Լրահոս
Օրվա լրահոսը

Երասխի գործարանի կառուցման վայրը փոխվել է, ըստ Քերոբյանի՝ խաղաղության բացակայությունը վանում է ներդրողներին

Հոկտեմբեր 31,2023 15:43

Երասխի մետաղի ձուլման գործարանի կառուցման վայրը փոխվել է։ Այս մասին  խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։ Նա հստակ չասաց, թե որ հատվածում է կառուցվում գործարանը։

«Պրոյեկտը շարունակվում է, այն իրագործման ընթացքում է»,- ասաց Քերոբյանը։ Լրագրողների ճշտող հարցին, թե նույն տեղո՞ւմ է կառուցվում գործարանը, Քերոբյանը պատասխանեց՝ մոտակայքում։ Հարցին, թե դա չի՞ նշանակում, որ հայկական կողմը տուրք է տալիս Ադրբեջանի ցանկություններին, էկոնոմիկայի նախարարը պատասխանեց․ «Մենք այստեղ գործ ունենք մասնավոր ներդրումներ իրականացնող ընկերությունների հետ։ Եվ, ըստ էության, ներդրողներն իրենք են որոշում իրենց հետագա անելիքը։ Մեր ֆունկցիան նաեւ այն է, որ հաշվի առնելով աշխարհագրական եւ տարածաշրջանային միջավայրը, փորձում ենք իրենց մաքսիմալ օգտակար լինել»։

Հիշեցնենք, որ ադրբեջանական կողմը պարբերաբար կրակ էր բացում Երասխ բնակավայրում կառուցվող մետալուրգիական գործարանի աշխատակիցների ուղղությամբ՝ պատճառաբանելով, թե իբր գործարանը «բնապահպանական խնդիրներ է ստեղծելու» Ադրբեջանի համար։

Վահան Քերոբյանն ասաց, որ տարբեր ներդրողներ հապաղում են ներդրումներ իրականացնել Հայաստանում, քննարկում են, բայց չեն սկսում։ «Եվ մենք բոլորս, առաջին հերթին՝ վարչապետը, բազմիցս նշել է, որ խաղաղությունն էական եւ միգուցե ամենակարեւոր նշանակությունն ունի մեր ներդրումային միջավայրի համար։ Խոսել ներդրման մասին, որ արդեն երեք տարի հետո հետվերադարձելիություն է ապահովում, կարելի է, բայց այնպիսիք, որոնք 15 տարում են հետվերադարձելիություն ապահովում, մի քիչ բարդ է՝ հաշվի առնելով խաղաղության բացակայությունը։ Այս առումով ես էլ պետք է նշեմ, որ խաղաղության օրակարգն անհրաժեշտ պայման է ներդրումային բավարար միջավայր ունենալու համար։ Մենք պետք է հասնենք նրան, որ ունենանք երկարատեւ խաղաղություն, եւ ոչ ոք ոչ ոքի վրա չկրակի»,- ասաց Քերոբյանը։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031