Լրահոս
Օրվա լրահոսը

PHOTAURA

Սեպտեմբեր 14,2023 13:30

Նարեկ Հարթունյանի հիմնած նոր ժանրը լուսանկարչական արվեստում

Օրերս «Նարեկացի» արվեստի միության դահլիճում կայացավ  մշակութային բացառիկ երեւույթ: Այս անգամ միության հիմնադիր Նարեկ Հարթունյանը  հանրությանը ներկայանում էր ոչ թե որպես  կենտրոնի հիմնադիր-նախագահ եւ հովանավոր, այլ հանդես էր գալիս որպես ստեղծագործող անհատականություն` PHOTAURA պատկերագրքի շնորհանդեսով:

Հարթունյան ընտանիքը  Երեւանում եւ Շուշիում  հիմնված «Նարեկացի» արվեստի միության մշակութային կենտրոնների հիմնադիրներն են: Շուշիի կենտրոնի կորստից հետո,  ի թիվս  Երեւանի կենտրոնում կենտրոնացած բազում մշակութային իրադարձությունների, Սարո եւ Նարեկ Հարթունյան եղբայրներն այս անգամ հանդես եկան շուրջ 350 էջանոց պատկերագրքի բաձրարվեստ հրատարակությամբ.  Սարո Հարթունյանը՝ որպես հովանավոր, իսկ Նարեկ Հարթունյանը՝ որպես ԱՈՒՐԱ-ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐԻ հեղինակ:

PHOTAURA անսովոր լուսանկարների շքեղ ալբոմը  համեմված է հայտնի, սիրված արվեստագետների  գրավոր խոսքերով, որոնցից մեկում, օրինակ՝ Դանիել Երաժիշտը ժանրը բնորոշում է որպես ԼՈՒՍԵՐԳՈՒԹՅՈՒՆ: Տարբեր թեմաների բաժանված լուսանկարներում, որոնք ներկայացվում են թեմատիկ շարքով կամ միայն մեկ լուսանկարով, առաջին հերթին ուշադրություն է գրավում պատկերված երեւույթի տեսանելի գունային շունչն իր զարմանահրաշ երանգներով եւ լուսախաղերով:

Մեզ հետ զրույցում արվեստագետներից ոմանք շեշտեցին, որ թեմայի ՇՈՒՆՉԸ  տեսանելի դարձնող  անխտիր բոլոր լուսանկարներում համակարգչական ծրագրերի ոչ մի միջամտություն չկա, բացի տպագրության որակի համար անհրաժեշտ աննշան տեխնիկական բնույթի  միջամտությունից:

Լուսանկարները բացառապես Նարեկ Հարթունյանի ինքատիպ հայացքն է, որ ամեն պատկեր տեսնելով՝ այն կարծես տեսիլքի է վերածում, առավել շեշտելով երեւույթի՝ պարզ աչքով չերեւացող այն շունչը, որ ամեն մարդ յուրովի զգում, բայց չի տեսնում, ենթագիտակցական պատկերներ է տեսնում, որ ֆիզիկական աչքով չեն երեւում: Նարեկը կարողացել է այդ զգացողական բնույթի ճոխ գունային պատկերը վերածել հարուստ լուսային գամմայով տեսանելի լուսանկարի, որը դիտելով՝ մարդը  տեսնում է իրեն շատ հարազատ զգացողության շունչը, գույնն ու պատկերը միաժամանակ:

Ինչպես ասվեց՝  պատկերագիրքը բաժանված է թեմաների եւ դրանք այն թեմաներն են, որոնցով Նարեկ Հարթունյանն ապրում է իր ամբողջ գիտակցական, հավատավոր, հայրենասեր ու բարեսիրական  գործունեությամբ լեցուն կյանքը` «ՔՐԻՍՏՈՍ Ի ՄԵՋ ՄԵՐ», «ՇՈՒՇԻ», «ԱՊՐԻԼ 24» եւ այլ՝ հատկապես հայ մարդուն հուզող թեմաներ:

Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
13.09.2023

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930