ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովն այսօր դրական եզրակացություն տվեց «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին նախագծին։
ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Լևոն Բալյանն ասաց, որ նախագծի ընդունումը պայմանավորված է առաջին ատյանի դատարաններին տրվող վարձատրության համակարգի վերանայման անհրաժեշտությամբ եւ բխում է դատավորների անկախությունը երաշխավորելու, ինչպես նաեւ առաջին ատյանի դատարաններում առկա թափուր պաշտոնները համալրելու նպատակով բարձր որակավորում ունեցող մասնագետների համար գրավչություն ապահովելու անհրաժեշտությունից։

Այս նախագծով առաջարկվում է 2024 թվականի հունվարի 1-ից 60 տոկոս հավելում սահմանել առաջին ատյանի ընդհանուր իրավասության, Սնանկության եւ Վարչական դատարանների դատավորների համար՝ ապահովելով դատավորի բարձր կարգավիճակին եւ պատասխանատվությանը համապատասխանող վարձատրություն։ Լևոն Բալյանն ասաց, որ հավելման շնորհիվ այս դատավորների աշխատավարձը կկազմի 1 մլն 60 հազար դրամ։
Կարդացեք նաև
«Այսինքն՝ այնպիսի աշխատավարձ, որը դեռ եվրոպական չափանիշների չի բավարարում, բայց մոտենում է դրան»,- արձանագրեց Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը։
«Չի բավարարում, կարծում ենք, որ հետզհետե կհասնենք ձեր վկայակոչած եվրոպական չափանիշներին»,- պատասխանեց Բալյանը։
Արդարադատության նախարարի տեղակալը նաեւ տեղեկացրեց, որ աշխատավարձի բարձրացումն ազդեցություն կունենա 206 դատավորի վրա, որոնք ընդհանուր դատական համակարգի 65․6 տոկոսն են կազմում։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ


















































