Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

Ինչպես 11 տարի առաջ, դիմելու ենք քաղաքացիական անհնազանդության բոլոր միջոցներին՝ հրաժարվելու ենք վճարել ձեր ուզած գներով, մարդկանց մեր մեքենաներով տեղ ենք հասցնելու. Մարության

Փետրվար 07,2024 11:40

Հայկ Մարությանի եզրափակիչ ելույթը ավագանու նիստում

Արդեն խոսվեց ինձ Երեւանի ավագանուց հեռացնելու՝ ՔՊ-ի իրական դրդապատճառների մասին։ Զուտ քաղաքական հաշվեհարդար։

Բայց ասվածից բացի եւս մի շատ կարեւոր դրդապատճառ կա։ Եթե հիշում եք, անցած տարվա դեկտեմբերի ավագանու նիստին ես հայտարարեցի, որ կարմիր գծերը կտրուկ թանկացնելուց հետո այս իշխանությունը սկսելու է տրանսպորտի ուղեվարձը թանկացնելու գործընթացը։ Եվ բառացիորեն այս տարվա առաջին հերթական նիստում, ահա, ՔՊ-ն ներկայացնելու է հանրային տրանսպորտը ավելի քան կրկնակի թանկացնելու մասին նախագիծը։

Ընդ որում, նորից, առանց որեւէ ադեկվատ հաշվարկի, առանց տրամաբանական հիմնավորման։ Տրանսպորտի գինը ըստ այդ որոշման, ավելի բարձր կլինի, քան Եվրոպայի եւ Միացյալ Նահանգների մի շարք զարգացած քաղաքներում։ Եվ ահա թե ինչու այս անհեթեթ որոշումից առաջ ուզում են չեզոքացնել ինձ՝ իմանալով իմ դիրքորոշումը տրանսպորտի թանկացման մասին, որը ես շատ հստակ արտահայտել եմ դեռ 11 տարի առաջ։

Տրանսպորտի թանկացման այս խայտառակ նախագծի մասին դեռ առիթ կունենանք մանրամասն խոսելու, բայց միանգամից ասեմ, հարգելիներս, դա ձեզ ՉԻ ՀԱՋՈՂՎԵԼՈՒ։ Նույնիսկ եթե ՔՊ-ն կարողանա ամսի 13-ին անցկացնել որոշումը ավագանու նիստում, միեւնույն է՝ չի կարողանալու այն իրականություն դարձնել։ Ոչ թե որովհետեւ այս կուսակցությունը կամ այն կուսակցությունն է խանգարելու, այլ երեւանցի՛ն թույլ չի տալու։ Տրանսպորտի թանկացման այս չակերտավոր «ռեֆորմը» չեք մարսելու, ընկերներ, դա ես ձեզ խոսք եմ տալիս։

Եվ ինչպես տասնմեկ տարի առաջ, այնպես էլ հիմա դիմելու ենք քաղաքացիական անհնազանդության բոլոր միջոցներին՝ հրաժարվելու ենք վճարել ձեր ուզած գներով, մարդկանց մեր մեքենաներով տեղ ենք հասցնելու։ Այնպես, ինչպես 150 դրամների մեր նախորդ պայքարի ժամանակ։ Եվ ի դեպ, կոչ եմ անում Ալեն Սիմոնյանին եւ Նիկոլ Փաշինյանին, որ ինչպես 2013 թվականին եկան ու միացան իմ ու ընկերներիս կազմակերպած ընդվզմանը, այնպես էլ հիմա գան եւ միանան։ Ու եթե էն ժամանակ իրենց անձնական համեստ մեքենաներով էին, հիմա կարող են «S» դասի Մերսեդեսներով ու BMW-ներով գալ։ Հա, մեկ էլ ձեր ախռաննիկների մեքենաները բերեք, գործ շատ ա լինելու։ Ժողովրդի մասին էիք, չէ՞, մտածում։ Կարծում եմ, բոլորի համար պարզ է, որ արդեն՝ ոչ։

Հիմա։ Քանի որ արդեն տենում եմ, որ «Հանրային ձայն» ֆրակցիայի ապահոված քվորումի շնորհիվ ՔՊ-ն էլի է ամենայն հավանականությամբ կարողանալու ինձ զրկել մանդատից, ապա մի քանի խոսքով դիմեմ ավագանու խմբակցություններին։

«ՔՊ»։ Ձեր գնացքը իսկապես գնացել է։ Դուք, այս տարիներին ինչ խոստացել եք, չեք կատարել, իսկ հաճախ՝ միանգամայն հակառակն եք արել։ Գոռացել եք՝ Արցախը Հայաստան է, իսկ այսօր վախենում եք անգամ Արցախի անունը տալ։ Գոռացել եք՝ «ժողովուրդը տուգանքի մատերիալ չի», ու անհիմն թանկացումներ եք բերել ու շարունակում եք բերել։ Գոռացել եք «ժողովրդավարության բաստիոն», ու տեղական ինքնակառավարման հերն անիծում եք։ Օրինակները բազմաթիվ են՝ Ալավերդի, Վանաձոր, Գյումրի, Երեւան եւ այլն։ Գոռացել եք «խաղաղության դարաշրջան», ու էսօր մեզ բոլորիս հասցրել եք գոյաբանական աղետի առաջ։ Ձեր բոլոր օրակարգերը սնանկ են դուրս եկել, դուք այլեւս անելիք չունեք։

«Հանրային ձայն»։ Ձեր ֆրակցիայի հետ էլ է մեծ հաշվով ամեն ինչ պարզ է։ Ինչպես արդեն ասել ենք, քաղաքական մանիպուլյատորների կյանքը 40 օր է։ Պետք չէր ՔՊ-ին վերարտադրեիք, որ այսօր այս ողորմելի վիճակի մեջ չհայտնվեիք։

«Հանրապետություն» կուսակցությանը դիմելն անիմաստ է։ Միայն ուզում եմ հասկանալ, թե ինչպես է հարգված իրավապաշտպան Արտակ Զեյնալյանը քվեարկելու այս խայտառակ հակադեմոկրատական որոշմանը։

Հիմա դիմում եմ մեր ֆրակցիային՝ «Ազգային առաջընթացին»։ Սիրելի ընկերներ, հարազատներ ջան։ Գիտեմ, որ էմոցիոնալ վիճակի մեջ եք, երկար քննարկում ենք ունեցել մեր վերջին նիստի ժամանակ։ Ուզում եմ ասել, որ ամենակարեւորը՝ մենք միասնական ենք ու անկոտրում։ Եվ դրա համար էլ խնդրում եմ ձեզ, հորդորում եմ, շարունակեք կրել երեւանցու կողմից մեզ տրված մանդատը ամենայն պատասխանատվությամբ ու նույն սկզբունքայնությամբ։ Մենք մեր դիրքերում ենք, մեր պայքարը շարունակվելու է եւ մենք անպայման հաջողելու ենք։ Որովհետեւ մեր գործը արդար է, եւ մենք ազնիվ ենք մեր ժողովրդի առաջ։

Շնորհակալ եմ։ Լավ եղեք, եւ Աստված մեզ բոլորիս պահապան։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829