Լրահոս
Օրվա լրահոսը

Երբ ցուցմունք տվողները միայն ոստիկաններն են

Սեպտեմբեր 27,2023 13:00

Ձերբակալված ցուցարարների նկատմամբ ընտրված խափանման միջոցների գործերով խայտառակ դատական գործընթացներ են մեկնարկել, ու մինչ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչները ԱՆ «Աբովյան» եւ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկներ չհայտարարված այցի ընթացքում կհանդիպեն Երեւան քաղաքի տարբեր հատվածներում բողոքի ակցիաների ժամանակ մարմնական տեսանելի վնասվածքներով կալանավորվածների, այդ թվում՝ անչափահասների հետ, այդ գործերով ներգրավված փաստաբանները, պաշտպանները դատարաններում հանդես են գալիս հայտարություններով, ինքնաբացարկի միջնորդություններով, սակայն դրանք մերժվում են…

Դատարանները ուշադրություն չեն դարձնում քննիչների միջնորդություններին կցված ապացույցներին, մասնավորապես համաժամանակյա «ականատես», «վնասազերծող» ոստիկանների կողմից տրված ցուցմունքներին:

Ակամայից հիշում ես Հայաստանի քաղաքացիների ՄԻԵԴ ներկայացրած շատուշատ գործերով Եվրոպական դատարանի եզրահանգումները, գնահատականները. «Մարդու իրավունքների եվրոպական դատարանը գտել է, որ այդ վարույթներում դատարանները պատրաստակամորեն եւ անվերապահորեն ընդունել են ոստիկանության ծառայողների ցուցմունքները եւ դիմումատուին որեւէ հնարավորություն չեն տվել հակառակ ապացույցներ ներկայացնելու։ Այն վճռել է, որ այս մեղադրանքների հիմքում ընկած այն հիմնական փաստերի վերաբերյալ վեճի դեպքում, երբ մեղադրանքի կողմի միակ վկաներն այն ոստիկանության ծառայողներն են եղել, որոնք ակտիվ դեր են ունեցել վիճարկվող իրադարձություններում, դատարանները պետք է պարտադիր օգտագործեին յուրաքանչյուր ողջամիտ հնարավորություն՝ ստուգելու նրանց մեղադրական ցուցմունքները» կամ՝ «Պաշտպանական կողմին հնարավորություն չի ընձեռվել արդյունավետորեն վիճարկելու ոստիկանության աշխատակիցների ցուցմունքների իսկությունը եւ առարկելու դրանց օգտագործման դեմ։ Այլ կերպ ոստիկանության աշխատակիցների կողմից ներկայացված տվյալներն անվերապահորեն ընդունելը՝ առանց պաշտպանական կողմին լիարժեք հնարավորություն ընձեռելու մրցակցային դատավարության պայմաններում արդյունավետորեն վիճարկելու իր դեմ տրված ցուցմունքների արժանահավատությունը, հանգեցրել է Եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածով երաշխավորված՝ արդար դատաքննության իրավունքի խախտման»:

Սեպտեմբերի 24- ին Երեւան քաղաքի դատավորները սեպտեմբերի 20-ից հետո ձերբակալվածների նկատմամբ սկսեցին խափանման միջոցի՝ կալանքի բոլոր միջնորդությունները բավարարել:


Երեւան քաղաքի դատավոր Ռոման Սմբատյանը կալանքը՝ որպես խափանման միջոց ընտրեց հադրութեցի Դավիթի նկատմամբ (ազգանունը միտումնավոր չենք գրում), ով ծանր վիրավորում էր ստացել 2020 թվականի պատերազմի ժամանակ, ընտանիքի միակ աշխատողն է, ապրում է վարձակալած բնակարանում։ Նա կալանավորվել է ոստիկանի ցուցմունքի հիման վրա՝ մեկ ամիս ժամկետով։

Դատավոր Արամայիս Ասատրյանը սեպտեմբերի 24-ին մեկ ամսով կալանքի միջնորդությունը բավարարեց ռազմական գործողություններին մասնակցած շուշեցի Էրիկի նկատմամբ: Նա Հայաստան էր եկել երեխայի բժշկական հետազոտության համար եւ ճանապարհների փակվելու պատճառով չէր կարողացել վերադառնալ Արցախ։ Ուշադրություն դարձնենք, որ նա նույնպես կալանավորվեց ոստիկանի ցուցմունքի հիման վրա:

