Լրահոս
Մուրճը եւ խաչը
Օրվա լրահոսը

ՀՀ իշխանությունները ժողովրդին այս անգամ մանիպուլացնում են Սամվել Բաբայանի բերանով. Արցախի ԱԺ պատգամավոր

Նոյեմբեր 05,2023 19:57

«Սամվել Բաբայանը շատ լավ գիտի, որ թե՛ զինվորական բոլոր ստորաբաժանումները, թե՛ Պաշտպանության բանակը ուղղակի ՀՀ ենթակայության տակ են  եւ ՀՀ կառավարության որոշմամբ է բանակի  կառուցվածքը հաստատվում: Այդ հրահանգները, որոնք Արցախում եղել են, կամ այդ որոշումները, որոնք Արցախում ստորագրվել են, ինչպես նաեւ Արցախի նախագահն է ասել, մենք էլ ենք բազմիցս ասել, որ եղել է ՀՀ օրվա իշխանությունների հետ համաձայնեցված: Բայց ինչպես գիտենք՝ ՀՀ- ում կան իշխանություններ, որոնք միշտ մեղավորներ են փնտրում, իրենց, այսպես ասած, թերությունները ծածկելու համար մեղավորներ են նշանակում, եւ դա ուղղակի չեն անում, այլ պատվերով՝ այս կամ այն քաղաքական գործչի կամ արբանյակների միջոցով: Երեւի հերթական  անգամ, երբ ՀՀ իշխանությունները ինչ ուզել են հնչեցնել ժողովրդին մանիպուլացնելու, հերթական մեղավորներին նշանակելու համար, այս անգամ ընտրել են դա անել Սամվել Բաբայանի ձեռքով կամ բերանով, դրա համար Բաբայանն է խոսում այդ մասին»,- Aravot.am-ին ասաց Արցախի ԱԺ պատգամավոր Դավիթ Գալստյանը:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 26-ին Սամվել Բաբայանը Հանրային հեռուստաընկերության եթերում  հարցազրույցի ժամանակ հայտարարել էր, որ ԼՂ ԱԺ 22 պատգամավորներն ու Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, Արկադի Ղուկասյանն ու Սամվել Շահրամանյանը պետք է դատարանի առաջ կանգնեն՝ կոչ անելով Դատախազությանը ասվածն ընդունել որպես հայտարարություն հանցագործության մասին և քրեական գործ հարուցել։

Վարույթը նախաձեռնվել է երկու հոդվածով՝ «Զինվորական պաշտոնեական անփութությունը» և «Մարտ վարելու միջոցները հակառակորդին հանձնելը կամ թողնելը»:

Դավիթ Գալստյանը նկատեց, որ նույն Սամվել Բաբայանը, երբ 2020 թվականին պատասխանատու պաշտոն էր զբաղեցնում Արցախում, ոչինչ չխոսեց այն մասին, որ ավելի քան 7000 քառակուսի կիլոմետր ու էլի շատ զենք-զինամթերք էր հանձնել. «Եթե այդպես է, ապա ինչու է 2023 թվականի մասով  խոսում, թող  2020 թվականն էլ միացնեն այդ գործին: Եթե Հայաստանի դատախազությունն ուզում է իրական մեղավորներին գտնել, ապա հետ դառնանք մինչեւ 2020 թվական , որովհետեւ զենք-զինամթերքի մեծածավալ հանձնումը 2020 –ին շատ ավելի է եղել 9-րդ պաշտպանականում, Արա լեռի գնդում եւ շատ այլ տեղերում: Թող հետ գնան եւ գտնեն պատասխանատուներին, նույն մարտ վարելու ուղղությամբ, երբ խոսում էին Լալա Թափայի մասին,երբ Սամվել Բաբայանն, այսպես ասած, նախաձեռնել էր օպերացիա, կամ Շուշիի պաշտպանությունը, երբ որ նույն Սամվել Բաբայանը պետք է ղեկավարեր այդ օպերացիան, ինչու այդ ամենը չստացվեց: Այսօր երեւի թե այս անպատժելիության մթնոլորտը, որ ստեղծվել է իշխանությունների եւ իշխանական  արբանյակների համար, օգտվելով դրանից ՝նրանք փորձում են մեղավորներ նշանակել, ինչը համոզված եմ, որ շինծու է, կարճ ժամանակ հետո պարզվելու է, որ այդ ամենը ասվել էր հերթական անգամ հանրությանը մոլորեցնելու համար»:

Պատգամավորի խոսքով, Սամվել Բաբայանն այն եզակի անձնավորություններից է, որը միշտ հանրությանը մոլորեցրել է, բայց մոլորեցնելու ու խաբելու արդյունքում պատասխանատվություն չի կրել. «Դա պարզ երեւում է 2020 թվականի նախընտրական քարոզարշավի ժամանակ, երբ ամբողջ արցախցիներին մոլորեցրեց, թե թույլ չի տա, որ Արայիկ Հարությունյանը նախագահ դառնա, այն դեպքում, երբ առաջինը գնաց շնորհավորեց ու ձեռք սեղմեց, համատեղ իշխանություն ձեւավորեցին, որը մեզ տարան պարտության: Դրանից հետո ինքը իր հարցազրույցներում բազմիցս հայտարարել էր՝ եթե  արցախցիները սկսեն լքել Արցախը, ապա ինքը վերջինը կլքի, տեսանք, որ առաջին  տասնյակում լքեց Արցախը: Շատ ու շատ հարցերում, երբ ընդդիմության դաշտից էր փորձում ներկայանալ հանրությանը՝ համոզելով, թե չի համագործակցում իշխանության հետ, բայց խորհրդարանական ուժերը եւ հանրության մի ստվար զանգված գիտեին, որ իրենք  ծածուկ պայմանավորվածություններ ունեին թե՛ Արայիկ Հարությունյանի, թե՛ Արայիկ Հարությունյանին Հայաստանից ուղղորդող քաղաքական ուժերի հետ: Քանի  անգամ նա հայտնվեց Արցախում, Արցախը կրեց կորուստներ ու պարտություններ: Թեկուզ, եթե  նրա ասածները հիմք ընդունեն ու գործ հարուցեն, դրա տակը ջուր է: Եթե իրական պատասխանատվության ենթարկվողներ լինեն, ապա 22 պատգամավորները չեն լինելու, այլ այն անձինք, որոնք այսօր մեղադրանքներ են ներկայացնում տարբեր քաղաքական ուժերի, այն դեպքում, երբ գլխավոր մեղավորն իրենք են»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930