Ապրիլին Թումոն պաշտոնապես բացեց իր երկրորդ կենտրոնը Արգենտինայի Բուենոս Այրես քաղաքում և առաջինը՝ Ուրուգվայում։
Ապրիլի 22-ին Բուենոս Այրեսում Թումո կենտրոնի բացմանը ներկա էին քաղաքի Կրթության նախարար Մերսեդես Միգելը և քաղաքապետ Խորխե Մակրին։ Նրանց էին միացել նաև Թումոյի զարգացման գծով տնօրեն Բեկոր Փափազյանը, միջազգային ծրագրերի ղեկավար Քրիս Շահինյանը և Թումոյի գլխամասի ու տարբեր կենտրոնների ներկայացուցիչներ, որոնք ժամանել էին մասնակցելու նաև Թումոյի միջազգային համաժողովին։
Նոր կենտրոնը, որը Բուենոս Այրեսի կրթության նախարարության հետ համագործակցության արդյունք է, բացվել է Հարավային Ամերիկայում առաջին կենտրոնի՝ Բուենոս Այրեսի Բարակասի կենտրոնի գործարկումից մեկ տարի չանցած։ Նունյեսի կենտրոնը շաբաթական կընդունի մինչև 4.500 ուսանող։ Ուսանողները կհմտանան այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են եռաչափ մոդելավորումը, խաղերի ստեղծումը, գրաֆիկական դիզայնը, շարժական գրաֆիկան, լուսանկարչությունը, ծրագրավորումը, իսկ հետագայում նաև գեներատիվ AI-ը և կայքերի մշակումը։
Թումոյի ներկայությունը Բուենոս Այրեսում շարունակվելու է ընդլայնվել․ երրորդ կենտրոնի բացումը նախատեսվում է այս տարվա ընթացքում՝ Չակարիտա շրջանում։ Նոր կենտրոնի գործարկումից հետո Բուենոս Այրեսի բոլոր կենտրոնները միասին կկարողանան շաբաթական ընդունել մինչև 15.000 ուսանող:
Կարդացեք նաև
«Հաջորդ սերունդը ժառանգելու է հնարավորություններով լի ապագա, որն իր հետ բերում է նաև տեխնոլոգիական, բնապահպանական, սոցիալական և աշխարհաքաղաքական լուրջ մարտահրավերներ։ Դրանք մեր ստեղծած իրականությունն են։ Մեզ համար կարևոր է օգնել նրանց ձեռք բերել անհրաժեշտ հմտությունները՝ այս արագ փոփոխվող աշխարհում վստահ և պատրաստ լինելու համար», — ասել է Փափազյանը։
Մոնտեվիդեո, Ուրուգվայ
Ապրիլի 8-ին Մոնտեվիդեոյում բացվել է Թումո Ուրուգվայի կենտրոնը, ինչը նախորդել է Նունյեսում Թումո կենտրոնի բացմանը։ Բացման արարողությանը մասնակցել են Ուրուգվայի նախագահ Յամանդու Օրսին, Corporación América Airports-ի գործադիր տնօրեն Մարտին Էռնեկյանը, Թումոյի միջազգային ծրագրերի ղեկավար Քրիս Շահինյանը և այլ հյուրեր։ Կենտրոնը գործարկվել է Aeropuertos Uruguay-ի, Corporación América Airports-ի և Ceibal-ի հետ համագործակցությամբ։
Միջոցառման ընթացքում Google-ի Southern Cone-ի հանրային քաղաքականության և կառավարության հետ հարաբերությունների ղեկավար Թամար Կոլոդենկոն հայտարարեց, որ Google-ը հաջորդ երկու տարիների ընթացքում համագործակցելու է Թումո Ուրուգվայի հետ՝ ընդլայնելով բարձրակարգ կրթության հասանելիությունը ուսանողների համար, մասնավորապես՝ արհեստական բանականության ոլորտում։
Թումոն այս տարի նշում է իր 15-ամյակը, և էլ ավելի է ընդլայնում իր միջազգային ցանցը. նախատեսվում է մինչև 2027 թվականի ավարտն ունենալ 30 կենտրոն 15 երկրում, որոնց թվում են Իսպանիան, Անգոլան, Գերմանիան, Ղազախստանը և այլն։
Թումոյի միջազգային ընդլայնումը կարևոր է աշխարհում Հայաստանը՝ որպես նորարարության ու կրթության երկիր ներկայացնելու համար։ Դա հզորացնում է ծրագիրը միջազգային համագործակցության շնորհիվ և օգնում է ապահովել Հայաստանում Թումոյի կրթական ցանցի ֆինանսավորումը։
Բուենոս Այրեսի բացմանը հաջորդեց Թումոյի երրորդ միջազգային համաժողովը։ Տասնմեկ երկրների (Ալբանիա, ԱՄՆ, Արգենտինա, Գերմանիա, Իսպանիա, Հայաստան, Հնդկաստան, Ճապոնիա, Նիդերլանդներ, Ուրուգվայ, Պորտուգալիա) տասնյոթ Թումո կենտրոններից ժամանած քառասունութ մասնակիցները հավաքվեցին Բուենոս Այրեսում՝ կիսվելու պրակտիկայով, մարտահրավերներով և գաղափարներով այնպիսի թեմաների շուրջ, ինչպիսիք են ուսանողական փորձառությունը, համայնքի ներգրավվածությունը, համագործակցությունները և ուսուցման նորարարությունը։ Այս տարվա խորագիրն էր «Մարդկային, ստեղծարար, գիտակից. ինչպիսի՞ն պետք է լինի ուսուցումը»։ Համաժողի մյուս թեմաներն էին Թումո կենտրոնների գործարկումն ու զարգացումը, ցանցային համագործակցությունը և Թումոյի մոդելի ազդեցությունը։
Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն


















