Դատավոր Սամվել Շահվերդյանը սեպտեմբերի 24-ին երկու ամսով կալանավորեց արցախցի Տաթեւ Վիրաբյանին՝ 44-օրյա պատերազմում զոհված Գեւորգ Վիրաբյանի քրոջը: Տաթեւին ներկայացվել է «զանգվածային անկարգության կոչեր հնչեցնելու եւ այդ անկարգություններին մասնակցելու» մեղադրանք:

Երեկ՝ սեպտեմբերի 25-ին 9 ժամ տեւած դռնփակ նիստից հետո դատավոր Մասիս Մելքոնյանը որոշեց ՀՀ երկրորդ նախագահի որդուն՝ Լեւոն Քոչարյանին կալանավորել 1 ամսով։ Նրա փաստաբան Ալեքսանդր Կոչուբաեւը ՖԲ էջում տեղեկացրեց, որ Լեւոն Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել «իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու» համար։ Ցուցմունքները տվել էին դարձյալ «ականատես», համաժամանակյա «վնասազերծող» ոստիկանները:

Լ. Քոչարյանը հայտնել էր. «Պատրաստ է առերեսվել այն ոստիկանների հետ, ովքեր ակնհայտորեն հայտնել են իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ»։ Այս գործով արտառոց մի բան էլ էր տեղի ունեցել. պաշտպանական կողմը ներկայացրել է ինքնաբացարկի միջնորդություն, որին միացել էր փաստաբան Գայանե Պապոյանը, հայտնելով, թե դատավոր Մասիս Մելքոնյանի հետ ունի ազգակցական կապ: Դատարանը մերժել է Գայանե Պապոյանի միջնորդությունը՝ «արձանագրելով, որ որպես ազգական չունեն ինտենսիվ շփում եւ ինքը, այնուամենայնիվ, անկախ կքննի գործը»:

Ի դեպ, հիշեցնեմ, տասը տարի առաջվա մի քրեական գործի մասին, երբ դատարանն արդարացրեց մի կնոջ՝ Անահիտ Թամոյանին, ով Հանրապետության հրապարակում վիճաբանության մեջ էր մտել ոստիկանների հետ, ըստ մեղադրանքի՝ «խաթարել հասարակական կարգը», իսկ ոստիկանները, ովքեր ցուցմունք էին տվել կնոջ դեմ, անգամ չէին առերեսվել նրա հետ: Այսինքն, մեղադրյալը հնարավորություն չէր ունեցել հակընդդեմ հարցման իրավունքից օգտվել:

ՄԻԵԴ նախադեպային որոշումների համաձայն, դատարանը, եթե չի ապահովում հակընդդեմ հարցման իրավունքը, այսինքն, հնարավորություն չի ունենում իր դեմ ցուցմունք տված անձին հարցեր տալ, այդ ցուցմունքները չեն կարող դրվել մեղադրական դատավճռի հիմքում:

Բողոքի ցույցերից բազմաթիվ ուղիղ եթերներ մեր աչքի առաջ էին, դրանք հավանաբար կներկայացվեն պաշտպանների կողմից, տեսանյութերից շատերից երեւում է, որ ոչ իրավաչափ գործողությունները սկսվում են հենց ոստիկանների կողմից:

Դրա թարմ օրինակը երեկ կատարվածն էր. Կարմիր բերետավորների մի խումբ հանկարծակի մոտեցել է ԵՊՀ դասախոսներից մի քանիսին, առանց որեւէ բառ ասելու բռնել դասախոս, լրագրող Դավիթ Սարգսյանի ձեռքերը եւ բերման ենթարկել։ Բերման է ենթարկվել պրոռեկտոր Ցոլակ Ակոպյանը, ում հետ խոսում էր այդ պահին Դավիթը:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Հ.Գ. Հրապարակումը պատրաստ էր, երբ փաստաբան Լուսինե Վիրաբյանը սոցիալական ցանցում տեղեկացրեց, որ Արցախի Շեխեր գյուղից 2020 թվականին տեղահանված 14-ամյա Ամուր անունով տղային առավոտյան բերման են ենթարկել ոստիկանության Քանաքեռ-Զեյթուն բաժին։ Բերման ենթարկվելուց բացի` նաեւ ֆիզիկական բռնության էր ենթարկվել ճանապարհին (հարվածներ գլխին)։

«Առավոտ» օրաթերթ
26.09.2023

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930