Լրահոս
Օրվա լրահոսը

Չքննադատել, չպիտակավորել, չմեղադրել․ Լիլիթ Խաչատրյանը՝ բռնի տեղահանվածների հոգեբանության և նրանց հետ աշխատելու առանձնահատկությունների մասին

Հոկտեմբեր 10,2023 09:32

Հոկտեմբերի 10-ը նշվում է որպես Հոգեկան առողջության համաշխարհային օր․ այս առիթով «Փսիլայֆ» կենտրոնի ղեկավար, հոգեբան Լիլիթ Խաչատրյանի հետ զրուցել ենք բռնի տեղահանվածների հոգեբանության առանձնահատկությունների, թե՛ նրանց և թե՛ ընդունող հասարակության հոգեկան առողջության ամրապնդման հարցերի շուրջ։ 

-Ինչ առանձնահատկություններ ունի բռնի տեղահանվածների հոգեբանությունը։

-Կարծում եմ, այս օրերին այս թեման բոլորիս համար է շատ ցավալի։ Բռնի տեղահանությունն ինքնին տրավմատիկ իրողություն է մարդու կյանքում, և կցանկանայի հոգեբանության տեսանկյունից առանձնացնել տեղահանվածի համախտանիշ կոչվող հասկացությունը, որն իր մեջ ներառում է տրամադրության կտրուկ տատանումներ, դեպրեսիայի դրսևորումներ, ագրեսիա, զայրույթ, վշտի զգացում, որը երբեմն ուղեկցվում է շոկային ապրումներով և այլն, և այս ամենին ընդունող կողմի արձագանքը շատ տարբեր կարող է լինել։ Ահա թե ինչու է կարևոր այս օրերին այս թեմային պարբերաբար անդրադառնալը, որպեսզի հասարակությունն էլ իրազեկվի՝ հասկանալու համար տեղահանվածի հոգեկան վիճակը, մտածողության որակի փոփոխությունները, որոնց հետ մենք բոլորս առնչվելու ենք, և կկարողանանք օգնել այդ մարդկանց, եթե մոտենանք մարդկային ապրումակցումով, ջերմությամբ ու համբերատարությամբ։

Առհասարակ ի՞նչ է տեղի ունենում տեղահանված մարդու հոգեկերտվածքում․ մարդը կորցնում է իր ինքնությունը, իր բնակավայրում նա մեկն էր, որն ուներ մասնագիտություն, ընդունված էր հասարակության կողմից, լիդեր էր կամ հակառակը, ուներ կայուն հարաբերությունների համակարգ, իր դերն ընտանիքում, իր կյանքի ռիթմը և ամբողջովին գիտակցում էր իր լինելիությունը՝ որպես անհատ, և բռնի տեղահանության արդյունքում մի վայրկյանում այս ողջ համակարգը փլուզվում է, մարդը կորցնում է այս ամենը՝ բախվելով նախևառաջ բնակության, տեղի, հողի և տան կորստի ցավին, որն անհետևանք չի կարող անցնել և որին դիմանալ է պետք։

Տեղահանվածի հոգեբանական տրավմայի մեջ կարևորագույն տեղը զբաղեցնում է կորուստը որևէ մեկի կամ որևիցե մի բանի, օրինակ նրանց շրջանում կան մարդիկ, որոնք իրենց բակի հուշարձանի կորուստն են շատ ցավագին տանում, այնքան են ցավում այդ հուշարձանի համար, որ դա կարող է տարիներ տևել, և տարիներով նրանք չեն կարողանում կտրվել այդ իրողությունից՝ շարունակելով տառապել։ Դրա համար հոգեթերապեվտիկ աշխատանքի մեջ մենք գնահատում ենք ամեն մեկի տրավմատիկ իրողությունը։ Փորձում ենք հասկանալ՝ ի՞նչն է իր համար առաջնահերթ, իր հույզերն ու ապրումները կոնկրետ ո՞ր իրողության հետ են կապված։

-Նշեցիք ընդունող հասարակության՝ պատրաստված լինելու կարևորության մասին․ հատկապես ի՞նչ պետք է իմանա հասարակությունը՝ բռնի տեղահանվածներին օգնության ձեռք մեկնելիս և պարզապես նրանց հետ կողք կողքի ապրելիս։

-Երբեմն սովորական քաղաքացիներից շատերը չեն հասկանում նրանց, գանգատվում են, որ այդ մարդիկ ագրեսիվ են, պահանջատիրական մոտեցումներ ունեն, որոշակի անթույլատրելի բաներ են արտահայտվում և այլն, սակայն մենք պետք է հասկանանք, որ դա տրավմայի և ուժգին ցավի հետևանք է։ Բռնի տեղահանվածների շրջանում այսօր կան սերունդներ, ընտանիքներ, որոնք մի քանի անգամ են տեղափոխվել, ունեցել են շատ կորուստներ՝ թողնելով այնտեղ մի քանի գերեզմաններ՝ որդու, ամուսնու, եղբոր, հոր, և այս հոգեցունց երևույթի հետ մենք գործ ունենք, որին պետք է շատ լավ պատրաստված լինենք՝ հասկանալու համար դիսթրեսի մեջ հայտնված այդ մարդկանց հոգեբանական առանձնահատկությունները։

