Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Խոսրով Հարությունյան․ «Նիկոլ Փաշինյանը սպառնալիքի տակ հայտնված հայոց պետականությանը տանում է իրավա-քաղաքական առումով ձեւակերպելու»

Հունվար 23,2024 23:35

ՀՀ նախկին վարչապետ Խոսրով Հարությունյանը «Հայելի» ակումբի ուղիղ եթերում անդրադառնալով հունվարի 27-28-ին աշխարհի տարբեր երկրներում, այդ թվում՝ Հայաստանում, ի պաշտպանություն Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության կազմակերպվելիք ցույցերին՝ ասաց․ «Շատ ճիշտ նախաձեռնություն է։ Ընդ որում, նախաձեռնության հեռահար նպատակը ոչ միայն պետք է լինի Արցախի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարությանը ձերբակալությունից, կալանքից ազատելը, այլ նախ եւ առաջ՝ արձանագրել, որ Արցախի հակամարտությունը կարգավորված չէ։ Ես կարծում եմ, որ համասփյուռ հայությունը բոլոր գաղթօջախներում եւ Հայաստանում պետք է մասնակցեն այդ ակցիային։ Դա ցույց կտա նաեւ այն, որ հայ ժողովուրդը չի հաշտվում այսօրվա ստեղծված իրավիճակի հետ։։ Սա շատ էական եմ համարում։ Եվ ես կոչ կանեի՝ մասնակցել, աջակցել եւ պաշտպանել այդ նախաձեռնությունը»։

Սահմանադրության փոփոխության մասին պարոն Հարությունյանն ասաց․ «Սահմանադրությունը, իրոք, փոփոխման կարիք ունի։ Բայց Նիկոլ Փաշինյանը չի խոսում սահմանադրության փոփոխության մասին։ Նա խոսում է նոր սահմանադրության մասին։ Ընդ որում, նոր սահմանադրության մասին խոսելով՝ նա փորձում է հիմնավորել աշխարհաքաղաքական  այն նոր իրավիճակը, որ ստեղծվել է տարածաշրջանում եւ մեծ աշխարհում։

Իսկ ի՞նչ աշխարհաքաղաքական իրավիճակում ենք մենք գտնվում տարածաշրջանում, որին պետք է հարմարեցնենք կամ ադեկվատ դարձնենք մեր սահմանադրությունը։ Եկեք հասկանանք։ Ինչպես Ալիեւն է ասում, պարտված պետություն 44-օրյա պատերազմից հետո եւ 44-օրյա պատերազմից հետո զարգացող իրադարձությունների արդյունքում։ Մեր բոլոր ռազմավարական բարձունքները գտնվում են Ալիեւի, նույնն է՝ ադրբեջանական ուժի վերահսկողության ներքո։ Այսինքն, Ալիեւն այսօր Հայաստանի պետականության սպառնալիք ստեղծելու, ձեւավորելու բոլոր հնարավորություններն ունի։ Փոխարենը, Հայաստանը դրանց դիմագրավելու կարողություններ, կարծեք, չի ուզում ցուցաբերել։ Սա այն իրողությունն է, որի մեջ մենք հայտնվել ենք, հատկապես 44-օրյա պատերազմից հետո հայաստանյան իշխանությունների կողմից նախաձեռնությունների։ Հիշում ենք,  2020 թվականի դեկտեմբերի 17-ի որոշումը Կուբաթլիից մեր զորքերը 20 կմ հետ քաշելու վերաբերյալ, իբր թե, որպեսզի պատերազմական գործողությունները Սյունիք չթափանցեն։ Արդյունքում մի քանի շաբաթվա ընթացքում Կապան-Գորիս ճանապարհի 21 կմ-ն անցավ նրանց տիրապետման տակ, հետագայում՝ Իշխանասար, Սեւ լիճ, Սոթք։ Մի խոսքով, սա այն աշխարհաքաղաքական իրողությունն է, որի մեջ մենք հայտնվել ենք, ընդ որում՝ գործող իշխանության ձեռամբ։

Հիմա եթե խոսքն այս քաղաքական կամ աշխարհաքաղաքական իրողությունն արտահայտող սահմանադրության մասին է, ակամայից սկսում ես մտածել, որ դա ուղղակիորեն աղերսներ ունի նաեւ հետեւյալ թեզերի հետ։ Արարատ-Արագած, զինանշանի վրա Արարատ լինել-չլինել, Հայոց պատմություն-Հայաստանի պատմություն, թե հայ ժողովրդի պատմություն։

Սրանք խոսում են այն մասին, որ Նիկոլ Փաշինյանը անթաքույց, արդեն չկաշկանդված որեւէ հանգամանքով առերեւույթ տանում է հայոց պետականության ստեղծված իրավիճակը, որ ուղղակի գտնվում է սպառնալիքի տակ, այս սպառնալիքը իրավա-քաղաքական առումով ձեւակերպելու»,-ասաց ՀՀ նախկին վարչապետը։

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031