Լրահոս
Օրվա լրահոսը

Ազգային ինքնությունը պետականության երաշխավորն է, պետականությունն էլ՝ ազգային ինքնության. ի՞նչ վիճակում է հայ ժողովրդի ինքնությունը

Նոյեմբեր 11,2023 21:37

Ազգային ինքնությունը տարբեր երկրներում տարբեր դեր և նշանակություն ունի: Որոշ երկրներ ունեն մի քանի ընդհանրական սկզբունքներ, որոնցով էլ շարժվում են: Որոշ երկրներ էլ ունեն դարերի խորքից հառնող ինքնություն:

Թույլ ձևավորված ազգային ինքնությունը թերևս այդքան վտանգավոր չէ բազմազգ, բազմակրոն երկրների համար, ինչպես օրինակ ԱՄՆ-ն է: Այդ պետության ահռելի քանակի և տարատեսակ արմատներ ունեցող բնակչությունը չի կարող մեկ ինքնություն ունենալ:

Անշուշտ, փոքր երկրներում, այդ թվում և Հայաստանում, կրոնի ազատությունը սահմանադրական երաշխիք է, բայց Հայաստանի նման մեծամասամբ միատարր երկրում ուժեղ ազգային ինքնությունը պարտադիր պայման է: Բնականաբար, Արևմուտքից շատ բաներ ունենք սովորելու, բայց դա չպետք է լինի ազգային ինքությունը թուլացնելու կամ ընդհանրապես կորցնելու հաշվին: Հայկական եկեղեցու հանդեպ զարգացվող բացասական տրամադրությունները, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առնչությամբ անտարբերությունը և, իհարկե, ազգային, պետական ու կրոնական տոների նկատմամբ անուշադրությունը փաստում են, որ հայկական ազգային ինքնությունը թույլ է:

Ազգային ինքնության խնդիրը բորբոքվում է մեր ժողովրդի՝ օտար պետությունների մեջ Հայաստանի փրկությունը տեսնելով: Կարելի է լինել ամերիկամետ, եվրոպամետ, ֆրանսամետ կամ ռուսամետ, բայց երբ այս համատեքստում մարդիկ համատարած հատում են տրամաբանության սահմանագիծը՝ Վլադիմիր Պուտինին, Ջո Բայդենին, Էնթոնի Բլինքենին կամ Էմանուել Մակրոնին դարձնելով կուռքեր, տուժում է միմիայն ազգային ինքությունը, քանզի Հայաստանի փոխարեն սկսում ենք պաշտել օտարներին: Սա օտարամոլություն է:

Դիտարկենք կրոնի և Հայ առաքելական եկեղեցու օրինակը, որովհետև վերջին տարիներին այն համակարգված թիրախավորվում է: Եթե Հայ առաքելական եկեղեցին հայ ժողովրդի ինքնության կարևորագույն հիմնասյուններից չլիներ, Հայաստանի Սահմանադրությունը, որն աշխարհիկ փաստաթուղթ է, կարևոր անդրադարձ չէր կատարի Հայաստանում Առաքելական եկեղեցու կարգավիճակի հետ կապված:

«Հայաստանի Հանրապետությունը ճանաչում է Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու՝ որպես ազգային եկեղեցու բացառիկ առաքելությունը հայ ժողովրդի հոգևոր կյանքում, նրա ազգային մշակույթի զարգացման և ազգային ինքնության պահպանման գործում»,- մասնավորապես ընդգծվում է Սահմանադրության 18-րդ հոդվածում: Եթե մեր Եկեղեցին «հայ ժողովրդի ինքնության կարևորագույն հիմնասյուններից է», բնական է, որ նրանից հեռվանալով հարված է հասցվելու նաև ազգային ինքնությանը:

Իհարկե, ինքնության թուլացման արմատները նոր չեն դրվում: Մի քանի դար անկախ պետականություն չունեցած ազգի համար ինքնության ճգնաժամը նորմալ է, մանավանդ երբ ոչ շատ հեռու անցյալում հայերն ապրում էին մի հասարակարգում, որտեղ ազգային ինքնության մասին խոսելն անգամ խրախուսելի չէր: Բարեբախտաբար, մենք 1991-ից ունենք անկախ Հայաստան, և այս անկախությունը մեր ազգային ինքնությունը վերագտնելու և վերակառուցելու լավագույն հնարավորությունն է, որովհետև 1991-ի սեպտեմբերին ուղղակի հայը դարձավ անկախ հայկական պետության ազատ քաղաքացի:

Ազգային ինքնությունը պետականության երաշխավորն է, պետականությունն էլ՝ ազգային ինքնության:

Արսեն ԱՅՎԱԶՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930