Լրահոս
Օրվա լրահոսը

«Ես այս 10 մլրդ-ի հետեւից գնալու եմ, հարցումներ եմ ուղարկելու». ԲՏԱ նախարարի պատասխաններից ԱԺ-ում դժգոհ են

Հոկտեմբեր 31,2023 16:45

Այսօր 2024-ի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը (լուսանկարում) ասաց, որ 10 մլրդ դրամ է հատկացվելու պետական մարմինների կողմից թվայնացման գործընթացի համար: Թվայնացման խորհուրդը, եթե հավանության արժանացնի հայտը, նախարարության բյուջեից այն կֆինանսավորեն:

Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահ Գեւորգ Պապոյանը հետաքրքրվեց, թե ինչպե՞ս է նախարարությունը վերահսկելու թվայնացման մարմնին, ի՞նչ գործառույթ ունի այդտեղ, ո՞նց է հսկելու՝ ինչքա՞ն աշխատավարձ են ստացել ու ի՞նչ են արել դրա դիմաց. «Ուզում եմ հասկանամ՝ դա այնպիսի միջավայր է, որտեղ արդյո՞ւնք է ակնկալվում, թե՞ ինչ-որ մարդկանց աշխատանքի տեղավորելու տեղ»:

Ռոբերտ Խաչատրյանը պատասխանեց, որ խորհուրդը ղեկավարվում է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի կողմից, որը գրեթե ամեն ուրբաթ նիստ է անում, քննարկում գերատեսչությունների կողմից իրականացվող ծրագրերը, չափորոշիչները: Իրենց նախարարությունը խորհրդի անդամ է. «Թե ինչ ազդեցություն ունենք… գործակալությունը կառավարվում է տնօրենի կողմից, խորհրդի երեք անդամներից մեկը նախարարության ներկայացուցիչն է, այդքանն է նախարարության ազդեցությունը: Նախարարության մասը քաղաքականությունն է: Ամեն գերատեսչություն իր ներկայացրած թվայնացման ծրագիրը ինքնուրույն պետք է իրականացնի, բայց՝ ստանդարտներին համապատասխան: Այդտեղ մենք ունենք վերահսկողական բաց: Տեսչական մարմինը հիմա պետք է որոշվի, թե որ կառույցի վրա է դրվելու, քննարկումների փուլում ենք»: Պապոյանը զգուշացրեց. «Ես այս 10 մլրդ-ի հետեւից գնալու եմ, հարցումներ եմ ուղարկելու, ուզում եմ հասկանալ՝ ձե՞զ ուղարկեմ, թե՞ գործակալությանը»:

Տնտեսական հարցերի հանձնաժողովի փոխնախագահ Բաբկեն Թունյանն էլ տարակուսեց՝ այդ 10 մլրդ-ը տալիս են ու չգիտեն՝ թվայնացման հաջողության կամ անհաջողության քաղաքական պատասխանատուն ո՞վ է լինելու, որ վերջում կարողանան հասցեատիրոջը գտնել. «Վերջում այնպիսի իրավիճակ չստանանք, որ լինի պատասխանատվության լղոզում: ԿԲ-ին հարցնենք՝ ասի՝ ԲՏԱ նախարարությանը հարցրեք, ԲՏԱ-ին հարցնենք, ասի՝ ԿԲ-ին հարցրեք»:

Նախարարը պատասխանեց, որ կոլեկտիվ պատասխանատվություն միգուցե պետք է լինի, որովհետեւ ամեն մեկը պատասխանատու է իր մասով, գործառույթները պետք է բաժանվեն:

Նախկին նախարար, ԱԺ փոխխոսնակ Հակոբ Արշակյանն էլ հարցրեց՝ նախորդ տարի նախատեսված էր վերապատրաստել 6000 մարդու, 5625 մարդ է վերապատրաստվել, 2024-ին նախատեսում եք 6000-ի փոխարեն վերապատրաստել 1400 հոգու, ի՞նչն է երեք անգամ եւ ավելի կրճատման պատճառը: Նախարարը պատասխանեց, որ հետաքրքրություն չկար: Հակոբ Արշակյանը դժգոհեց նախարարի պատասխանից: Նա բողոքեց, որ ստարտափերի ընտրման հանձնաժողովում էլ քաղծառայողներ են ու նախարարության աշխատակիցներ, որոնք չունեն այդ գիտելիքը, որ որոշեն՝ որն է լավագույն ստարտափը, դրա համար մարդիկ չեն դիմում. «Եթե հայտարարում եք ու չեն դիմում, նշանակում է լավ չեք հայտարարում»: Ինչ վերաբերում է վերապատրաստմանը, Արշակյանն ասաց, որ տնտեսության զարգացման համար միայն վերապատրաստումը կարող է փրկել. «Ֆինանսիստը, ով տիրապետում է համակարգչի, քաղծառայողը, իրենք է՛լ ավելի արդյունավետ պիտի դառնան ու ԲՏԱ նախարարությունը պետք է վերցնի այս առաջնորդությունն ու բոլորին սովորեցնի համակարգչային տեխնոլոգիաներ, համակարգչային լեզու սովորեցնի»:

Նախարարը լսեց ու արձագանքեց, որ հաշվի կառնեն:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031