո Երևան:

Թումոցիների համար դասերը տուփերում կանցկացվեն բնականոն թումոյական գրաֆիկով՝ 15:30-ից 21:30 աշխատանքային օրերին և 9:30-ից 21:30 շաբաթ և կիրակի օրերին։ Իսկ երկուշաբթիից ուրբաթ առավոտյան ժամերին տուփեր կհաճախեն ռազմական համալսարանի ուսանողները` ստանալու տեխնոլոգիական կրթություն հատուկ իրենց համար մշակված մոդուլով, որը միավորում է Թումոյի ծրագիրը և համալսարանի տեխնոլոգիական կրթության բաղադրիչը։

Թումո Երևանի այն ուսանողները, որոնք բնակվում են Նոր Նորքում կամ հարակից վարչական շրջաններում և կցանկանան իրենց ինքնուսուցման սեսսիաներին հաճախել արդեն Շոպրոնի 77 հասցեում գործող տուփեր, կարող են դիմել Թումո Երևանի տեղեկատու կամ զանգահարել 0101398413:

Թումո Հայաստան նախաձեռնության միջոցով պլանավորվում է կառուցել 110 տուփերի և 16 կենտրոնների ցանց, որը Թումոյի ծրագիրը հասանելի կդարձնի Հայաստանի և Արցախի բոլոր երիտասարդներին:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930