Հիմա շատ ակտիվ կամավորական խմբեր են հավաքագրվում՝ այդ մարդկանց օգնելու համար։ Տնտեսական, սոցիալական, կրթական, հոգեբանական, առողջական և այլ ոլորտներում աշխատող մարդիկ ու կամավորները, որոնք  ըստ էության հոգեբանական առաջին օգնության ցուցաբերողներ են, պետք է համապատասխան գիտելիքներ ունենան՝ օգնելու դիսթրեսի մեջ հայտնված մարդուն։ Որովհետև հնարավոր է, որ կամավորն ուզենա օգնության ձեռք մեկնել, բայց տեղահանված մարդն ընդհանրապես չցանկանա ընդունել այդ օգնությունը կամ լսել նրան, կամ իր զայրույթն ամբողջությամբ թափել նրա վրա։

Մենք պետք է կարողանանք այդ մարդկանց հետ աշխատելու բոլոր անհրաժեշտ որակներին և ունակություններին տիրապետել, նոր գնալ այդ օգնությունը ցուցաբերելու։ Մեծ համբերություն է անհրաժեշտ ու պետք է զինել հասարակությանը հատուկ գիտելիքներով, որ այս մարդիկ մեղավոր չեն իրողության հետ կապված, այս մարդիկ ուղղակի կարող են ունենալ հոգեցունց հուզական դրսևորումներ, և մենք այդ զայրույթը պետք է ընկալենք ոչ թե որպես զայրույթ, այլ հոգետրավմայի հետևանք, և  պետք է մարդկայնորեն կանգնենք նրանց կողքին, հասկանանք, աջակցենք նրանց և փորձենք դուրս բերել հուզական լարվածությունը՝ նպաստելով նրանց մեջ հույսի նշույլների ձևավորմանն ու ապագայի պլաններ կազմելուն։

Եթե այս ապաքինումը մարդկանց մոտ տեղի չունենա, պատկերացրեք, այդ «հուզական վարակը» կարող է փոխանցվել նաև մյուսներին՝ ընդունող կողմի անդամներին։ Ուստի եթե մենք ուզում ենք, որ հասարակությունն առողջ մնա, մենք պետք է ամեն մեկս մեզ վրա վերցնենք աջակցողի դերը, այլապես եթե երկար տևի այդ հուզական լարումը, զայրույթը, ագրեսիան, տխրությունը, ողջ հասարակությունն է «վարակվելու» այդ ամենով։

-Արդյո՞ք բռնի տեղահանված երեխաների շրջանում էլ կան հոգեհուզական նույն դրսևորումները, ինչ մեծահասակների շրջանում։  

-Բռնի տեղահանումը գրեթե նույն տրավմատիկ երևույթներն է առաջացնում երեխայի կյանքում․ նույն կորուստներն են՝ տեղանքի, բնակավայրի, դասարանի, գրքի, ընկերների և այլն։ Երեխաների հետ աշխատող բոլոր մասնագետները պետք է պատրաստված լինեն ընդունելու և հոգեբանական առաջին օգնությունը ցուցաբերելու բռնի տեղահանված երեխաներին, որոնք հայտնվելու են նոր միջավայրում իրենց ցավով, հուզական ռեակցիայով, որը կարող է արտահայտվել և՛ ագրեսիայով, և՛ մեկուսացումով, և՛ ընդգծված տագնապով, և այս ամենի հետ մեկտեղ երեխան դեռ պետք է կարողանա սովորել, նոր հարաբերություններ ձևավորել։ Այստեղ մանկավարժները շատ զինված պետք է լինել, հատուկ նախապատրաստում պետք է անցնեն՝ նրանց ճիշտ մոտեցում ցուցաբերելու համար։

Տեղահանված երեխաների շրջանում գուցե լինեն երեխաներ, որոնք այնտեղ շատ լավ սովորել, բայց այստեղ ունենան առաջադիմության նվազում, սովորելու հետ կապված դժվարություններ․ մենք պետք է գիտակցենք, որ դա տրավմատիկ ցնցման հետևանք է, որի դեպքում վատթարանում է մարդու մտածողական ունակությունը, հիշողությունը, կենտրոնացումը, նրա մոտ անցյալն ու ներկան կարծես սահմանազատվում են դրանից հետո։

Մանկավարժերից բացի պետք է աշխատանք տանել ծնողների հետ՝ կարևորելով երեխաների հետ վարվեցողության, երեխաների ապրումները ճիշտ դուրս բերելու միջոցները, և այստեղ ևս մեծ է հասարակության իրազեկման, հասարակության հետ ճիշտ աշխատանքներ տանելու անհրաժեշտությունը։ Մենք  պետք է զինվենք համբերությամբ՝ պատրաստակամորեն, սիրով, համբերատարությամբ ընդունելու բռնի տեղահանված մարդկանց հոգեհուզական ռեակցիաները՝ չքննադատելով, չպիտակավորելով, չմեղադրելով նրանց։

Մարինե ԱԼԵՔՍԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031