Լրահոս
Օրվա լրահոսը

Վահրամ Բալայան. Երբեւէ չեմ լսել, որ Փաշինյանն ասի՝ ամեն ինչ վերջացած է, Արցախը լուծարված է. «Հրապարակ»

Դեկտեմբեր 12,2023 11:06

Նիկոլ Փաշինյանի վերջին շրջանի հայտարարություններին հետեւելիս տպավորություն է ստեղծվում, թե Փաշինյանի` Արցախի կորստյան մեղավորների ցանկը փոփոխության է ենթարկվում օրվա կուրսին կամ տարվա եղանակներին համահունչ, եւ նա հաճախ մոռանում է նախկինում արած իր հայտարարություններն ու նոր «մեղավորներ» է հռչակում։

Սակայն շաբաթ օրը Իջեւանում կուսակտիվի հետ հանդիպման ժամանակ Նիկոլ Փաշինյանը, մոռանալով նախկին բոլոր մեղավորներին, հայտարարեց, որ Արցախի լուծարումն անխուսափելի է դարձել 2016 թվականի օգոստոսին։

Արդյո՞ք մինչեւ 2020 թվականը Նիկոլ Փաշինյանը թեկուզ փակ ֆորմատով հանդիպումներին ակնարկել է այն մասին, որ 2016-ին Արցախն արդեն «լուծարված» էր՝ հարցրինք Արցախի ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Վահրամ Բալայանին։ «Իհարկե՝ ոչ, ես գոնե նման ակնարկ չեմ լսել` մի քանի նման հանդիպման եմ մասնակցել։ Ես երբեւէ նման բան չեմ լսել, որ ինքն ասի՝ ամեն ինչ վերջացած է, անհույս է»,- պատասխանեց նա՝ ընդգծելով, որ ճիշտ հակառակն է եղել, որի ապացույցը Փաշինյանի՝ «Արցախը Հայաստան է եւ վերջ» հայտնի հայտարարությունն է։

Բալայանի կարծիքով, բանակցություններում էլ երբեւէ նման խոսք չի գնացել։ «Նա տարբեր թվեր է հնչեցնում` մե՛կ 1991 թվականի մասին է խոսում, մե՛կ՝ ուրիշ, հիմա՝ 2016, գուցե կողմնորոշվե՞ն՝ որ թվականն է եղել։ Ի՞նչ ասեմ, ես նման փաստերի չեմ տիրապետում»,- ասաց Բալայանը, որը տասնամյակներ զբաղվում է քաղաքականությամբ եւ տեղյակ է բանակցային անցուդարձին։

Տարիներ առաջ՝ Սերժ Սարգսյանի նախագահության երկրորդ ժամկետում, Արցախի քաղաքական վերնախավի հետ մի փակ քննարկում է եղել՝ գրավյալ 7 շրջաններից մի քանիսը վերադարձնելու թեմայով, որին մասնակցել է նաեւ Բալայանը, բայց անգամ այդ ժամանակ, Բալայանի պնդմամբ, «լուծարման» հարց չի եղել։ «Եղել են բանակցություններում վայրիվերումներ, մե՛կ համաձայնել են կողմերը, մե՛կ` չէ, դրանք բնականոն գործընթացներ էին, բայց ասել, որ 2016 թվականին որոշված է եղել լուծարել, չի եղել նման բան, ես չունեմ նման փաստ։ Գուցե ինչ-որ մեկն ինչ-որ իրադարձություններից իր հետեւություններն է արել, բայց դա չի կարելի փաստ ընդունել»,- ասում է նա։

Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031