Լրահոս
Օրվա լրահոսը

«…Բայց էլ չօգնեց փշոտ վարդին»

Հոկտեմբեր 07,2023 12:00

«Առավոտի» հյուրն է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, պրոֆեսոր Դանիել Երաժիշտը

Արվեստում նույնիսկ անկենդան իրերն ասես կյանքի են կոչվում, իմաստավորվում, դառնում խորհրդանիշ։ Դրանցից է, օրինակ՝ վարդը. քանի-քանի պոետներ, նկարիչներ, կոմպոզիտորներ գովերգել են այս ծաղկի կերպարը։

Վերջերս Ռոմանոս Մելիքյանի անվան պետական երաժշտական քոլեջում կայացավ երկօրյա գիտաժողով՝ նվիրված քոլեջի մեկդարյա հոբելյանին եւ  կոմպոզիտոր Ռոմանոս Մելիքյանի ծննդյան 140-ամյակին։ Ելույթներից ընտրեցինք Դանիել Երաժշտի՝ «Ռոմանոս Մելիքյանի «Վարդ» ռոմանսի սիմվոլիկան այլ կոմպոզիտորների համանուն երգի համատեքստում» խոսքը, քանի որ անկախ երաժշտական նախասիրությունից ու ճաշակից, այդ ռոմանսը քաջածանոթ է բոլորին։ Երաժշտին խնդրեցինք այդ թեմայով կիսվել նաեւ մեր ընթերցողի հետ։

«Ծաղկապաշտ ճապոնացի Բասյոն ասել է, որ յուրաքանչյուր ծաղկի խիզախությունն այն է, որ ծաղկում է յուրովի։ Այդպես էլ արվեստում. յուրաքանչյուր արվեստագետ յուրովի է «պճնում» իր «ծաղիկը»։ Խոսքը տարբեր մեկնաբանությունների մասին է, քանի որ միեւնույն առարկան, երեւույթ՝ իբրեւ խորհրդանիշ, իր մեջ պարունակում է մեկնության տարբեր հնարավորություններ։ Արվեստում տարածված խորհրդանիշներից է վարդը, որն, ի դեպ, ունի մեկնության ահռելի դիապազոն,- այսպես սկսեց խոսքը մեր զրուցակիցը ու շարունակեց,- Ջեյմս Հոլի խորհրդանիշների բառարանից տեղեկանում ենք, որ Վեներային խորհրդանշող վարդը ի սկզբանե սպիտակ էր։ Իսկ երբ փուշը ծակեց նրա ոտքը, արյան կաթիլներից վարդը կարմրեց։ Քրիստոնեության շրջանում վարդը դարձավ Մարիամ Աստվածածնի խորհրդանիշը։ Տիրամորը երբեմն անվանում էին «անփուշ վարդ», քանզի փուշը մեղքի խորհրդանիշ է։ Ըստ ավանդույթի՝ նախքան Ադամի մեղսագործությունը, դրախտում վարդն աճում էր առանց փուշ։ Իտալական միջնադարյան արվեստում Տիրամայրը պատկերվել է նաեւ վարդը ձեռքին։ Հայտնի են նաեւ ֆլամանդացիներ Յակոբ Յորդանսի եւ Էրազմուս Քվելլինի կտավները, որոնցում Տիրամայրն ու մանուկ Հիսուսը շրջապատված են վարդի դրասանգներով։ Ի դեպ, կարմիր վարդը նաեւ խորհրդանշում է նահատակների արյունը, որի կաթիլներից վարդեր են բխում։ Տեսեք՝ սպիտակ վարդը նշանակն է սրբության, իսկ դեղինը՝ թախծի»։

Դիտարկմանը՝ արեւմտաեվրոպական պոեզիայում վարդին նվիրված ամենահայտնի բանաստեղծություններից է Գյոթեի «Վայրի վարդը», մեր զրուցակիցը հավելեց, թե գերմանագետ Լեւոն Սարգսյանի փոխանցմամբ՝ գերմանական գրականության մեջ ընդունված մեկնաբանությամբ՝ վարդը կույս աղջկա խորհրդանիշն է. աղջիկը դիմադրում է տղային, բայց ապարդյուն, տղան տիրանում է նրան։ Հարցին՝ չե՞ք կարծում, որ արվեստագետները, կոնկրետ՝ կոմպոզիտորները, «մոտենալով վարդին», մեկնաբանության խնդիրների առջեւ են կանգնել, մեր զրուցակիցը պատասխանեց. «Իհարկե, մեկնության խնդիրներ են ծառանում ոչ միայն այս կամ այն բանաստեղծության բնագիրն ըմբռնելու, այլեւ թարգմանելու կամ երաժշտության վերածելու պարագայում։ Օրինակ՝ Շուբերտի «Վայրի վարդը» երգը վկայում է, որ կոմպոզիտորի ու պոետի մեկնաբանության մեջ տարաձայնություններ չկան, ավելին՝ Շուբերտի մեղեդին այնքան պարզ է, որ ժողովրդական երգի է նմանվում, նույնիսկ մանկական երգի։ Կամ՝ Ֆրիդերիկայի երգը՝ Լեհարի նույնանուն օպերետից, որը նվիրված է Գյոթեին։ Այստեղ պոետի սիրեցյալ Ֆրիդերիկան հիշում է իր անցյալն ու երգում նույն «Վայրի վարդը» երգը»։

Մաեստրոյին խնդրեցինք ներկայացնել վարդի կերպարը մեր արվեստագետների շրջանում։ «Սալվադոր Դալիի պատկերած շքեղ վարդի պես վեր է խոյանում հայ դասական ռոմանսի հիմնադիր Ռոմանոս Մելիքյանի «Վարդը»։ Ընդ որում, նոտաների անվանաթերթը ծաղկազարդել է մեծն Վարդգես Սուրենյանցը։ Չմոռանամ շեշտել, որ «Վարդը» ռոմանսը գրված է Հովհաննես Թումանյանի թարգմանության հիման վրա. թարգմանություն, որն իր դասականությամբ եւ ժողովրդի կողմից սեփականացնելու առումով համարվում է կարծես ինքնուրույն բանաստեղծություն։  Իսկ թե ինչպես է մեկնաբանել այն Մելիքյանը, կարելի է տեսնել նրա նամակներից մեկում՝ ինչ կա ավելի խոր ապրեցնող մի հեռանկար, քան մահը, երբ մարդ զգում է, թե ինչքան ասելու-երգելու բան ունի, երբ տեսնում է, որ բոլոր վառ հույսերը դեռ հեռվում են եւ դու ձգտում էիր այդ գեղեցկությանը, բայց հանկարծ fatum-ը (ճակատագիր) գալիս է…, «բայց էլ չօգնեց փշոտ վարդին»,- հայտնեց Երաժիշտը։

«Պետք է նշել, որ արվեստագետի տագնապը արտահայտված է նաեւ Աթաբեկ Խնկոյանի խոսքերով գրված՝ «Ես բլբուլ եմ» երգում, որի մասին երաժշտագետ Գյոդակյանը գրում է.  վշտահար սոխակի կերպարը, որից խլել են վարդը եւ այլեւս չի իմանում, թե այսուհետ ում համար պիտի երգի  իր երգերը, այստեղ ավելի շատ ընկալվում է որպես ողբերգական կերպարն այն երգչի, որը կորցրել է կյանքի ամենաթանկ ու գեղեցիկ պարգեւը, տանջալիորեն վերապրում է իր արվեստի ավելորդությունն ու ապարդյունությունը։ Ինչպես հավքերը նախազգում են մոտալուտ երկրաշարժը, այնպես էլ Ռոմանոս- «սոխակը» ասես նախազգում էր 1915-ի հայերի ցեղասպանությունը…»,- ասաց մեր զրուցակիցը։ Հետո էլ հազիվ լսելի ձայնով մենախոսեց. «Ափսոսանքի արտահայտությունն այնքան է տարածված հայկական երգերում, որ դրանք կարելի է բնորոշել որպես ափսոսանքի ժանր։ Նման երգերից են «Հազար ափսոս Մոկաց Միրզեն», «Անուշ, սարի ծաղիկ», «Չէ՞ քո Անին ափսոս է», «Բայց ափսոս, որ երազ էր» եւ այլն։ Սա էլ պայմանավորված է այն մեծ կորուստներով, որ ունեցել է հայ ժողովուրդը»։

Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
06.10.2023

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031